
Կառավարությունը 2016թ. բյուջեի նախագծի հետ կապված 201 առաջարկություն ընդունելի չի համարել

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխությունների մասին արձանագրային որոշումը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ Ազգային ժողովում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է թվով 322 առաջարկություն: Նրա խոսքով՝ բարձրացված հարցադրումների հիմնական մասը վերաբերում է նախագծում տարբեր նպատակների ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ դրանց գումարների ավելացմանը, ինչպես նաև՝ որոշ ծախսատեսակների վերաբաշխմանը:
Հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները, բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի ծավալները՝ առաջարկվել է ավելացնել համապատասխանաբար՝ շուրջ 15 մլրդ և 14.3 մլրդ դրամ: Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունն ամբողջությամբ կամ մասնակի ընդունելի է համարել 60 առաջարկություն կամ ներկայացված առաջարկությունների ընդհանուր թվի 18.6 տոկոսը, 201 առաջարկություն ընդունելի չի համարվել, 61 առաջարկությունների կապակցությամբ ամփոփաթերթիկում տրվել են համապատասխան պարզաբանումներ: