Երևանում մեկնարկել է աշխատանքի տոնավաճառը
«ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կազմակերպել են աշխատանքի տոնավաճառ:
Միջոցառումը մեկնարկեց համաժողովով, ինչի ընթացքում բանախոսները խոսեցին հայաստանյան աշխատաշուկայում այսօր առկա մի շարք խնդիրների մասին և ներկայացրեցին սեփական փորձն աշխատանք գտնելու և աշխատակիցներ ընդունելու գործում։
Համաժողովի առաջին մասնակից Plexonic ընկերության տնօրեն Գևորգ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն հիմնական խնդիրներին ու թերացումներին, որոնք թույլ են տալիս երիտասարդ մասնագետները աշխատանք փնտրելու ճանապարհին:
Գ. Սարգսյանն այն համոզմունքին է, որ այսօր մեր երկրում բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ ունենալը դեռ ոչինչ չի նշանակում: Ավելին՝ Գ. Սարգսյանը վստահ է, որ միայն բուհական գիտելիքներով աշխատանքի ընդունվել ցանկացող երիտասարդների շանսերը խիստ նվազ են. «Որևէ բուհում սովորած լինելու փաստը դեռ որոշիչ դեր չի խաղում կոնկրետ մեր ընկերությունում աշխատանքի ընդունվելու համար, նույնիսկ հաճախ ուղղակի նեգատիվ դեր է խաղում: Ես հաճախ եմ հարց տալիս՝ իսկ ինչո՞ւ եք դուք մագիստրատուրայում սովորել ընդհանրապես, եթե կարող էիք այդ տարիներին աշխատել պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու ուղղությամբ: Կրթական այն ծավալը, որ տալիս են հիմա մեր բուհերում, հիմնական մասով հնացած է, և այդ մասին միայն ես չէ, որ բարձրաձայնում եմ»:
Աշխատանք գտնելու երիտասարդների փորձերին, ըստ բանախոսի, խոչընդոտում են նույնիսկ աննշան թվացող հանգամանքները՝ սկսած սխալ նամակագրական մեկնարկից: «Անտարբերությունը գործատուի նկատմամբ, գործատուի մասին բավարար չափով ինֆորմացիայի չտիրապետելու բացթողումը, ինքնակրթությամբ չզբաղվելը` սրանք առաջին ամենահաճախ հանդիպող թերացումներն են այն երիտասարդների մոտ, ովքեր աշխատանք են փնտրում: Փորձի պակասը դեռ որոշիչ դեր չի կարող խաղալ, որովհետև բնական է՝ աշխատանք փնտրող երիտասարդը րի կարող համապատասխան աշխատանքային փորձ ունենալ, պարզապես շատ հաճախ ցավալի փաստի ենք հանդիպում, այն, որ իրենք ոչինչ անգամ չեն էլ արել իրենց փորձի պակասը գիտելիքներով համալրելու համար: Սա է ամենամեծ խնդիրը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Plexonic ընկերության տնօրեն Գևորգ Սարգսյանը:
Համաժողովին հաջորդեց բուն աշխատանքի տոնավաճառը, որի ժամանակ մոտ 30 ընկերություններ ներկայացրեցին իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերը։ Բոլոր կազմակերպությունները միասին ներկայացրեցին գրեթե 200 թափուր աշխատատեղ։ Աշխատանքի տոնավաճառին այս տարի մասնակցել են հետևյալ ընկերությունները՝ «ACBA», «Ameria Bank», «ARMACAD», «Arpa Sevan», «AUA», «Beeline», «BetConstruct», «BMS», «BSC Business Support Center», «FastNet», «F INCA», «Ginosi», «Global Consult», «Globbing», «HSBC», «IDEA», «Inecobank», «Marriott», «MLL industries», «Rosgosstrakh», «SEF», «Teach for Armenia», «Teghout», «TUMO», «UCOM», «VTB», «World Vison»:
168.am-ի հետ զրույցում «ԱՐՄԱԿԱԴ» ընկերության նախագահ Խաչիկ Գևորգյանը նշեց, որ աշխատանքի տոնավաճառի մասնակից բոլոր կազմակերպությունները նախօրոք ներկայացրել են իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերը՝ թե´ արդեն փորձառու մասնագետների համար, թե´ այնպիսի հնարավորություններ, որոնց համար աշխատանքային փորձը պարտադիր չէ. «Այս նախաձեռնության նպատակն է, որ աշխատանք փնտրողն ու աշխատանք առաջարկողը հանդիպեն իրար: Իրականում այսօր աշխատաշուկայում շատ թափուր աշխատատեղեր կան, որոնք փնտրում են որակավորում ունեցող մասնագետների: Ցավոք սրտի, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ շատերը չեն ունենում համապատասխան որակավորում և բազա»:
«ԱՐՄԱԿԱԴ» ընկերության նախագահ Խաչիկ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ակնկալում է այս տարի ունենալ մոտ 3000 մասնակից, ովքեր փնտրում են համապատասխան աշխատանք:
Տոնավաճառին ներկայացվեցին նաև տարբեր կազմակերպություններում պրակտիկայի հնարավորություններ, ուսնակի և փորձնակի թափուր հաստիքներ։
Աշխատանքի տոնավաճառի կազմակերպիչները կազմել էին նաև հատուկ ուղեցույց, որին ծանոթանալով՝ աշխատանք փնտրողները կկարողանան ավելի վստահ ու կողմնորոշված մասնակցել միջոցառմանը։