Ինչպես երևանցիները տապալեցին հանրաքվեն
Չզարմանաք` խոսքը հենց պաշտոնական ցուցանիշների մասին է։ Այո, ձեզանից շատերը միգուցե արդեն հասցրել են տեղեկանալ, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` հանրաքվեին մասնակցած երևանցիների 52.92 տոկոսը (ընտրության մասնակցած 392119 երևանցիներից 207507-ը) «Այո» է ասել սահմանադրական փոփոխություններին։
Սակայն ամբողջ հմայքը նրանում է, որ միայն դա բավարար չէ։ Կա երկու պայման։ Ըստ օրենքի, հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։
Առաջին պայմանը Երևանը բավարարել է` ընտրողների 52.92%-ը կողմ է քվեարկել։ Իսկ երկրորդ պայմանը չի բավարարվել։ Երևանում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 845893 է, ինչը նշանակում է, որ ԱՅՈ է ասել նրանց 24.5%-ը։ Տեսականորեն, եթե ամբողջ հանրապետության մասշտաբով գրանցվեր մայրաքաղաքի արդյունքը, ապա Սահմանադրության նոր նախագիծը չէր անցնի։ Սա պայմանավորված է երևանցիների` հանրաքվեին համեմատաբար ցածր մասնակցությամբ (46.36%)։
Հիշեցնենք, որ ըստ երեկ ԿԸՀ-ի կողմից հրապարակված արդյունքների` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2566782 քաղաքացիներից «Այո» է քվեարկել 825622-ը։ Սա հավասար է մասնակիցների 63.35%-ին կամ ընտրելու իրավունք ունեցողների 32.16%-ին։ «Ոչ» քվեարկել են 421593 հոգի (32.35%), անվավեր է ճանաչվել 53323 քվեաթերթիկ։ Ինչպես երևում է աղյուսակ 1-ից, «այոական չեմպիոնը» Վայոց ձորի մարզն է. այստեղ սահմանադրական փոփոխություններին կողմ են քվեարկել հանրաքվեին մասնակցած անձանց 78.5%-ը։ Վայոց ձորին հաջորդում են Արարատի (77.93%), Գեղարքունիքի (76.57%) և Արմավիրի (72.89%) մարզերը։
Ամենից քիչ ձայն «Այո»-ն հավաքել է Շիրակի մարզում (52.02%) և Երևանում։
Հատկապես երևանցիներին միշտ հետաքրքրել է, թե ինչպիսին են արդյունքները` ըստ առանձին վարչական շրջանների։ ԿԸՀ-ն արդյունքները հրապարակում է` ըստ ընտրատարածքների, որոնք կարող են մտնել միանգամից մի քանի վարչական շրջանների մեջ։ Մենք առանձին դիտարկել ենք մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ընտրատեղամասերի արդյունքները և հաշվել` որ թաղամասում հանրաքվեն ինչ արդյունքներ է ունեցել։
Ինչպես տեսնում եք աղյուսակ 2-ում, առավելագույն «Այո»-ներ ապահովել են Նուբարաշեն (61.73%), Դավիթաշեն (60.95%) և Մալաթիա-Սեբաստիա (59.64%) վարչական շրջաններում։ 12 վարչական շրջաններից 4-ում «Այո»-ն պարտվել է։
Աջափնյակում սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ քվեարկել են հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 49.69%-ը, Էրեբունիում` 49.89%-ը, Արաբկիրում` 49.29%-ը։ Ամենից «խոշոր հաշվով» «այո»-ն պարտվել է Կենտրոնում, որտեղ հանրաքվեին մասնակցած 40822 քաղաքացիներից միայն 43.96 %-ն է «այո» քվեարկել։ Ի դեպ, հանրաքվեին փաստացի «ոչ» ասած վարչական շրջանների թվին պետք է դասել նաև Շենգավիթը։ Առաջին հայացքից` Շենգավիթում «Այո»-ն հաղթել է, քանի որ հավաքել է քվեարկությանը մասնակցած ձայների 54.59%-ը։ Սակայն հոդվածի սկզբում նշված պայմանին Շենգավիթը չի բավարարել։ Քվեարկության իրավունք ունեցող 114749 քաղաքացիներից 27340-ն է «այո» քվեարկել, որը կազմում է 23.8%։
Սրանք են հանրաքվեի այն հիմնական արդյունքները, որոնք այս պահին հասանելի են։ Դրանք հետագայում դեռևս կճշգրտվեն և վերջնական տեսքով կներկայացվեն։ Արդյունքը, իհարկե, չի փոխվի։ Պարզապես կվերացնեն մի քանի տեխնիկական թերություններ։ Օրինակ, շատ տեղամասերում «Այո», «Ոչ» և «Անվավեր» քվեաթերթիկների ընդհանուր գումարը պակաս է քվեատուփում առկա քվեաթերթիկների թվից։ Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ քաղաքացին եկել-գրանցվել է, սակայն փոշմանել և չի ընտրել կամ քվեաթերթիկն իր հետ տուն է տարել։ Մի խոսքով, ԿԸՀ մասնագետները դեռևս «կդզեն-կփչեն» այս մանր-մունր կնճիռները, որպեսզի բոլոր թվերը միմյանց համապատասխանեն։ Մի քանի հետաքրքիր ցուցանիշներ էլ նշենք, որոնք ստացվում են ԿԸՀ ներկայացրած արդյունքներից։
Այսպես, հանրապետության 1997 ընտրական տեղամասերից 564-ում ԱՅՈ-ն պարտվել է, այսինքն` հավաքել է 50%-ից քիչ ձայն։ Այդ թվում` Երևանի 471 ընտրատեղամասերից 247-ում ԱՅՈ-ն 50%-ից պակաս ձայն է հավաքել։ Սա նշանակում է, որ ընտրատեղամասերի մեծ մասում` 52.4%-ում, ԱՅՈ-ն պարտվել է, սակայն մնացած 47.6%-ում հաղթել է այնպիսի առավելությամբ, որ ապահովել է ընդհանուր Այո-ների անհրաժեշտ քանակը։
Մեկ այլ հետաքրքիր ցուցանիշ. հանրապետության 1997 տեղամասերից 177-ում ԱՅՈ-ն հավաքել է 90%-ից ավելի ձայն։ Ընդ որում, այդ 177 «ջախջախիչ» տեղամասերից Երևանին բաժին է ընկնում ընդամենը 8-ը։ Սա նշանակում է, որ ստալինյան ոճի քվեարկություն կազմակերպվել է հիմնականում մարզերում։
Կան նաև բացարձակ ռեկորդակիրներ։ Օրինակ, Արարատի մարզի Վարդաշատ գյուղում 143 ընտրողներից հանրաքվեին մասնակցել են 127-ը, որոնք բոլորը քվեարկել են սահմանադրական փոփոխությունների օգտին։ 100%-անոց «այո» են ապահովել ևս 10 տեղամասեր։
Ահա այսպիսի թվեր։