Ո՞ւմ է պատժելու ԱՄՆ դեսպանատունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի հետ:

Մի պարբերություն, սակայն, ինձ բավականին տարօրինակ թվաց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:

Նախ չգիտեմ, թե ո՞վ է Միացյալ Նահանգների վրա առաքելություն դրել պայքարելու ողջ աշխարհում կոռուպցիայի դեմ՝ մեսիականության դրսեւորումները, ում կողմից էլ դրանք ի հայտ գան՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, թե որեւէ այլ երկրի, ինձ առանձնապես դուր չեն գալիս, որովհետեւ ոչ մի պետություն այդ առումով կատարյալ չէ: Բայց դա՝ մի կողմ: Պարզ չէ, թե ո՞ւմ նկատի ունի դեսպանատունը, երբ խոսք է գնում «հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց» մասին:

Իմ տպավորությամբ՝ նման «սեւ գործով» զբաղվել է մի քանի հազար մարդ: Նրանց մի մասին մենք պայմանականորեն անվանում ենք «թաղի խուժան», իսկ իրականում նրանք իշխանությունից մեծ կախում ունեցող մանր սեփականատերեր են, ինչպես նաեւ նրանց մոտ ժամանակ առ ժամանակ «մի փոր հացի փող աշխատող» գործազուրկներ. քաղաքացիների այդ կատեգորիան դժվար թե հայտ ներկայացնի՝ մասնակցելու ԱՄՆ դեսպանության ծրագրերին եւ միջոցառումներին: Այլ հարց են դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները, որոնք «ավանդաբար» մասնակցում են ընտրակեղծիքներին: Նրանք երբեմն, հավանաբար, մասնակցում են ինչ-որ ծրագրերի եւ այդ առումով կարող են սպառնալիքի թիրախ դառնալ: Բայց այդ հազարավոր մարդիկ` «խուժանն» ու ուսուցիչները ներառյալ, ի վերջո, մի ամբողջ 20 տարի «յուղած» մեքենայի պտուտակներ են: Չգիտեմ՝ որքանով է ճիշտ նրանց «պատժելը»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս