Բաժիններ՝

Եթե մեղավոր մարդը նահատակվի չարչարանքներով, նա անմիջապես սուրբ կդառնա՞

– Եթե մեղավոր մարդը նահատակվի չարչարանքներով, նա անմիջապես սուրբ կդառնա՞:

– Սրբությունը, ինչպես նաև կյանքին նպաստող ամեն հատկություն, Աստծու շնորհն է: Հովհաննես Ավետարանիչն ասում է. «Արդարև, Աստծու Որդու Արյունը սրբում է մեզ ամեն մեղքից» (Ա Հովհ. 1: 7): Մենք նույնիսկ նահատակությամբ սուրբ չենք դառնա: Փրկությունը մեղքից, դատաստանից, դժոխքից և գեհենից մեզ շնորհել է Քրիստոս Աստված, Իր անձնազոհությամբ: Չկա փրկության ուրիշ ճանապարհ. միայն Քրիստոսի հետ հաղորդությամբ. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ Ինձանով» (Հովհ. 14: 6): Նա Իր խաչելության նախորդ օրը զատկական սեղան նստեց Իր աշակերտների հետ, վերցրեց հաց և գինի, օրհնեց և տվեց նրանց, որ ճաշակեն` իրենց և շատերի փրկության համար (տես` Մատթ. 26: 26-30): Որովհետև մենք ապրում ենք և կյանք ունենք միայն Աստծու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի, հետ Սուրբ Հաղորդությամբ, և նա է մեր Կյանքը (տես` Հովհ. 6: 51-59):

Ուրեմն` մենք մեր ընտրությունը պետք է կատարենք, քանի դեռ ողջ ենք, երբ ունենք ժամանակ և հնարավորություն` հասնելու այս հրաշալի փրկությանը` բժշկությանը մեղքից և Աստծու Արքայության վայելումը Տեր Հիսուս Քրիստոսի հետ կենդանարար Սուրբ Հաղորդությամբ, որը Եկեղեցին կատարում է ամեն կիրակի` Սուրբ Պատարագի ժամանակ: Իսկ եթե մարդն իր կյանքի ընթացքում չի ունեցել հնարավորություն մկրտվելու և հաղորդվելու Քրիստոսի հետ, սակայն դավանել է Քրիստոսին որպես Տեր Աստված և Փրկիչ և այս հավատքով նահատակվել, ապա հենց այս հավատքն իր համար Աստված արդարություն և սրբություն կհամարի: Միայն հանուն Քրիստոսի նահատակությունն է, որ արժանի կանի այն մեծ Սրբությանը, որը կա Հիսուսի` մեր Փրկչի մեջ:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս