Բաժիններ՝

New York Times-ը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին սահմանափակել զենքի վաճառքը

Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականի առաջին էջին 95 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է խմբագրական հոդված, հայտնում է BBC-ն: Դրանում խոսվում է Կալիֆոռնիայի հրաձգությունից հետո ԱՄՆ-ում զենքի վաճառքը սահմանափակելու անհրաժեշտության մասին:

«Վերջ տալ Ամերիկայում զենքի համաճարակին» (End the Gun Epidemic in America) վերնագրով հոդվածում դրա հեղինակները մեղադրում են ամերիկացի քաղաքական գործիչներին նրանում, որ նրանք հարստանում են զենքի վաճառքից ստացած միջոցների հաշվին, փոխարենն ապահովելու մարդկանց անվտանգությունը:

«Այն փաստը, որ քաղաքացիները կարող են օրինական եղանակով գնել զենք, որը նախատեսված է մարդկանց արագ ու արդյունավետ սպանելու համար, բարոյական հանցագործություն է ու ազգային խայտառակություն»,- ասվում է հոդվածում:

NYT-ի հոդվածի հեղինակները գրում են, որ եթե Ֆրանսիայում, Բրիտանիայում, Նորվեգիայում իշխանություններն անում են զենքի շրջանառությունը սահմանափակելուն ուղղված փորձեր, ապա ԱՄՆ ղեկավարությունն ընդամենը խթանում է զենքի շուկայի զարգացումը:

Հոդվածում կոչ է արվում արգելել հրազենային զենքի որոշ տեսակների վաճառքը, օրինակ՝ ռազմական ինքնաձիգների, որոնք օգտագործվել են Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքում մարդկանց վրա հարձակման ժամանակ:
Վերջին անգամ New York Times-ը խմբագրական հոդված էր տեղադրել իր առաջին էջին 1920 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս