Բաժիններ՝

«Հաջողությունն արված աշխատանքի հետևանք է միայն, բայց ոչ երբեք՝ նպատակ». Սոնա Հովհաննիսյան

2015 թվականը «Հովեր» պետական կամերային երգչախմբի համար գերհագեցած տարի էր։ Երգչախումբը ոչ միայն հանդես եկավ մի շարք հեղինակավոր երաժշտական փառատոներում, աշխարհի ամենահայտնի բեմերից ոգեկոչեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ներկայացավ հռչակավոր երաժիշտների հետ ու իր երգացանկում կատարեց հատուկ «Հովերի» համար գրված նրանց աշխատանքները, այլև հասցրեց հանդիսատեսի դատին հանձնել իր նոր` թվով 7-րդ ձայնասկավառակը` «23 խմբերգ»-ը, որ ներառում է թվով 20 ժամանակակից հայ հեղինակների, Կոմիտաս և Սյունի։ Արդեն ավարտվող տարին երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանն ամփոփեց «168 Ժամի» հետ զրույցում։

– 2015-ին մենք այնպիսի տարի գրանցեցինք, որի վերապրումը մեր մեջ դեռևս լիովին չի կատարվել` եղանք 9 երկրներում, մասնակցեցինք բարձրակարգ միջազգային թվով 8 փառատոների, այդ թվում` «Բեթհովենի», «Մուստոնոնի» «Սիոնի», Կաննի «Միդեմ» փառատոնը, «Սյուդ տիրոլ» փառատոնը, և այլն։ Լիտվիայում և Վաշինգտոնում մասնակցեցինք նաև մի քանի էկումենիկ պատարագների, համերգային ծրագրերով հանդես եկանք այնպիսի հեղինակավոր դահլիճներում, որ, եթե տարվա մեջ գոնե մեկ այդպիսի դահլիճում եղած լինեինք, դա արդեն մեծ ձեռքբերում պետք է լիներ երգչախմբի պատմության համար, այնպիսին, ինչպիսին է` Վաշինգտոնի «Սթրեթ Մորի» դահլիճը, Վարշավայի Թագավորական դղյակը, Նյու Յորքի «Քարնեգի հոլ» սրահը, Բրամսի դահլիճը և այլն։

– Ինչո՞վ եք բացատրում հենց 2015 թվականի բուռն գործունեությունը, արդյոք դա որևէ կապ ունի՞ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ։

– Իհա՛րկե կապ ունի։ Մեր համերգները պայմանավորված էին առաջին հերթին` հենց Մշակույթի և խմբերգային երաժշտության 100-ամյակի ծրագրի ներկայացմամբ։ Անշուշտ, այս տարվա ծրագրերում մեր նախաձեռնությամբ ևս համերգներ եղան։ Նշեմ նաև, որ տարեսկզբին մենք թողարկել էինք մեր թվով 7-րդ ձայնասկավառակը` «23 խմբերգ»-ը։ Այս տարի մեզ համար մեծ պատիվ էր մասնակցել նաև օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի` Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի աշխատանքներին, որի համար Լիպարիտ Ավետիսյանի մենակատարմամբ ձայնագրել ենք Կոմիտասի «Գոհանամք» պատարագից մի հատված։ Այս տարին առանձնացավ նաև նրանով, որ հատուկ մեր երգչախմբի ոգևորությամբ գրվեց նոր ստեղծագործություն` Քշիշտոֆ Պենդերեցկու 3-րդ «Սաղմոսը», որի պրեմիերան կայացավ «Քարնեգի հոլում», այնուհետև ստեղծագործությունը հեղինակի ներկայությամբ հնչեց նաև Կաննի «Միդեմ» փառատոնում։

Կարդացեք նաև

maxresdefault

– Ի՞նչ գնահատական տվեց Պենդերեցկին «Հովերի» կատարմանը։

– Ինքը նույնիսկ չէր էլ սպասում, որ մենք կգտնենք ստեղծագործության ճիշտ տեմպերը, որովհետև նոտաներն ուղարկելուց դրանք չէր նշել։ Մեզ զարմացած հարցրեց` ո՞նց եք հասկացել, որ հենց այսպես էր պետք կատարելգ Հասկանում էինք, որ ինքն էլ շատ զբաղված էր, որովհետև այդ ստեղծագործության նոտաները մենք իրենից ստացել ենք թերթ առ թերթ, ու պատկերացրեք, որ «Քարնեգի հոլի» ելույթից առաջ այդ ստեղծագործության ընդամենը մեկ ընդհանրական փորձ ենք ունեցել` այդպիսի մեծ ռիսկի էինք գնացել։

Ասեմ, որ ինքը` Պենդերեցկին, հատկապես հիացած էր «Սաղմոսի» մենակատար Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ, ասաց` վստահաբար գիտեի, որ այսպես է կատարվելու այս ստեղծագործությունը ձեր կողմից։ Գիտե՞ք, երբ երգչախումբը հրավիրում են ինչ-որ տեղ համերգի, դա, իհարկե, և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող, ինչ-որ տեղ` նույնիսկ քեզ լավ ես զգում, որ արժանացար նման գնահատանքի, բայց մեր սպասելիքները բոլորովին գերազանցվեցին, երբ Պենդերեցկին մեզ հրավիրեց իր տուն, ընդ որում` ամբողջ երգչախմբին։ Նա մասնավոր հրավերով մեզ հյուրընկալեց իր տանը, ցույց տվեց ընտանեկան ալբոմներն ու հատկապես իր հայազգի տատիկի` Եվգենյա Շիլկիևիչի լուսանկարները։ Տպավորիչ էր, որ ողջ հյուրընկալության ընթացքում ինքն այդ փաստը մի քանի անգամ ու առանձնակի հպարտությամբ շեշտեց։

– Ինչպե՞ս է կայացել «Հովեր» երգչախմբի և Քշիշտոֆ Պենդերեցկու հետ կապը։

– Ես հենց այդ մասին էի ուզում ասել, որ շատ երախտապարտ եմ «Երևանյան հեռանկարներ» փառատոնին, որովհետև այդ շրջանակներում մենք այնպիսի ծանոթություններ ձեռք բերեցինք ու այնպիսի հեղինակավոր երաժիշտների հետ շփվելու պատիվ ունեցանք, որ ուղղակի բառերով նկարագրելու չէ։ Երգչախմբի ստեղծագործական կյանքի զարգացման համար այս առնչություններն ուղղակի աներևակայելի ազդեցություն են թողել։

– Ինչո՞վ եք պայմանավորում «Հովերի» այսօրինակ հաջողությունների գաղտնիքը։ Ի վերջո, Դուք հանդես եք գալիս աշխարհի հանրահայտ բեմերում, ժամանակակից դասական երգարվեստում հայտնի հեղինակավոր երաժիշտների հետ։ Ինչ-որ մի գաղտնիք պետք է, չէ՞, լինի։

– Ես որևէ նպատակ չունեմ, բացի մեկից` ամեն ինչ անել լավագույն որակներով հանդես գալու համար։ Ուրիշ որևէ այլ նպատակ ես երբևէ չեմ ունեցել։ Ես երբեք հաջողությունն ինձ համար նպատակ չեմ դարձրել, հաջողությունն արված աշխատանքի հետևանք է միայն, բայց ոչ երբեք` նպատակ։ Ընդ որում` կա՛մ գալիս է այդ հետևանքը, կա՛մ չի գալիս, դրան սպասել էլ պետք չէ։ Կլինի՞` փառք Աստծո, չի՞ լինի` ուրեմն սա ազդակ է, որ պետք է ձգտել ավելիին, զարգացնել նոր գաղափարներ, գտնել նոր ճանապարհներ, և այլն։

Օրինակ, առաջիկա տարում ես մեծ ուրախությամբ պետք է նետվեմ մի նոր նախագծի մեջ, որ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո ջազ խմբի հետ ենք ուզում իրականացնել` «Գիշերաբանությունը»։ Ես գիտեմ, որ հայկական երաժշտության այս կարգի պրոֆեսիոնալ դրսևորում դեռևս արված չէ և կարող է շատ մեծ հետաքրքրություն առաջացնել։

– Կարծիք եմ լսել, որ ժամանակակից արվեստի զարգացման տենդենցները կապված են ազգային մշակույթի, այնտեղ եղած էթնիկ տարրերի և ժամանակակից, մոդեռն ստանդարտների բարեհաջող միքսով։ Ի՞նչ եք Դուք մտածում այս մասին։

– Իսկ ի՞նչ է մոդեռնը։ Իմ խորին համոզմամբ` դա արվեստում երիտասարդ մնալու մի ձև է…

– Իսկ արվեստում ծերանո՞ւմ են…

– Օրինակ՝ ես իմ այսօրվա տարիքից շատ գոհ եմ, որովհետև հաջողությամբ ազատվել եմ բնության կապող կապանքներից։ Իմ կյանքը հիմա կարծես կրկնվող հոլովակ լինի։ Ես արդեն հանդիպել եմ բազմաթիվ երևույթների, որոնց հետ հիմա էլ առօրյա կյանքում պարբերաբար բախվում եմ ու հրաշալիորեն գիտեմ, որ այն, ինչն ինձ համար կարող էր ժամանակին ողբերգություն լինել, հիմա արդեն վերապրված մի բան է, ես դրանցից արդեն չեմ հուզվում, նույնիսկ ժպտում եմ այդ «ողբերգություններին» դեմ առ դեմ դուրս գալուց։ Եվ իսկապես, խմբավարի մասնագիտությունը միայն կյանքի երկրորդ կեսին է բացահայտվում քեզ համար, այն դեպքում, երբ, ասենք, սպորտսմեններն ու բալետային պարուհիներն իրենց կարիերան ավարտում են շատ վաղ, մեր մասնագիտությունն իր լիարժեք հասունությանն է հանգում կյանքի ուշ փուլերում։ Մեր մասնագիտության համար անհրաժեշտ կուտակումները, փորձառություններն ու որակը մենք ստանում ենք միայն ու միայն կյանքի երկրորդ կեսին։

maxresdefault (1)

– Լսել եմ, որ եկող տարվա «Հովերի» գրաֆիկը ևս խիստ հագեցած է լինելու։

– Այո, եկող տարի հունվարին մենք Կամերային երգչախմբի հետ համատեղ ներկայացնելու ենք կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի ստեղծագործությունները, փետրվարին մեզ համար շատ կարևոր ու լուրջ համերգ եմ ծրագրել` ընդամենը չորս ստեղծագործության համերգ, որոնք, սակայն, մեծածավալ են` Գուստավ Մալերի խմբերգերից մեկը, որի նոտաները հասել են մեզ, ու ես արդեն աշխատում եմ դրա վրա, Ռաու Տավարայի մեծ խմբերգը, Պենդերեցկու «Սաղմոսը» և մեր հայ հեղինակներից որևէ մեկի գործերից (դեռ երկընտրանքի առաջ եմ, չեմ կարող հստակ անունն ասել)։ Ես ուզում եմ, որ համերգի սկզբից հնչի բանաստեղծական նյութը, այնուհետև նրան հաջորդի երաժշտական կատարումը։ Փետրվար ամսվա համար ահա այսպիսի ծրագիր ունեմ։

Մարտ ամսին Վիեննայում մենահամերգի տեսքով փառատոնային մասնակցություն ենք ունենալու։ Փառատոնը, ի դեպ, շատ հետաքրքիր կոնցեպցիա ունի, այստեղ ներկայացվում է խնդիր` երաժշտախմբերի միջոցով ներկայացնել սեր, հույս և կասկած։ Այս վերջինը` կասկածը, մեր ժամանակակից երաժշտության ամբողջ նյութն է և պետք է անպայման դրսևորվի մեր մենահամերգի ժամանակ։ Վիեննայի ծրագիրը շատ կարևոր է ինձ համար, և ես աշխատում եմ դրա վրա, որ այն լինի պատշաճ և հետաքրքիր։ Այստեղ, կարծում եմ, կհնչի Արթուր Ավանեսովի «Կիրիեն», որ դեռ երբեք չի հնչել ու, ի դեպ, նաև շատ բարդ գործ է, շատ ջանք է պահանջում, և մենք պետք է դա հաղթահարենք։ Դա էլ մեր մարտն է` ի՞նչ արած։ Եկող տարի ամբողջ երգչախմբով կունենանք նաև դեպի Գերմանիա ուղևորություն, իսկ տարեվերջին կուղևորվենք Մեքսիկա։

– Որքանո՞վ եք կարևորում հայ հեղինակների կատարումների ընդգրկումը «Հովեր» երգչախմբի ծրագրում։

– Ա՜յ, լավ հարց էր։ Հունվարին ես` որպես ժյուրիի անդամ, ընդգրկված եմ Կոնսերվատորիայի մեկնարկած մի ծրագրում, որտեղ կներկայացվեն մինչև 35 տարեկան տեղացի և արտերկրում բնակվող հայ կոմպոզիտորների գործերը։ Ունենք 8 մրցանակ, որ կտրվեն լավագույններին, որոնց ստեղծագորոծությունները եկող տարվա ապրիլ-մայիս ամիսներին պետք է բեմ բարձրացնենք։ Պատկերացրեք` ինչ խանդավառություն է հիմա, բոլորը նստած աշխատում են ու գիտեն, որ, եթե իրենց աշխատանքը ճանաչվի լավագույնը, ապա կմտնի «Հովերի» երգացանկ։ Առհասարակ, մենք միշտ լիուլի անդրադարձել ենք հայ հեղինակներին, նույնիսկ` առանձին համերգներով, և դա մեր ծրագրի պարտադիր մասն է կազմում։

– Երգչախումբն արդեն մի քանի տարի պետական ստատուս ունի։ Այս հանգամանքն ինչ-որ բան փոխե՞լ է կոլեկտիվի ներքին կյանքում։

– Երգչախումբը 23 տարեկան է, և ընդամենը 6 տարի է, որ մենք պետական կարգավիճակ ունենք։ Թեև այն տարիներին, երբ այս ստատուսը չունեինք, պակաս ջանասիրությամբ չենք աշխատել, թեև որակները լրջորեն փոխվեցին, երբ մենք արդեն ունեցանք պրոֆեսիոնալ կազմ։ Արդեն երեք տարի է, ինչ մենք` հանձին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, ունենք մշտական հովանավոր։ Իհարկե, սրանք առաջնային բաներ չեն, բայց շատ կարևոր են այնքանով, որ թեթևացնում են ստեղծագործողի կյանքն ու ավելի կենտրոնացնում բուն աշխատանքի վրա։

Sona.-hover-webjpg

Իմիջիայլոց, և՛ Մշակույթի նախարարությունը, և՛ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը խմբի ներքին ստեղծագործական կյանքի մեջ որևէ տեսակի պարտադրանքներ կամ ստիպողական ներխուժումներ չեն ունենում։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մեզ այնպիսի ազատություն է տվել, որ ուղղակի նախանձել կարելի է։ Այդ է պատճառը, որ ես հիմա կարողանում եմ լավագույն ուժերին ներառել երգչախմբի կազմ, փոփոխություններ կատարել, անընդհատ զարգացող միջավայր ստեղծել, և այլն։

– Ասում են` Դուք շատ խիստ եք…

– Եթե Դուք տեսնեք, թե ինչ է կատարվում մեր փորձերի ընթացքում, երբեք այդպես չեք մտածի… երևի որևէ խմբավար չի հանդուրժի այն քննադատությունը, որ ամեն օր իմ գլխին է թափվումգ…

– Երգչախմբի անդամների՞ կողմից…

– Այո՛, չեք հավատում, չէ՞, բայց այո՜, այն ուղղումները, նկատողությունները… թեև ես հոյակապ գիտակցում եմ, որ այնպիսի բարձրակարգ երաժիշտների հետ եմ աշխատում, ովքեր այդ իրավունքն ունեն, ես եմ իրենց տվել այդ իրավունքը` քննադատել ինձ։

– Փաստորեն, ձեզ մոտ դեմոկրատիկ կարգեր են…

– Իհարկե, այն օրը, որ ես կփորձեմ որևէ մեկի բերանը փակել, մենք այլևս չենք կարողանա աշխատել։ Միմյանց խնայելով` որակի հարցում երբեք առաջ չես գնա, ի վերջո, ես հո չե՞մ կարող բարձրանալ ու բացատրել` հանդիսատե՛ս, հանդիսատե՛ս, մենք մեր ներսում այսօր ունենք այս կամ այն խնդիրները։ Այդպես չի լինում։

Ի վերջո, իմ տարիքը հիմա այնպիսին է, որ ես սխալվելու իրավունք գրեթե չունեմ արդեն։ Երիտասարդ տարիքում շատ ավելի խուլիգան էի և ինձ թույլ էի տալիս անել այն, ինչ ուզում եմ։ Ճիշտ է` հոգուս խորքում ես նույն խուլիգանն եմ մնացել, չնայած, որ ակադեմիական երաժշտության հետ եմ աշխատում, և այս շրջանակներում է իմ ծավալած հիմնական գործունեությունը, բայց հավատացեք, ես երկար չեմ կարողանում դիմանալ այդ շրջանակի մեջ և անպայման մի անկարգություն անում եմ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս