Ներկայացվեցին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման ծրագրի շրջանակում հրատարակված գիրք-ալբոմները
Երեւանի «Միրզոյան» գրադարանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Surb Gevorg Cathedral. որմնանկարներ», «Սայաթ Նովա. քնարերգություն», եւ «Քարթլիի թագուհի Շուշանիկը» գիրք-ալբոմների շնորհանդեսը, որին ներկա էին մշակույթի եւ արվեստի գործիչներ, գրադարանների եւ գրախանութների ղեկավարներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Գիրք-ալբոմները հրատարակվել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման ծրագրի շրջանակում:
«Ի սկզբանե գրքերը տպագրվել էին՝ եկեղեցու վերակառուցման ծրագրի դոնորներին նվիրելու համար, սակայն IDеА հիմնադրամը որոշեց, որ որոշ քանակություն կնվիրենք Երեւանի եւ մարզային հիմնական գրադարաններին, որոշ քանակություն էլ կլինի գրախանութներում: Հարկ է նշել, որ բոլոր երեք գրքերն էլ խորհրդանշում են այն ընդհանուր մշակութային արժեքները, որոնք միավորում են հայ եւ վրաց ժողովուրդներին»,-ընդգծեց IDеА հիմնադրամի փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը:
«Այս գրքերի հրատարակությունը կարեւոր էր, եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ դրանց տպագրության համար: Գրքերը կարդալիս՝ համոզվել եմ, որ մեր հարաբերություններում փոխադարձ սերը, փոխըմբռնումն ու միմյանց սատարելն այլընտրանք չունի: Ինձ նաեւ հաճելի է, որ հատկապես «Քարթլիի թագուհի Շուշանիկը» գրքում ներկայացված են պատանի նկարիչների աշխատանքները»,- նշեց Հայաստանում Վրաստանի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Նինո Ապցիաուրին:
«Քարթլիի թագուհի Շուշանիկը» գիրք-ալբոմը նվիրված է Վարդան Մամիկոնյանի դստեր՝ սուրբ Շուշանիկի վարքաբանությանը, ով լինելով վրաց բդեշխ Վարսքենի կինը, անցնում է այն բոլոր փորձությունների ու տառապանքների միջով, որ կրում էին քրիստոնյա Հայաստանն ու Վրաստանը՝ իրենց հավատի ու ինքնության պահպանման ճանապարհին:
Գիրք-ալբոմի հեղինակների առաջարկով՝ Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի, Վրաստանի Է. Գորգաձեի անվան մանկական պատկերասրահի սաներն ու Արցախի պատանի նկարիչները սուրբ Շուշանիկի կյանքի պատմությունը ներկայացրել են գույների ու նկարների միջոցով, որոնք էլ տեղ են գտել ալբոմում:
Բավականին յուրօրինակ մոտեցում է դրսեւորվել «Սայաթ Նովա. քնարերգություն» ալբոմի դեպքում. նկարազարդման միջոցով գրքում «ստեղծվել է» հին Թիֆլիսի մթնոլորտը:
Երրորդ՝ «Surb Gevorg Cathedral. որմնանկարներ» ալբոմում ներառված են Սուրբ Գեւորգ տաճարի որմնանկարները, որոնք պատկանում են Հովնաթանյանների տարբեր սերունդների, Գեւորգ Բաշինջաղյանի, անհայտ այլ նկարիչների վրձնին եւ իրավամբ կարելի է համարել հայկական մոնումենտալ գեղանկարչության արժեքավոր նմուշներից:
«Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման ծրագրի շրջանակում վերականգնվել են նաեւ որմնանկարները, եւ դրանցով հնարավոր է հիանալ ոչ միայն այցելելով Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճար, այլ ձեռք բերելով որմնանկարների ալբոմի այս շքեղ ու յուրօրինակ հրատարակությունը: Բարձրորակ ալբոմների հրատարակությունն իրականացվել է հայ, վրացի, ռուս եւ անգլիացի խմբագիրների եւ դիզայներների համատեղ ջանքերով, եւ մենք շնորհակալ ենք բոլորին՝ նրանց ներդրման համար»,-ասաց IDеА հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու, գրքերի հրատարակության ծրագրի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը:
Որմնանկարների ալբոմը հրատարակվել է չորս լեզվով՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն, մյուս երկու ալբոմները եռալեզու են՝ հայերեն, վրացերեն եւ ռուսերեն: Գիրք-ալբոմները հրատարակվել են «Նուշիկյան պրինտ» տպագրատանը:
Գիրք-ալբոմների շնորհանդեսն առաջիկայում կկազմակերպվի նաեւ Թբիլիսիում:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժին