
Լիբանանում հատուկ օպերացիայի ընթացքում մի քանի մարդ է սպանվել

Մի քանի մարդ է սպանվել Լիբանանի հյուսիսում տեղի ունեցած հատուկ օպերացիայի ժամանակ: Նախնական տեղեկություններով՝ հատուկ ծառայությունները գրոհել են ենթադրյալ իսլամիստ ահաբեկչի տունը:
Ինչպես հայտնում են գործակալության աղբյուրներն անվտանգության ծառայություններում, որոնց հղում է կատարում Reuters-ը, զոհվել է նվազագույնը 3 մարդ, ներառյալ կասկածյալը, ով պայթեցրել է իրեն: Եվս 10 մարդ ստացել է վնասվածք, այդ թվում՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները:
Լիբանանյան Daily Star-ն ավելի վաղ տեղեկացրել էր, թե պայթյունի հետևանքով մահացել էր մահապարտ ահաբեկիչն ու նրա ընտանիքի անդամները, ևս 6 մարդ տուժել էր:
Լիբանանյան հատուկ ծառայություններն անցկացնում են մի շարք ստուգայցեր ու կալանավորումներ նոյեմբերին Բեյրութի հզոր պայթյուններից հետո, որոնք խլել էին 44 մարդու կյանք:
Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: