Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հռչակվել է ազգի առաջնորդ
Տաջիկստանի խորհրդարանը հաստատել է «Խաղաղության և միասնության հիմնադրի ու ազգի առաջնորդի մասին» օրենքը, որը պաշտոնապես երկրի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին հռչակում է տաջիկների ցմահ առաջնորդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պատգամավորները վստահեցնում են, որ Ռահմոնը միանգամայն արժանի կերպով է հռչակվել ազգի առաջնորդ՝ «փրկչի պատմական առաքելության իրականացման և ժողովրդի առաջ մեծ արժանիքներ գործելու համար»:
Մինչ այդ, ընդդիմադիրները ենթադրում են, որ նոր օրենքը ընդամենը հերթական քայլն է երկրի նախագահին ցմահ նախագահ հայտարարելու ուղղությամբ:
Համաձայն նախօրեին ընդունված օրենքի՝ Էմոմալի Ռահմոնը կստանա իմունիտետ քրեական հետապնդումներից, կերաշխավորվի նրա անձեռմխելիությունը, կտրամադրվի բնակարան, կենսաթոշակ, ծառայողական տրանսպորտ անգամ նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո:
Օրենքի ընդունման օգտին քվեարկել են Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի բոլոր՝ 63 պատգամավորները:
Նիստը տևել է մի քանի ժամ: Խորհրդարանականներն անգամ հրաժարվել են իրենց առաջարկված ընդմիջումից, որպեսզի հասցնեն հանդես գալ հայտարարությամբ, որը վկայում է նոր օրենքի անհրաժեշտության մասին, կարդան բանաստեղծություններ ու գովաբանեն Ռահմոնի արժանիքները:
63-ամյա Ռահմոնը 1992 թվականից Տաջիկստանի նախագահն է: