Բաժիններ՝

Արդյոք հնարավոր չէ՞ ապրել աշխարհիկ կյանքով և Աստծուն հաճելի լինել

– Արդյոք Աստծուն հաճելի՞ է ճգնությունը: Չէ՞ որ աշխարհից այդպես հեռանալով՝ մենք զրկվում ենք բարի գործեր անելու հնարավորությունից, չենք կարող սիրել ու ներել մարդկանց, ողորմություն տալ և այլն: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նրանք ապրեին մարդկանց մեջ և մեծ օգուտ տային, քանի որ մարդիկ, տեսնելով իրենց բարի գործերը, իրենց հավատը, դարձի կգային: Արդյո՞ք ճիշտ էին անում այս ճգնավորները: Արդյոք հնարավոր չէ՞ ապրել աշխարհիկ կյանքով և Աստծուն հաճելի լինել:

– Ճգնակեցությունը Աստծուն հաճելի լինելու համար չի արվել: ճգնակեցությունը միջոց է հոգու զորացման համար: Մենք այդ զորացած հոգիների շնորհիվ այսօր ունենք ողջ Աստվածաշնչի հստակ մեկնությունը, որի կարիքը խիստ ունենք բոլորս, որվհետև երբ կարդում ենք Աստվածաշունչը՝ հասկանում ենք ամեն բան այնպես, ինչպես թույլ են տալիս մեր մտքի սահմանները: Սակայն խոսքը Մեկ Ճշմարտության մասին է, իսկ յուրաքանչյուր մարդ իր ճշմարտության սպեկտրով է հասկանում Աստծո խոսքը, որն էլ բերում է հաճախ սխալ մեկնաբանությունների և ոչ ճիշտ ըմբռնումների: Իսկ ճգնակեցությամբ, մարմնականի նվազեցմամբ և հոգևոր բարձրացմամբ մեր Հայրերը մաքրագործվել են այնքան, որ կարողացել են տեսնել Աստծո լույսը. չէ՞ որ այդ Լույսը տեսնելու և ընկալելու համար պիտի բավականին պատրաստված լինես: Մենք այդ Լույսը ճանաչում և ընկալում ենք այնքան, որքան թույլ է տալիս մեր ներքին լույսը, իսկ Եկեղեցու Հայրերը զորացրել են իրենց, որպեսզի կարողանան ավելի լայն ընկալել Անսահմանը: Սակայն սա ճանապարհ է, որը չի վերաբերում բոլոր մարդկանց, սա ընտրություն է և այն ևս բարիքի է ծառայում՝ ո՛չ պակաս, քան մի աշխարհիկ մարդու ճանապարհը, ով իր կյանքում արարելով, բարիք գործելով և սովորական քրիստոնյայի կյանքով ապրելով, ևս բարիք է սփռում իր շուրջը և օրինակ հանդիսանում շատերի համար:

Օրհնությամբ` Տ. Ադամ քահանա Մակարյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս