Բաժիններ՝

Պողոս առաքյալի թղթում ասվում է, թե ի՞նչ է սերը. ինչպե՞ս հասկանալ

– Պողոս առաքյալի թղթում ասվում է, թե ի՞նչ է սերը: Ինչպե՞ս հասկանալ:

– Քրիստոնեական եկեղեցին սիրո ամենավառ օրինակը  համարում է Հիսուս Քրիստոսի խաչի վրա տարած չարչարանքները` հանուն մարդկության փրկության (տե´ս Հովհաննես 3: 16; 15: 13): Հիսուս Իր երկրային կյանքում բազում օրինակներով սովորեցրեց մարդկային ճիշտ հարաբերությունները, որոնք հիմնված էին ներելու, համբերելու և այլ  առաքինությունների վրա: Պողոս առաքյալի թուղթը, որ ուղղված էր կորնթացիներին, իր մեջ ներառում է այն բոլոր հատկանիշները, որ պիտի ունենա յուրաքանչյուր մարդ: Կարդացեք 13-րդ գլուխն ամբողջությամբ և կտեսնեք 4-րդ տողից սկսած սերն ինչ կարևոր, դրական, հոգենորոգ հատկություններ է իր մեջ պարունակում: Ստուգեք Ձեզ` համբերո՞ղ եք, ներո՞ղ եք, չե՞ք բարկանում… Մեզ նաև պատգամվում է`«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մարկ. 6: 31), «Այն ամենը, ինչ կկամենայիք, որ մարդիկ ձեզ անեն, դուք արեք նրանց» (Մատթ. 7: 12): Եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ ամեն մեկիցս պահանջվում է սիրել մարդկանց` առանց նրանց դատելու, ընդունելու նրանց այնպես, ինչպիսին  որ կան, քանի որ մենք էլ ենք մյուսների պես սխալվում: Սա շարունակական ընթացք ունի, միշտ պիտի աշխատենք բարիք գործել` մեր կարողությունների սահմանում: Եթե կարողանանք այս հատկանիշներով ապրել, ապա ընտանիքում կտիրի սեր և խաղաղություն, ծնողներին կսիրենք` պատվելով նրանց, ընկերների նեղության պահին իրենց կողքին կլինենք… Սիրո յուրաքանչյուր դրսևորում իր մեջ  պիտի նախանձ, չարություն և նմանօրինակ արտահայտություններ  չունենա: Դրանցից ազատվելու համար էլ պետք է աշխատել, աղոթել, եկեղեցում լինել՝ Պատարագին մասնակցել և հաղորդվել Տեր Հիսուս Քրիստոսի հետ, Աստծո խոսքը կարդալ… Հիսուս կօգնի մեզ փոխվել և սիրել, ներել, ընդունել մարդկանց` իրենց բոլոր թերություններով հանդերձ: Այլ կերպ ասած ` պետք է անանձնական սեր տածել մարդկանց հանդեպ:

Աղոթաբար` Անդրանիկ սարկավագ Մարկոսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս