Սերժ Սարգսյանը բացում է խաղաքարտերը

Ինչպիսի՞ պետություն է Հայաստանը և ինչպիսի՞ պետություն է ցանկանում լինել 1,5 կամ 15 տարի հետո: Թե ինչպիսին է Հայաստանն այսօր, նկարագրելու կարիք առանձնապես չկա. ձևական ժողովրդավարություն, արդարադատության բացակայություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, մենաշնորհներ, աղքատություն, արտագաղթ… սրանք ընդամենը մի քանիսն են այն բնորոշումների երկար ցանկից, որոնցով, դժբախտաբար, բնութագրվում է այսօրվա Հայաստանը: Բայց որևէ մեկը չգիտի այն հարցի պատասխանը, թե ինչպիսի՞ պետություն է ցանկանում լինել Հայաստանը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Այդ հարցի պատասխանը չունի հասարակությունը, որը «լավ պետություն» հասկացությունը հիմնականում նույնացնում է «կուշտ կյանքի» հետ, այդ հարցի պատասխանը չունի ընդդիմությունը, որի ներկայացուցիչների համար «լավ պետությունն» այն է, որտեղ իշխանության ղեկին իրենք են, և ամենակարևորն ու ամենավտանգավորը՝ այդ հարցի պատասխանը չունի գործող իշխանությունը, որը սահմանադրորեն ու նաև չգրված օրենքներով պարտավոր է ունենալ պետության զարգացման տեսլական: Լավ կամ վատ՝ քննարկման այլ նյութ է:

Տվյալ դեպքում խոսքը որևէ տեսլական չունենալու մասին է, որը Հայաստանի քաղաքական վերնախավը, ավելի ճիշտ՝ անվանապես այդ վերնախավի տեղը զբաղեցրած մարդիկ ու մարդկանց խմբերը, չունեն: Դրա համար գրեթե բոլոր ոլորտներում Հայաստանը շարժվում է բառացիորեն «յոլա գնալու» սկզբունքով. կառավարությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ, խորհրդարանը սպասարկում է այդ հայեցակարգ չունեցող կառավարությանը, նախագահը համակարգում է անհայեցակարգ կառավարության ու խորհրդարանի գործունեությունը, պետական կառավարման մյուս համակարգերն էլ ծառայում են առանց հայեցակարգի գործող իշխանության թևերին: Խոսքը, հասկանալի է, զանազան ճոռոմ նախադասություններով համեմված «ռազմավարությունների», «զարգացման ծրագրերի» ու այլ փաստաթղթերի մասին չէ, որոնց պակաս մեր պետական կառավարման մարմինները չունեն:

Ավելին՝ դրանք ունենալու համար ծախսում են տասնյակ միլիոնավոր դրամներ: Խոսքը, կրկնում ենք. այնպիսի հայեցակարգի կամ ռազմավարության մասին է, որը, ըստ էության, բովանդակային, արժեքային առումով կտա հարցի պատասխանը, թե դեպի ո՞ւր է գնում Հայաստանը՝ որպես պետություն:

Դժվար է ասել՝ որքանո՞վ էր այս հարցին պատասխանում նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 8-ին իշխանության վերնախավի առաջ ունեցած ելույթը, որը նվիրված լինելով սահմանադրական փոփոխություններին՝ պարունակում էր հետևյալ միտքը. «Մյուս բոլոր քայլերն էլ ենք միասին անելու ու միասին ենք մեր սերունդներին թողնելու արդյունավետ պետություն»:

Կրկնում ենք, դժվար է ասել, սա ընդամենը հերթական ելույթի հերթական նախադասությո՞ւն է, թե՞ գուցե նպատակադրում, որն իր առջև դրել է Սերժ Սարգսյանը: Անկախ դրանից, սակայն, «արդյունավետ պետություն» արտահայտությունն արժանի է ուշադրության, եթե անգամ դա ելույթում օգտագործվել է՝ ընդամենը որպես գեղեցիկ ձևակերպում: Անգամ այդ դեպքում, դա առնվազն ենթագիտակցական մակարդակում վկայում է այն տեսլականի մասին, որ ունի իշխանությունը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե երկրի ղեկավարի մակարդակով:

Կարելի է տասնյակ հիմնավորումներ ու փաստարկներ բերել առ այն, թե ինչ է իրենից ներկայացնում «արդյունավետ պետությունը», կարելի է համոզել, որ արդյունավետ պետությունն այն պետությունն է, որտեղ հանրային ռեսուրսներն ու բարիքներն օգտագործվում են առավելագույն արդյունավետությամբ՝ նույն հանրության կյանքն առավել անվտանգ ու բարեկեցիկ դարձնելու համար: Սակայն արդյո՞ք արդյունավետ պետությունն այն հանգրվանն է, որին պետք է ձգտի Հայաստանը, կամ որին ձգտելը կարող է ապահովել հանրային ու պետական կյանքի կազմակերպման ավելի բարձր մակարդակ: Հազիվ թե:

Պետությանը որևէ մակդիր կպցնելով՝ որոշակի «տեսլական» ձևակերպելու քայլը նորություն չէ Հայաստանում: Առաջին անգամ նման բան արել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր նախագահության առաջին ժամկետում, երբ որպես նախընտրական կարգախոս՝ օգտագործեց «կազմակերպված պետություն» արտահայտությունը: Պաշտոնավարման առնվազն առաջին ժամկետում այդ արտահայտությունը դարձավ նրա գործունեության ուղենիշը՝ բառի թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով:

Այն ժամանակ Քոչարյանի ընդդիմախոսների մեծ մասը հակադրվում էր այս կարգախոսին՝ պնդելով, որ կազմակերպված կարող է լինել հանցավոր խմբավորումը, մաֆիան, բայց ոչ երբեք՝ պետությունը: Քոչարյանը, սակայն, անշեղորեն իրականացրեց «կազմակերպված պետության» իր թեզը՝ պայմանականորեն ասած՝ կազմակերպելով այն ամենայնը, ինչ հնարավոր էր կազմակերպել: Որպես «կազմակերպիչ»՝ Քոչարյանը, ի դեպ, բավական հաջողակ գտնվեց. պարզապես նա ամեն ինչ կազմակերպում էր ոչ միայն կամ ոչ այնքան՝ պետության, որքան՝ սեփական իշխանության դիրքերն ամրապնդելու համար:

Արդյունքում՝ կազմակերպվեց ու միանգամայն համակարգային տեսք ստացավ այն, ինչն ավելի ուշ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անվանեց քրեաօլիգարխիկ համակարգ: Քոչարյանը Հայաստանի քաղաքական դաշտում գործող գրեթե բոլոր կուսակցությունները «կազմակերպեց» այնպես, որ դրանց մեծ մասը կազմալուծվեց՝ բաժանվելով մի քանի մանր կուսակցությունների, կամ ընդհանրապես դադարեցրեց իր գոյությունը:

Քոչարյանը դատաիրավական համակարգը «կազմակերպեց» այնպես, որ անգամ կենցաղային որևէ վեճի շուրջ դատարանի որոշումները կայացվում էին նախագահական նստավայրի հետ համաձայնեցնելուց հետո միայն: Արտաքին քաղաքականությունը նա կազմակերպեց այնպես, որ Հայաստանը «կազմակերպված» կերպով դարձավ Ռուսաստանի ֆորպոստը՝ վերջինիս հանձնելով գրեթե բոլոր ռազմավարական ենթահամակարգերն ու կառույցները: Քոչարյանի՝ «կազմակերպված պետության» թեզի իրագործման արդյունքում Հայաստանին հասցված վնասների շարքը կարելի է երկար շարունակել, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:

Թե ինչ կլինի Հայաստանի հետ «արդյունավետ պետություն» թեզի իրագործման արդյունքում, դժվար է ասել: Բայց Սերժ Սարգսյանն իր նախագահության մեկուկես ժամկետների ընթացքում հասցրել է իրականացնել այնպիսի քայլեր, որոնք անուղղակիորեն առնչվում են «արդյունավետությանը», սակայն կապ չունեն պետության հետ, ավելին՝ իրենց էությամբ դեմ են պետությանը: Մասնավորապես, Սերժ Սարգսյանին հաջողվել է ստեղծել իսկապես արդյունավետ հսկայական կուսակցական համակարգ, որը ներառում է Հայաստանի՝ առանց բացառության՝ բոլոր բնագավառները, ու հասարակության՝ գրեթե առանց բացառության, բոլոր շերտերը: Անցած տարվա ապրիլին ՀՀԿ 15-րդ համագումարի իր ելույթում Սերժ Սարգսյանն ասում էր. «Հանրապետական կուսակցությունը մեր երկրի ամենամեծ և հոծ հասարակական կառույցն է, որը ներկայացված է բոլոր բնակավայրերում և ներկա է բնակչության բոլոր` նույնիսկ ամենափոքր խմբերում:

Սա հզոր բնական հնարավորություն է Երևանում հնչեցված գաղափարներն ու ծրագրերն ամենուր հասցնելու, մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ դրանք ստուգելու, քննելու և հարստացված հետ բերելու համար: Սա լավագույն մեխանիզմն է նաև մեր հասարակության բոլոր շերտերին հուզող հարցերը կուսակցական խողովակով բյուրեղացնելու, մշակելու և իրականացվող քաղաքականության հարթություն հասցնելու համար: Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի՝ ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ»:

Այս սկզբունքը կամ ծրագիրը Սերժ Սարգսյանն իրագործել է գրեթե կատարելապես. Հայաստանում «շարժվող» որևէ գոյացություն՝ անհատ, մարդկանց խումբ, բիզնես միավոր և այլն, կամ ուղղակիորեն ՀՀԿ-ական է, կամ որևէ կերպ կապված է ՀՀԿ-ի հետ:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ստեղծել է կուսակցական մի համակարգ, որն իր բովանդակությամբ, գործառույթներով գրեթե հավասարազոր է պետական կառավարման համակարգին և, ըստ էության, հանդես է գալիս՝ որպես պետական համակարգին այլընտրանքային, և այսօր՝ ավելի կենսունակ համակարգ: Ի դեպ, եթե համեմատենք Քոչարյանի իշխանության հետ, ապա պետք է արձանագրել, որ Քոչարյանի իշխանության տարիներին պետությանն այլընտրանքային համակարգն օլիգարխիկ համակարգն էր, ներկայումս՝ դա կուսակցական համակարգն է, որն իր մեջ ներառում է նույն օլիգարխիկ համակարգը: Եվ երբ այս՝ կուսակցական կուռ համակարգն այսչափ կայացնելուց հետո Սերժ Սարգսյանը խոսում է «արդյունավետ պետության» մասին, կարելի է ենթադրել, որ սահմանադրական փոփոխություններից հետո համակարգային տրանսֆորմացիան թևակոխում է նոր փուլ՝ կուսակցական համակարգը՝ պետական համակարգի, կամ կուսակցությունը՝ պետության հետ նույնացնելու փուլ: Հենց այս երևույթն է ընկած սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսների այն փաստարկի հիմքում, որ նոր Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը ստեղծում է կուսակցապետություն:

Իրականում պետությունը պետք է լինի ոչ թե կազմակերպված կամ արդյունավետ, այլ օրինական, ինչը ենթադրում է, որ հանրային կյանքի կազմակերպման ու կենսագործունեության հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրության ու օրենքների անվերապահ կատարումը: Հայաստանում Սահմանադրությունն ու օրենքները միայն ֆորմալ նշանակություն ունեն, քանի որ իրականում քաղաքական, տնտեսական ու մնացած հարաբերությունները կարգավորվում են միանգամայն այլ նորմերով ու կանոններով: Իսկ քանի դեռ Սահմանադրությունն ու օրենքները չեն դարձել հանրային կյանքի կազմակերպման հիմնաքարը, Հայաստանի յուրաքանչյուր ղեկավար փորձելու է կառուցել այնպիսի մակդիրներով պետություն, որը հարիր կլինի իր ճաշակին ու կուսակցական առաջնահերթություններին: Ինչպես Չարենցն էր ասում՝ Հայոց լեզուն-ճկուն է և բարբարոս:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս