Բաժիններ՝

Հանրաքվեի կեղծումը ոտնահարում է հայ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը. «Նոր Հայաստան»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը, վերլուծելով նոր Սահմանադրության ընդունման գործընթացը և ամփոփելով դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում գրեթե բոլոր ընտրատեղամասերում կատարված բազմաթիվ կոպիտ ու բացահայտ ընտրախախտումների վերաբերյալ Ընդդիմության միասնական շտաբի, քաղաքական և հասարակական այլ կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների, լրագրողների և քաղաքացիների տրամադրած արժանահավատ փաստերը, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական հանրաքվեի անվան տակ իրականում տեղի է ունեցել քաղաքացիների ընտրական իրավունքի համակարգված ոտնահարում:

«Նոր Հայաստան»-ի Քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն արդեն սովորական դարձած ընտրությունների կեղծումից, սերժսարգսյանական վարչախմբի այս վերջին ոտնձգությունը վերաբերում է ոչ թե առանձին կուսակցությունների, քաղաքական գործիչների ու սոցիալական խմբերի քաղաքական և քաղաքացիական իրավունքներին, այլ ամբողջ հայ ժողովրդի և Հայաստանի բոլոր քաղաքացիների ինքնորոշման իրավունքին, կատարվածը դիտում է որպես համայն հայության ներկա և ապագա սերունդների դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Ստեղծված բախտորոշ իրավիճակում Հայրենիքում ու արտերկրում ապրող բոլոր հայերին և Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում բռունցքվել ու միասնական ճակատ կազմել հայոց պետականությունը կազմաքանդող վարչախմբի դեմ՝ զորավիգ լինելով հանուն ազգի ազատ ինքնորոշման իրավունքի Երևանի Ազատության հրապարակում պայքարող մեր հայրենակիցներին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս