Բաժիններ՝

Հայաստանը՝ անօրինական փողերի համար գրավիչ երկիր

Global Financial Integrity (GFI) միջազգային հետազոտական կազմակերպությունը հրապարակել է «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2004-2013» զեկույցը: Ըստ դրա` 2013թ. ՀՀ-ից անօրինական ֆինանսական հոսքերի ծավալը կազմել է 1 մլրդ 848 մլն դոլար, որը 2012 թ. համեմատ` ավելի է 563 մլն դոլարով:

Ընդ որում, տարեցտարի այս ցուցանիշը միայն աճում է և նվազման միտում չկա: Իսկ 10 տարիների ընթացքում ՀՀ-ից արտահոսքը կազմել է 9 մլրդ 833 մլն դոլար: Համաշխարհային այս աղյուսակում 149 երկրների շարքում Հայաստանը 70-րդ տեղում է` տարեկան միջինը 983 մլն դոլար արտահոսքի ցուցանիշով: Ուշագրավ է, որ մեր հարևան Վրաստանից և ՌԴ-ից անօրինական կապիտալի արտահոսքը վերջին տարիներին հետզհետե կրճատվում է, մասնավորապես` Վրաստանում 2011-ի 1 մլրդ 479 հազար դոլարի դիմաց` 2013-ին գրանցվել է 1 մլրդ 190.000 դոլար, իսկ նույն տարիներին ՌԴ-ում` 183.5 մլրդ դոլարից նվազել է` մինչև 120.3 մլրդ դոլար:

vahagn XachatryanՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ որպես գրավիչ երկիր` ֆինանսական անօրինական հոսքերի համար: Ընդ որում, ըստ նրա, եթե 2003-2012 թթ. արտահոսքի տարեկան միջինը 842 մլն դոլար էր, 2004-2013-ին 983 մլն է. «Սա նշանակում է, որ մենք` փոխանակ միջոցներ ձեռնարկենք, որ այս անօրինական ֆինանսական հոսքերը կրճատվեն, ընդհակառակը` ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված, որպեսզի այդ անօրինական կապիտալի արտահոսքն իրականացվի»:

Վ.Խաչատրյանի խոսքով` այն, որ Չինաստանն ու Ռուսաստանը կապիտալի անօրինական արտահոսքի ծավալով աշխարհի առաջատարն են, պայմանավորված է նրանց մեծությամբ: Այդ երկրներն անհամեմատ մեծ են, Չինաստանից տարեկան միջինը 154 մլրդ դոլար է, ՌԴ-ից` 105 մլրդ, բայց եթե զուտ ՀՆԱ-ի հետ համեմատենք, ապա ՀՀ-ի տարբերությունը նրանցից բավականին փոքրանում է, և ՀՀ-ն մոտենում է այդ երկրներին. «Բացարձակ արժեքով մենք 70-րդ տեղում ենք, Չինաստանն ու ՌԴ-ն առաջին տեղում են, բայց ՀՆԱ-ով մոտ ենք: ՀՀ իշխանությունը կամ ֆինանսական պատասխանատուներն այս տարիների ընթացքում որևիցե քայլ չեն արել, որպեսզի այս անօրինական ֆինանսական հոսքերի ծավալը քչանա, կամ դրանք վերանան»:

Վ.Խաչատրյանը նշեց, որ երկրորդ խնդիրն է առաջանում, որովհետև այսօր աշխարհում ամենամեծ խնդիրը դարձել է ահաբեկչության ֆինանսավորումը, և այդ անօրինական ֆինանսական հոսքերը կարևոր են հենց այդ առումով, որովհետև, եթե մինչ այս այդ թվերը շատ մեծ ուշադրության չէին արժանանում, ապա այժմ իրավիճակը փոխվում է, և դրան լուրջ ուշադրություն են դարձնում, քանի որ ահաբեկչական կազմակերպությունների հիմնական ֆինանսավորումը հենց այդ աղբյուրից է, անկառավարելի, անօրինական ֆինանսական հոսքերի միջոցով է տեղի ունենում:

Վ.Խաչատրյանի կարծիքով` սա մեկ այլ խնդիր կառաջացնի ներդրումների առումով, որովհետև, ի վերջո, հիմա ավելի լուրջ հսկողության տակ կհայտնվի Հայաստանը և, եթե ինչ-որ սահմանափակումներ կան, օրինակ` տեղական ընկերությունն արտասահմանյան ընկերության հետ 20 հազար դոլարից ավելի գործարք է կնքում, այն վերահսկվում է, իսկ սա բիզնեսին միշտ ոչ հաճելի վիճակի մեջ է դնում, նույնիսկ այն բիզնեսին, որը խնդիր չունի և ֆինանսական փոխանցումներն օրինական է կատարում, բայց հիմա ամեն անգամ գործարք կատարելուց Հայաստանը` որպես այդ ցուցակում «առաջադեմ» տեղ ունեցող, կհայտնվի խիստ հսկողության տակ, և չի բացառվում, որ այս նիշը կիջեցնեն 15 կամ 10 հազար դոլարի:

«Մի խնդիր էլ կա, որը վերաբերում է ոչ թե ներդրումներին, այլ մեր ֆինանսական կառույցների կողմից դրսից լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելուն: Երբ 2 տարի առաջ ՀԱԿ խմբակցությունն առաջին անգամ ահազանգեց` այս փաստաթղթի հետ կապված, իշխանության ներկայացուցիչները, ԿԲ-ն հայտարարեցին, որ դա հնարավոր չի, որ այդտեղ ինչ-որ բացթողում, անհամապատասխանություն կա, որ իրենք կճշտեն, պարզաբանումներ կտան, բայց այդպես էլ մինչև հիմա որևէ պարզաբանում չի եղել: GFI կազմակերպությունը գտնվում է ԱՄՆ-ում, զեկույցում ներկայացնում է մեթոդոլոգիան, և բոլոր պետական պաշտոնյաները, վերլուծաբանները կարող են նայել ու պարտավոր են բացատրություն տալ: Ի՞նչ է նշանակում, որ ՀՀ-ում տարեկան միջինը 983 մլն դոլարի չափ անօրինական հոսքեր են տեղի ունենում»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Նա նշեց, որ ՌԴ-ում օգոստոսին մի ուսումնասիրություն է հրապարակվել, ըստ որի` 15 տարիների ընթացքում անօրինական կապիտալի մուտքը եղել 1 տրլն 900 մլրդից ավելի, արտահոսքը կազմել է 1 տրիլիոն 300 մլրդ, այսինքն` այս անօրինական հոսքերի հետևանքով 600 մլրդ մնացել է Ռուսաստանում: «Բոլորին շատ տարօրինակ է թվում, որ այսքան անօրինական միջոցներ են գոյանում ՀՀ-ում, բայց այն, ինչ տեսնում ենք մեր շրջապատում, այդ շքեղությունը, հատկապես պաշտոնյաների մոտ, և երբ ուզում ենք հասկանալ տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, հնարավոր չի լինում: Սա այն է, ինչ կոչվում է ստվեր, փողերի լվացում: 3-4 տեսակ գործունեություններ կան, որ ահռելի եկամուտ են բերում ու չեն հարկվում: Ա՛յ, սա դա է, և որի հետևանքով տնտեսության մեջ բոլոր համամասնությունները խառնվում են, և տնտեսական հարաբերությունները չեն գործում: Եվ երբ ասում են` մրցակցություն, այս դեպքում մրցակցություն հնարավոր չէ, որովհետև այն մարդիկ, ովքեր ներգրավված են այս գործարքների մեջ, նրանց հետ մրցելն անհնար է: Բացի նրանից, որ հովանավորվում են իշխանության կողմից, նաև նման լուրջ ռեսուրսների են տիրապետում, որը հետագայում դառնում է նաև քաղաքական լուրջ գործիք, լծակ»,- ասաց Վ.Խաչատրյանը:

RPA (HHK) MP Gagik Minasyan gives a press conference in Henaran press clubՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին GFI-ի զեկույցը զարմացնում է: «Ի՞նչ է նշանակում` անօրինական ֆինանսական արտահոսքեր: Ես չգիտեմ` ինչ է նշանակում՝ անօրինական: Այսինքն` օրենքներով սահմանված կարգով շրջանցո՞ւմ են»,- մեզ հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց նա: Մինասյանը հարցնում է` ինչո՞ւ պետք է զարտուղի ճանապարհով դուրս բերեն ֆինանսները, եթե ըստ էության արգելք չկա: Նա նաև հարցնում է` եթե այդ գումարը ստվերային է, ապա անօրինական է, բայց եթե դուրս է գալիս, այդտեղ անօրինականության էլեմենտը ո՞րն է: «Ֆինանսական հոսքերն ինչո՞ւ պետք է վերահսկվեն: Տնտեսվարողներ են, աշխատում են, ինչո՞ւ պետք է վերահսկվեն, ինչի՞ մասին է խոսքը»:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հ/կ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով` տարեցտարի անօրինական ֆինանսական հոսքերի աճը զգալի է: Ըստ նրա, հնարավոր է, որ այս ցուցանիշի մեջ ներառված է նաև բիզնեսների տեղափոխումը ՀՀ-ից այլ երկրներ: «Օրինակ` այժմ խոսակցություններ կան, որ «Գրանդ քենդի» ընկերությունն է հեռանում Հայաստանից, և անուղղակի կերպով այս երևույթը կարող է կոռուպցիայի հետևանք լինել: Կապիտալ տեղափոխում են նաև օլիգարխները, որոնք այլ երկրներում բիզնեսներ են հիմնում: Թե ո՞ւմ շնորհիվ են այս հոսքերն աճել, դժվար է հասկանալ: Դրա մի մասը նաև ստվերային տնտեսության հետևանքն է: Իհարկե, այդ աճի մեջ կոռուպցիոն բաղադրիչ կա, բայց թե ո՞ր չափով, դա տնտեսագետների խնդիրն է»:

Ըստ Վ. Հոկտանյանի` զեկույցից հետևությունները բավականին ոչ միանշանակ են, որովհետև այդ ցուցակում կան երկրներ, օրինակ` Վրաստանը, որտեղից 2013-ին արտահոսքը ՀՀ-ից քիչ է եղել, բայց տարիներ շարունակ ավելին էր, անգամ Սահակաշվիլիի իշխանության օրոք, բայց այնտեղ ներդրումներն ավելի շատ էին եղել. «Այսինքն` միանշանակ ասել, որ շատ մեծ գումար է դուրս գալիս, դրա համար են ներդրումները քիչ, ճիշտ չէ: Կան երկրներ, որտեղից արտահոսքը մեծ է, բայց ներդրումները նույնպես քիչ չեն: Դա բազմաթիվ գործոններից է կախված: Երբեմն ներդրողներն իրենք էլ են մտնում կոռուպցիոն գործարքների մեջ: Միանշանակ է մի բան, որ երկիրը սրա հետևանքով աղքատանում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս