«Այո, Էրդողանն իսկապես ուզում էր տեսնվել Պուտինի հետ». «Կոմերսանտի» անդրադարձը երկու երկրների նախագահների չկայացած հանդիպմանը
«Կոմերսանտի» թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը ծավալուն հոդված է հրապարակել՝ նկարագրելով Փարիզում ՄԱԿ-ի կլիմայական գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի շուրջ ծավալվող իրադարձությունները:
Կոլեսնիկովը հոդվածում նկարագրել է, թե ինչպես էին գագաթաժողովի ժամանակ փորձում կայացնել պատմական որոշում, ու, թե ինչ ստացվեց դրանից, ինչպես Պուտինին ու Էրդողանին չհաջողվեց հանդիպել: Լրագրողի ողջ նյութը կառուցված է Պուտին-Էրդողան չկայացած հանդիպման վրա:
Լրագրողը նկարագրում է, թե ինչպես է Պուտինը կես ժամով «ուշացել» լուսանկարվելու արարողությունից՝ ակնարկելով, թե այն, որ Պուտինը չի հայտնվել լուսանկարվելու, իսկ Էրդողանն արդեն այնտեղ էր, իսկ Պուտինի այդ քայլը կարող էր դիտվել՝ որպես թուլության նշան:
Նշվում է, որ Պուտինին առաջարկվել է ելույթ ունենալ ընդամենը 5 րոպե: «Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ համաժողովն ավարտվում է ժ. 13:45-ին՝ ճաշելու նպատակով: Իսկ այդ ժամանակ արդեն ժ. 13:40 էր: Դա հնչում էր՝ որպես պատիժ ուշացածի համար: Թեև Վլադիմիր Պուտինը հասցրեց ելույթը նաև 3 րոպեում»,- գրում է լրագրողը:
«Հայտարարեցին ճաշի ընդմիջում: Կասկածներ կային՝ արդյո՞ք կմասնակցի նա: Պարոն Պուտինն իրեն այդ հաճույքից չզրկեց: Պարոն Էրդողանը նույնպես ճաշեց: Հանդիպե՞լ են արդյոք նրանք: Եթե՝ այո, ապա՝ միայն հայացքներով»,- գրում է լրագրողը՝ ծաղրանքով նկարագրելով, թե ինչպես էր Էրդողանը գնում-գալիս գագաթաժողովի միջանցքներով իր շքախմբի հետ:
Վերջինս հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված ֆրանսիացի լրագրողի հարցին, թե արդյո՞ք Էրդողանը պատրաստվում է ներողություն խնդրել ռուսական ինքնաթիռի համար:
«Դա նրա օրն էր, ու նա ոչ մի տեղ չէր շտապում: Թվում է՝ նա պարզապես քայլում էր ու վայելում: Նրան կարծես ննջեցնում էին այդ մարդիկ ու այդ ձայները: Նրա ժողովրդականությունը կարելի էր հիմա համեմատել միայն ԱՄՆ-ի նախագահ
Բարաք Օբամայի ու, գուցե, Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ էր անում այդտեղ, միջանցքներում, այդ մարդը: Ի վերջո, ընթանում էր նիստ, որին մասնակցում էր 147 երկրի ղեկավար: Բոլորն աշխատում էին, ու միայն պարոն Էրդողանն էր դրսում»,- գրում է լրագրողը՝ նշելով, որ նա քառորդ ժամ անց անվրդով տեսքով քայլում էր միջանցքով:
Կոլեսնիկովը կարծիք է հայտնում , որ այդ ընթացքում Էրդողանը քայլել կամ կանգնել է այն սենյակի մոտ, որտեղ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բարաք Օբամայի, ապա՝ Սի Ցզինպինի, հետո՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
«Այո, նա իսկապես ուզում էր տեսնվել ռուս նախագահի հետ: Դա չէ՞ր արդյոք հարցը: Ուրիշ ի՞նչն էր: Այլ կերպ դա հնարավոր չէ բացատրել: Նրան տեսնելու համար արժեր այստեղ գալ»,- գրում է լրագրողը:
Հոդվածի հեղինակը գրում է, որ ռուսական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հանդիպել է Էրդողանին զուգարանի մուտքի մոտ: «Փա՛ռք Աստծո, որ նա այնտեղ չէր գտել Վլադիմիր Պուտինին»,- գրում է լրագրողը՝ նշելով, թե Էրդողանին այնուամենայնիվ հաջողվեց առանց դժվարության տեսնել մեկ մարդու՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: