Վարչապետի տարեվերջյան մեսիջները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ծավալուն ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում, երբ քվեարկության էր դրվում 2016 թվականի պետբյուջեի նախագիծը։ Թերևս առիթ ունեցել եք կարդալ վարչապետի ելույթի ամբողջական տեքստը կամ լսել այն։ Ամեն դեպքում, մենք փորձել ենք 4-5 էջանոց այդ ելույթից առանձնացնել մի քանի կարևոր մտքեր և ներկայացնում ենք դրանք ձեր դատին։ Ահա այն հիմնական «մեսիջները», որոնք վարչապետը փորձում էր տեղ հասցնել ԱԺ ամբիոնից։
Մենք իրատես ենք
Վարչապետն իր ելույթը սկսել և ավարտել է տնտեսական աճի ցուցանիշի մասին խոսելով։ Այն համատեքստում, որ հաջորդ տարվա համար 2.2% տնտեսական աճի կանխատեսումը ոչ թե սեփական ծրագրերի նկատմամբ անվստահության կամ տապալման մասին է վկայում, այլ իրատեսության։ «Իհարկե, կարելի է ունենալ այլ մարտավարություն` ամրագրել տնտեսական աճի շատ ավելի հավակնոտ նիշ, իսկ հետո փորձել հիմնավորել, թե ինչու հնարավոր չեղավ այն իրականացնել»,- ասում է Հ. Աբրահամյանը` պատասխանելով այն քննադատություններին, որ տնտեսական աճը պետք է ավելի բարձր լիներ։
Նա ասում է, որ բյուջետային քննարկումների ժամանակ եղել է այդպիսի մոտեցում` տնտեսական աճը բյուջեում կանխատեսել ոչ թե 2.2 տոկոս, այլ հայտարարել ավելին։ «Բայց իմ մոտեցումներն անփոփոխ են` իրավիճակի ճշմարիտ, առանց գունազարդումների ներկայացում` միաժամանակ նախանշելով մեր տեսլականն ու առաջնահերթությունները, երկրի կարևորագույն քաղաքական հարթակում հնարավոր զարգացումների վերաբերյալ ազնիվ և անկեղծ երկխոսություն ժողովրդի, քաղաքական ուժերի, պատգամավորների հետ»։
Իր ելույթի վերջում Հ. Աբրահամյանը կրկին խոսել է այս մասին` մեջբերելով Չերչիլին. ««Յուրաքանչյուր խելացի մարդ միշտ կարող է կազմել հաղթական ծրագիր, բայց մեկ պայմանով` եթե ինքը չէ այդ ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն»։ Այս խոսքերը ես հիշեցի, երբ բյուջեն ներկայացնելուց հետո այն սկսեցին քննարկել տարբեր հարթակներում, և հնչում էին գնահատականներ, թե կարելի էր ավելի հավակնոտ բյուջե ներկայացնել և տնտեսական առավել մեծ աճի ցուցանիշ ամրագրել։ Այո՛, ամեն ինչ էլ կարելի էր գրել և ասել, եթե դու չես դրա պատասխանատուն և եթե դու չես լինելու ասվածի և հետո այդպես էլ չարվածի կրողը»։
Մի խոսքով, վարչապետը փորձում է ասել հետևյալը` ավելի լավ է` քիչ ասենք, շատ լինի, քան շատ ասենք` հետո ընկնենք կրակը։ Ինչպես այս տարի, երբ հակառակ բոլոր տնտեսական կանխատեսումներին` կառավարությունն այդպես էլ չվերանայեց տնտեսական աճի իր կանխատեսումը և ստիպված եղավ ահագին տքնել` ապացուցելու համար, որ տնտեսությունն ապահովել է 3.5% աճ։
Մենք անմեղ ենք, աշխարհն է մեղավոր
Ամեն դեպքում, վերը նշված տողերից երևում է, որ վարչապետը լուրջ մտավախություններ ունի` տնտեսական հնարավոր զարգացումների հետ կապված։ Ու փորձում է դա պայմանավորել նախևառաջ արտաքին գործոններով։ «Ներկայիս արտաքին մարտահրավերները, ի տարբերություն 2008-2009 թվականների մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական են։ Իսկ դա նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի և հաշվարկելի։
Այդ պատճառով է, որ միջազգային հեղինակավոր կառույցները համարում են, որ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է, քան ոչ վաղ անցյալի ֆինանսական ճգնաժամի տարիներին։ Այս պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան նոր իրավիճակին համահունչ դարձնելու համար ճշգրտումներ մտցնել մեր որդեգրած տնտեսական բարեփոխումներում»,- ասում է վարչապետը` նշելով, որ այդ իսկ պատճառով կառավարությունը կվերանայի մինչև 2025թ. տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը, որ հաստատվել էր 2014թ. մարտին։
Չկասկածեք տնտեսական աճի ցուցանիշին
Ինչպես նշեցինք, կառավարությունն ահռելի ջանք ու եռանդ ներդրեց` 2015-ի համար 3.5% տնտեսական աճ ապահովելու համար։ Ապահովեցին։ Սակայն պարզվեց, որ այդ ցուցանիշին շատ քչերն են հավատում, և գուցե նույնչափ ջանք էլ պետք է ներդնել` համոզելու համար, որ աճն իրական է։ Վարչապետն իր ելույթում մեկ անգամ ևս փորձել է դա անել։ Նա նշում է, որ ճիշտ է` տարվա ընթացքում արձանագրված բացասական զարգացումները չէին կարող ազդեցություն չունենալ բնակչության սպառման վրա, որի հետևանքով առևտուրը տասն ամսվա գնահատականներով շուրջ 5 տոկոսով նվազել է։
Բայց… միևնույն է` տնտեսությունն աճել է։ Ընդ որում, աճը ոչ թե նկարվել է կամ ստացվել պատահաբար, այլ «գրանցվել է ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կարևոր ծրագրերի և առաջնահերթությունների շեշտադրման, ոչ ստանդարտ լուծումներ պարունակող` կառավարության քայլերի շնորհիվ»։ Ու եթե այդ քայլերը չարվեին, տնտեսությունն անխուսափելիորեն անկում կունենար (ինչի մասին խոսում էին հոռետեսները)։
Բայց կառավարության շնորհիվ` «Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դրսևորել է կենսունակության իր ներուժը և 9 ամիսների արդյունքում երկրում գրանցվել է 3.5 տոկոս ՀՆԱ-ի աճ։ Ավելին, գյուղատնտեսության աճն էլ (որի շնորհիվ է հիմնականում ապահովվել տնտեսական աճի ցուցանիշը) գրանցվել է ոչ թե ինքնաբերաբար կամ եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ, այլ կրկին` կառավարության ջանքերով։ Հատկապես ուզում եմ շեշտել գյուղատնտեսության աճը։ Միգուցե ոմանք փորձեն այն բացատրել միայն բարենպաստ եղանակային պայմաններով։ Սակայն դա ճիշտ չէ։ Ճիշտ չէ անտեսել ներդրումները, ճիշտ չէ անտեսել նորանոր վերամշակող գործարանների գործարկումը, ճիշտ չէ անտեսել ոռոգվող հողերի տարեցտարի ավելացող քանակը»։
Մեղադրեք ինքներդ ձեզ
Ու ստացվում է` հաջողությունների համար պետք է շնորհակալություն հայտնել կառավարությանը, իսկ անհաջողությունների դեպքում գտնել սեփական մեղքը։ Օրինակ` ԵՏՄ անդամակցության հետ կապված ակնկալիքների փոշիացման համար։ «Հաճախ հարցեր են հնչում կառավարությանը, թե ինչո՞ւ մենք լիարժեք չենք օգտվում ռուսական շուկայում ստեղծված արտահանման նոր հնարավորություններից, ինչո՞ւ մեր արտահանումը ՌԴ չի ավելանում։ Չպետք է մոռանալ, որ կառավարությունը չէ, որ արտահանում է։ Դա մասնավորի գործառույթն է։ Կառավարության խնդիրն է` ստեղծել անհրաժեշտ գործիքներ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ, աշխատել հայրենական արտադրողի հետ, և մենք դա անում ենք»,- ասում է Հ.Աբրահամյանը։ Ամենաուշագրավն այն է, որ միևնույն ժամանակ` կառավարության ղեկավարը մատնանշում է մասնավոր հատվածի բացերը և «խորհրդատվություն» մատուցում` ինչպես շտկել վիճակը։
«Նոր հնարավորությունների ստեղծման պահին մեր արտադրողները չունեին բավարար ներուժ, պատրաստ չէին արագ արձագանքել և ապահովել արտադրանքի ծավալների մեծացումը։ Պետք է խելամիտ ժամանակահատվածում փոխել արտադրանքի տեսականին և գնային քաղաքականությունը` լինի դա գյուղմթերք թե արդյունաբերական արտադրանք, և պետք չէ սպասել ակնթարթային հաջողությունների,- ասում է վարչապետն ու միտքն ավարտում լավատեսական նոտայով,- Այդ հաջողությունները կգան, երբ մենք ձեռք ձեռքի տված սովորենք միմյանց օգնելով` շարժվել ժամանակի պահանջներին համահունչ»։
Դուք սկսել եք ավելի լավ ապրել
Այս մեսիջն անուղղակիորեն ուղղված է ազգաբնակչությանը։ Համեմատել աշխատավարձի և գների աճը ու դա ներկայացնել` որպես բարեկեցության աճ։ Այդ մոտեցումը մշտապես ակտուալ է եղել, և տարեվերջյան իր ուղերձում վարչապետը մեկ անգամ ևս դիմեց դրա օգնությանը։ «2015 թվականի սեպտեմբեր ամսին միջին անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 185 հազար դրամ, արդյունքում` 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 7.2 տոկոսով, երբ նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 4.7 տոկոս։ Այսպիսով, իրական` այսինքն` գնաճի ազդեցությունից զտված աշխատավարձերը, անգամ հաշվի առնելով կենսաթոշակային հատկացումները, փոքր-ինչ աճել են, երբ մեր տարածաշրջանի բազմաթիվ պետություններում իրական աշխատավարձերը գրանցել են անկում»,- ասում է Հովիկ Աբրահամյանը։
Սա նշանակում է, որ միջին վիճակագրական հայաստանցին, ում հիմնական եկամուտն աշխատավարձն է, տարվա ընթացքում սկսել է ավելի լավ ապրել։ Նրա գնողունակությունն աճել է 2.5 տոկոսային կետով։ Այդպե՞ս է դա, թե՞ ոչ` թողնենք յուրաքանչյուրի հայեցողությանը։ Փոխարենը` մենք էլ մեկ այլ զուգահեռ անցկացնենք։ Այս տարվա հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը եղել է 184.6 հազար դրամ կամ 390 դոլար` այսօրվա փոխարժեքով։ Նախորդ տարվա հոկտեմբերին աշխատավարձը եղել է 173.5 հազար դրամ կամ 422 դոլար` այն ժամանակվա փոխարժեքով։ Այնպես որ, եթե դոլարային արտահայտությամբ դիտարկենք, ուրախանալու ոչինչ չկա։
Մի մոռացեք նախկիններին, երբ խոսում եք վարկերից
Միգուցե այս մեսիջը ոչ այնքան ճիշտ ենք հասկացել, սակայն ամեն դեպքում ձևակերպումը նման բան մտածելու տեղիք տալիս է։ Ի՞նչ է ասում Հովիկ Աբրահամյանը. «Անդրադառնամ նաև վարկերին։ Հաճախ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով թևավորված, ոմանք քննարկում են կառավարությանը հատկացված վարկերի թեման։ Լսելով նրանց` տպավորություն է ստեղծվում, որ երկարատև բանակցությունների արդյունք հանդիսացող վարկային ծրագրերը, որոնք տարիներով մշակվել են, այս կառավարությունը միանգամից նախաձեռնեց ու մեկ-երկու ամսում ստորագրեց։ Իրականությունն այլ է. այդ վարկերը քննարկվում և համաձայնեցվում են տևական ժամանակ, քանի որ լուծում են տասնամյակների հեռանկարի խնդիրներ»։
Սա նշանակում է, որ վարկերը ստացվում են` գործընթացը սկսվելուց ամիսներ, անգամ տարիներ հետո։ Իսկ դա իր հերթին` նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի օրոք (հատկապես վարչապետության առաջին տարում) ստացված վարկերի հիմքը գցվել է դեռ Տիգրան Սարգսյանի օրոք։ Այնպես որ, եթե ներկայիս կառավարությանը մեղադրում եք վարկեր վերցնելու համար, մի մոռացեք նաև նախկինին։ Թեպետ մյուս կողմից` Հովիկ Աբրահամյանն իր հաջորդ մեսիջով ընդհանրապես անտեղի է համարում նման քննադատությունները։
Վարկ վերցնելը հպարտանալու առիթ է
Խոսելով վարկերի մասին` վարչապետը դրանք բաժանել է երեք խոշոր խմբերի` տարածքային հավասարաչափ զարգացում ապահովող վարկեր, ենթակառուցվածքային վարկեր, և վարկեր, որոնց նպատակն աջակցությունն է բյուջեին (կամ` ընթացիկ ծախսերը փակելու համար վերցվող վարկեր)։ Վարկերի հետ կապված` քննադատությունները հիմնականում հնչում են հենց երրորդ խմբի մասով։ Այսինքն` շատերը չեն ողջունում այն մոտեցումը, որ կառավարությունը հարյուրավոր միլիոն դոլարներ է վերցնում` ընթացիկ ծակուծուկերը փակելու համար։ Դրանք զարգացում չեն ապահովում և ծանրանում են հարկատուների ուսերին։ Ահա այդ երրորդ խմբի վարկերի ու դրանց հետ կապված քննադատությունների մասով վարչապետն ասում է.
«Այդ արտոնյալ վարկերը որևէ միջազգային կառույց, հենց այնպես, առանց բարեփոխումների ծրագրերի, չի հատկացնում։ Այսինքն, այդ վարկերը ոչ թե կառավարությանն ուղղված փրկօղակ են, այլ ապացույց` կատարվող ռազմավարական բարեփոխումների նկատմամբ հավատի առկայության։ Եվ նրանց նպատակը ոչ թե բյուջետային փոսեր լցնելն է, այլ այդ բարեփոխումների իրականացմանն աջակցելը»։
Մի խոսքով, երբ մեզ պարտք են տալիս, պետք է ոչ թե տխրել, այլ ուրախանալ։ Որովհետև դա ոչ թե նշանակում է, որ «նեղն ենք» և փողի կարիք ունենք, այլ՝ որ ռազմավարական բարեփոխումներ ենք իրականացնում։ Կամ` հավատ ունենք այդ բարեփոխումների նկատմամբ։ Ի՞նչ տարբերություն. կարևորը` ցանկացած նոր վարկի մեջ պետք է փնտրել և գտնել լուսավոր կետեր։