
Ֆլորենտինո Պերեսը «Ռեալ»-«Խետաֆե» խաղի ժամանակ հանդիպել է Ռոբերտ Լևանդովսկու գործակալի հետ

Ցեզարի Կուխարսկին Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի խաղի ժամանակ ներկա է գտնվել պատվավոր հյուրերի օթյակում:
«Ռեալի» պատվավոր հյուրերի օթյակում կարելի է ներկա գտնվել միայն հատուկ ակումբային հրավիրատոմսով. հենց այդպիսի հրավիրատոմս է տրվել Կուխարսկուն Մադրիդյան ակումբի կողմից: Ըստ AS-ի տեղեկության, օթյակում Ռոբերտ Լևանդովսկու գործակալը զրուցել է «սերուցքայինների» ղեկավարության ներկայացուցիչներ Ֆլորենտինո Պերեսի և Խոսե Անխել Սանչեսի հետ:
Ըստ նույն աղբյուրի՝ Լևանդովսկի պատրաստ է շարունակել կարիերան «Ռեալում», քանի որ հասկանում է, որ «Ռեալում» կլինի ուշադրության կենտրոնում և ավելի մեծ շանս կունենա նվաճելու անհատական այնպիսի պարգևներ, ինչպիսին, օրինակ, «Ոսկե գնդակն» է:
«Բավարիան» մտադիր է երկարաժամկետ պայմանագիր կնքել Ռոբերտ Լևանդովսկու հետ, չնայած այն բանին, որ նրա համաձայնագրի ժամկետը լրանում է 2019-ին: Մյունհենցիներն առաջարկում են լեհին տարեկան 10 մլն եվրո, այն դեպքում, երբ «Ռեալը» պատրաստ է վճարել տարեկան 12 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը