«Եթե արյուն պետք է լինի, պետք է նվազագույն լինի այդ արյան թափումը և պետք է քաղաքական արդյունք բերի». Րաֆֆի Հովհաննիսյան

«8-ից հետո կսկսի բուն հավաքը: Պարբերաբար տեղեկություն կստանանք եթերի միջոցով, հանձնաժողովի մեր անդամները կգան հրապարակ, իրենց զեկույցը կտան, կարծում եմ՝ ԿԸՀ-ի նախնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ՝ հայ ժողովուրդը կորոշի դրանից հետոյի գործողությունների վերաբերյալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե նախորդ անգամ՝ նախագահական ընտրությունների ժամանակ, մարդիկ հիասթափված տուն գնացին, պայքարը նահանջեց,  արդյոք հանրաքվեից հետո նորից նահանջելո՞ւ եք, Ր. Հովհաննիսյանը չհամաձայնեց, որ մարդիկ հիասթափված են:

«Հայ ժողովուրդը հիասթափված չէ, մարդիկ տեսան, որ իրենք շատ մոտ եկան անցյալ անգամ, կազմակերպչական որոշ խութեր կային, դրանից բոլորս դասեր ենք քաղել: Անընդհատ կրկնվում է՝ Ծիծեռանականբերդ և այլն, որը հեքիաթ է, ինձ համար դա անցած էտապ է, ասում են՝ լիդերները տուն ուղարկեցին, բայց ես համաձայն չեմ»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե այդքանից հետո իշխանափոխություն չարեցին՝ Ր. Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ինչպե՞ս: Շատ հեշտ է նման բաներ ասել: Կարծում եմ՝ առաջիկա օրերին այնքան կոփված պետք է լինեն, որ կարողանան մի քանի օր դիմանալ: Ես հույս ունեմ, որ պետք լինի՝ մարդիկ թեկուզ 24 ժամ այս ցրտին կմնան, ու նպատակին կհասնեն, բայց եթե մինչև վերջը նշանակում է, որ մի քաղաքացու թիկունքից մի սադրիչ պետք է մի ոստիկանի սպանի, կամ մի ոստիկանի հետևից մի օտար խումբ պետք է մեր քաղաքացիներին խփի, դա մինչև վերջ չէ:

Ես էլ եմ ուզում իշխանափոխություն՝ խաղաղ եղանակով, հավելյալ թաղումներ չեմ ուզում: Եթե արյուն պետք է լինի, և պետք է դիմակայենք դիպուկահարին, պետք է նվազագույն լինի այդ արյան թափումը և պետք է քաղաքական արդյուքն բերի: Այդ օրը՝ ապրիլի 9-ին, ես համարեցի, որ դա անհնար էր, հաջորդ օրն ունենալու էինք տասնյակ թաղումներ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս