«Չսպիացած վերքերով Գյումրին վեր է հառնում` նախանշելով հպարտ գյումրեցու անկոտրում կամքն ու արարելու ձգտումը»
Հարգելի գյումրեցիներ,
Տարիների չամոքվող վիշտ ու ավերածություններ պատճառած 88-ից անցավ 27 տարի: Քառորդ դարից ավելի հիշողությունը լի է ցավով ու կսկիծով, քանզի մեր քաղաքի պատմության ամենավշտալի էջը` Դեկտեմբերի 7-ը, դրոշմված է յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ:
88-ի ավերիչ երկրաշարժը միավորեց ոչ միայն հայերիս, այլև համաշխարհային մարդկությանը, ովքեր աղետից ժամեր անց արդեն մեր կողքին էին: Խոնարհվելով հազարավոր անմեղ զոհերի հիշատակի` այսօր մեր պարտքն է նաև երախտիքի խոսքն ուղղել նրանց, ովքեր ծանր պահերին օգնության ձեռք մեկնեցին գյումրեցուն և օգնեցին քաղաքի վերականգնմանն ու կառուցմանը:
Չսպիացած վերքերով Գյումրին վեր է հառնում` նախանշելով հպարտ գյումրեցու անկոտրում կամքն ու արարելու ձգտումը:
Սիրելի գյումրեցիներ, աղետի տարելիցի օրը, առավելապես գիտակցելով միասին մեր քաղաքը կառուցելու և շենացնելու բարձր պատասխանատվությունը, մաղթում եմ բոլորիս համբերություն, տոկունություն և անսասան կամք:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան