
Շինարարական սաղավարտ ունենալու համար Ազատության հրապարակից բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստը

Քիչ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը 168.am-ին հայտնեց, որ մոտ կես ժամ առաջ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նահապետյանին:
«Ես իր հետ չեմ եղել, բայց հենց նոր իր հետ հեռախոսով էի խոսում: Նրան բերման են ենթարկել պայուսակում շինարարական սաղավարտ ունենալու համար, այսինքն՝ մոտեցել են, ասել են, որ կասկածելի առարկաներ ունի իր մոտ, ու պետք է բերման ենթարկեն՝ ճշտումներ անելու համար: Արդեն 30 րոպե Ոստիկանությունում է ինքը, իրեն ոչ ոք չի մոտենում, ոչ մի գործընթաց չի արվում: Հիմա կփորձենք ՄԻՊ-ի հետ կապվել»,- հայտնեց Մաքսիմը:
Մեր զրուցակցի տեղեկություններով՝ Միքայել Նահապետյանը գնացել է Ազատության հրապարակ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքին մասնակցելու համար: