«Հայաստանում ծավալվող շարժումը չունի արտաքին պատվիրատու». Վադիմ Դուբնով

Մեր զրուցակիցն է Մոսկվայի «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը

Պարոն Դուբնով, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք է սկսել` ազդարարելով հեղափոխության մեկնարկի մասին։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով, Ազատության հրապարակում գիշերողների համար հարմար պայմաններ կստեղծեն, քանի դեռ ժողովուրդը չի մտել իրեն պատկանող պետական կառույցների շենքեր։ Ըստ Ձեզ` ի՞նչ ներուժ ունի այս շարժումը, և ինչպիսի՞ զարգացումներ պետք է սպասել։

– Սա լուրջ արդյունք չենթադրող, բայց հետաքրքիր գործընթաց է։ Ազատության հրապարակում այս օրերին ծավալվող շարժման անդամների ելույթներում հետաքրքիր երանգներ են ի հայտ եկել։ Այն բանավեճը, որը կար հայաստանյան հանրության շրջանում` Ռուսաստանի հետ հարաբերությունների, երկրի շրջափակման, զարգացման ռազմավարական հեռանկարների վերաբերյալ, ինչ-որ կերպ ծալվալվում էր սրճարաններում, այգիներում, սոցիալական ցանցերում, բայց ոչ` հանրային կերպով։ Սակայն հարթակում կանգնած գործիչների ելույթներում երևում են այդ բանավեճի նշույլները։ Սա օգտակար ու հետաքրքիր է թվում, քանի որ ժամանակի ընթացքում այս քննարկումների թեմաները կդառնան քաղաքական գործոն` փոխելով հայաստանյան քաղաքական դաշտի ողջ կոնտեքստը։

Ընթացող շարժման հետևանքները չէի գերագնահատի, չեմ կարծում, որ այս շարժումը կհանգեցնի սահմանադրական հանրաքվեի տապալման, բեկման կամ նրա ռազմավարական ծրագրի փոփոխման։ Բայց ամեն դեպքում, այն, որ նման հարցեր ևս բարձրացվում են, դրական հանգամանք է, քանի որ ժամանակի ընթացքում կփոխեն հայաստանյան քաղաքական կոնտեքստը` դառնալով քաղաքական գործոն։ Այս ամենում ինձ միայն մտահոգում է ռադիկալ հռետորաբանությունը։ Ըստ իս, կա գործողությունների է՛լ ավելի արմատականացման վտանգ, և, որ ավելի վտանգավոր է` համապատասխանաբար կլինի սուր պատասխան իշխանության կողմից

Ըստ Ձեզ` ճակատի շարժումն արտաքին պատվիրատու ունի՞, թե՞ սա բացառապես հայաստանյան երևույթ է։

– Ես կիևյան Մայդանում ևս արտաքին գործոն չեմ տեսել երբեք։ Ուկրաինայում Մայդան ձևավորվեց, որովհետև կար ներքին պահանջ, և հասարակությունը զանգվածաբար կանգնեց Մայդանում` պայքարելով իր ցանկացած Ուկրաինայի համար, դա կոռուպցիայի դեմ պայքարն էր, Եվրոպայի հետ հարաբերությունները, և այլն, և այլն։ Ոմանք պնդում էին, թե միջազգային, ավելի կոնկրետ` արևմտյան ազդեցություն, խրախուսում կար, և այլն, ես կարծում եմ, որ չկար, քանի որ կար փոփոխությունների ներքին պահանջ ու մի շարք այլ խնդիրներ։ Հայաստանյան բոլոր վերջին շարժումները նմանեցնում են Մայդանին, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում չի կարող լինել Մայդան, քանի որ Հայաստանում այլ խնդիրներ են, այլ քաղաքական դաշտ և այլ ներքաղաքական դիսկուրս։ Ձեր հարցին պատասխանեմ, որ, իմ կարծիքով` տեղի ունեցողի պատճառները բացառապես ներքաղաքական են։

Ազատության հրապարակում կանգնած որոշ գործիչներ ենթադրաբար կկանգնեն այնտեղ, եթե նույնիսկ չլինի իրենց ցանկացած հանրային մոբիլիզացիան և հեղափոխությունը։ Ո՞ւր է տանելու այդ գործընթացը։

– Ես չեմ կարծում, որ նման գործողություններով, եթե դա չունի հանրային լայն աջակցություն, կարելի է իշխանություն փոխել։ Դա, միանշանակորեն, կհանգեցնի բախումների, հավաքը ցրելուն, որը կազմակերպիչները հստակ հասկանում են։ Կրկնեմ ևս մեկ անգամ, որ միակ դրական հանգամանքն այն է, որ սա կփոխի ներքաղաքական կոնտեքստը, բայց քաղաքական լուրջ փոփոխությունների, վերադասավորումների չի հանգեցնի։

Ի՞նչ կոնտեքստ նկատի ունեք։

– Հանրային դիսկուրսում նոր թեմաներ են առաջ գալիս, այն, ինչ կոչվում է հասարակաքաղաքական դիսկուրս։ Այդ դիսկուրսում ոչինչ չկար հայ-ռուսական հարաբերությունների մասին, արտաքին քաղաքական հարցում ՀՀ քաղաքականության մասին։ Էլեկտրամայդանի և Գյումրիի դեպքերի ժամանակ կային կիսաակնարկներ այդ մասին, բայց հանրային լայն քննարկման մակարդակի դրանք դուրս չէին եկել։ Այսօր սա ջրի երես է դուրս եկել, լուրջ քննարկման մակարդակի է հասել, ուստի դառնում է քաղաքական լանդշաֆտի մի մասը, այսինքն` քաղաքական գործոն է դառնում։ Դա շատ լավ է, վատն այն է, որ կարող է հրահրել բավականին լուրջ բախումներ։ Բայց շարժման դրած նպատակները չեն իրականանա։

Այդ նոր գործոնն ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Գյումրիի դեպքերի ժամանակ կային ռուս փորձագետներ, որոնք պնդում էին, թե ՌԴ իշխանությունները պետք է հասկանան, որ անհրաժեշտ է վերականգնել հայ-ռուսական հարաբերությունների համաչափությունը, որը կլուծի հայ-ռուսական հարաբերություններում առաջացող խնդիրները։ Դուք ի՞նչ եք կարծում այս մասին։

– Իմ կարծիքով` կլինեն որակումներ, թե սա Մայդան է, բացասական գնահատականներ շատ կլինեն Մոսկվայի և որոշ շրջանակների կողմից, քանի որ նույնիսկ Էլեկտրամայդանն էր նման հարցեր բարձրացրել Ռուսաստանում, այսօր էլ կխոսեն, որ Հայաստանը մեզ թողնում է, անշնորհակալ է։ Դա կլինի, բայց լուրջ կերպով սա չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Գուցե Հայաստանում նկատելի դժգոհությունը հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ փոխի այդ հարաբերությունների որակն ու բնույթը։

Տեսանյութեր

Լրահոս