Կրեմլը Երևանին թույլ չի տալիս քայլ առաջ կատարել. Օլեգ Պանֆիլով
168.am-ի զրուցակիցն է Վրաստանի պետական համալսարանի պրոֆեսոր, Էքստրեմալ լրագրության մոսկովյան կենտրոնի հիմնադիր ղեկավար, վերլուծաբան Օլեգ-Սանդրո Պանֆիլովը:
– Պարոն Պանֆիլով, շարունակվում է Սիրիայի շուրջ ռուս-թուրքական առճակատումը: Զուգահեռաբար՝ ռուսական ԶԼՄ-ները սկսում Թուրքիային ներկայացնել այնպես, ինչպես ուկրաինական հակամարտության ամենաթեժ փուլում՝ Ուկրաինային: Սովորաբար ռուսական պրոպագանդան արտացոլում է իշխանությունների դիրքորոշումը պրոպագանդայի ենթարկվողի հարցի վերաբերյալ: Հաշվի առնելով նաև պրոպագանդիստական ԶԼՄ-ների տրամադրվածությունը, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է սպասել:
– Ես չեմ կարծում, որ լուրջ ռազմական լարվածություն, առավել ևս՝ պատերազմ կլինի, քանի որ ուժերը հավասար չեն: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ն ունի 28 անդամ, ավելին` ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը մի քանի անգամ ավելի է, քան Ռուսաստանի ռազմական ներուժը, Ռուսաստանն ունի հինգից վեց ռազմավարական ոչ կայուն գործընկեր, այդ թվում՝ փոքրիկ Հայաստանը, ուստի ուժերը հավասարազոր չեն: Միայն խելագարն այս դեպքում կարող է կտրուկ գործողությունների գնալ և պատերազմ սկսել:
Կարծում եմ` Պուտինը պարզապես ցանկանում էր իր վերահսկողության տակ առնել իրավիճակը Մերձավոր Արևելքում, պաշտպանել սեփական միակ գործընկերոջը Սիրիայում, պաղեստինցիների «Համասը» փոքր խմբավորում է, այսինքն` Ռուսաստանի համար աննշան գործընկեր Մերձավոր Արևելքում, իսկ Սիրիան գոնե դեռ պետություն է, ուստի լավ հնարավորություն է՝ վերահսկողության տակ առնել Սիրիան և փորձել կարգավորել գազի ու նավթի հոսքերը Մերձավոր Արևելքում: Սա նրա նպատակն է, իսկ Արևմուտքի նպատակը դա թույլ չտալն է, քանի որ, ցավոք սրտի, Ռուսաստանն անկեղծ «առևտրական» չէ, շատ են եղել վերջին տարիների ընթացքում դեպքեր, երբ Ռուսաստանն Արևմուտքին շանտաժի է ենթարկել գազի ու նավթի միջոցով: Ուստի Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումն առճակատում չէ անկեղծի ու անկեղծի միջև, դա հակամարտություն է շանտաժիստի և Արևմուտքի միջև, որը չի ցանկանում, որպեսզի Ռուսաստանն իր այդ քաղաքականությունը տարածի ողջ աշխարհում:
Ինչ վերաբերում է պրոպագանդային, ապա այս դաշտում իրավիճակն Ուկրաինային այդքան էլ նման չէ, քանի որ պրոպագանդան Ուկրաինայի դեպքում օգտագործելի էր, քանի որ Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը խոսում է ռուսերեն լեզվով, իսկ Թուրքիայի դեմ պրոպագանդան զրոյական նշանակություն ունի, քանի որ թուրքերը ռուսերեն չեն խոսում, ուստի այդ աշխատանքը նախատեսված է բացառապես ռուսների համար, ատելության միջավայրի ու հանրային կարծիքի ձևավորման համար, և, որպեսզի ռուսները դուրս գան փողոց, թուրքական դեսպանատան ապակիները ջարդեն, այրեն թուրքական լոլիկները և ասեն հիմարություններ Թուրքիայի մասին:
Կարևոր է նաև նշել, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ առճակատման փուլ մտավ դրան ամենևին անպատրաստ: Ամեն դեպքում, Ուկրաինայի հետ պատերազմին Ռուսաստանը պատրաստ էր, այդ թվում՝ տեղեկատվական պատերազմին, իսկ Թուրքիայի հետ առճակատմանը պատրաստ չէր, ուստի մենք լսում ենք այնպիսի հիմարություններ, ինչպիսին «անպաշտպան ռմբակոծիչը» ու այլ արտահայտություններն են: Ուստի պրոպագանդան Թուրքիայի վրա չի ազդի, ոչ էլ աշխարհի վրա, քանի որ Ռուսաստանն իր աշխարհաքաղաքականության մեջ միայնակ է մնացել, Ռուսաստանը հնարավորություն չունի Արևմուտքի հետ հարաբերությունները վերականգնել, նույնիսկ այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Չինաստանն է:
– Սակայն իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում, և Ռուսաստանի հակամարտություններն Արևմուտքի հետ բոլոր գոտիներում անդրադառնում են նաև Հայաստանի վրա: Ինչպե՞ս կարելի է խուսափել, ըստ Ձեզ՝ այս իրավիճակից:
– Ես կասեի, որ պետք չէ ասել՝ ռազմավարական գործընկեր, քանի որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի ռազմավարական գործընկերը լինել ՌԴ ներկայիս քաղաքականության դեպքում: Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է ռուսական պրոպագանդայի զոհը, և, ցավոք սրտի, ինքն իրեն միացրել է Ռուսաստանի տնտեսական գոտուն: Սակայն Հայաստանում տեսնում եմ, որ ավելի ու ավելի են շատանում քաղաքական ուժերը, որոնք Հայաստանի խնդիրը համարում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, ուստի խոսում են ինքնուրույն քաղաքականության անհրաժեշտության մասին: Ինձ թվում է, որ Հայաստանը ներկայումս պետք է սկսի մտածել առաջին հերթին՝ տարածաշրջանային քաղաքականության և Կովկասյան քաղաքականությունում սեփական դերակատարման մասին: Պատերազմները, վերջիվերջո, ավարտվում են, առավել ևս՝ այն պատերազմները, որոնք բռնկվել են արտաքին հրահրմամբ: Ուստի վաղ թե ուշ Հայաստանն ընդհանուր լեզու կգտնի և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, և կդառնա արժանի երկիր ժամանակակից աշխարհում, բայց դրա համար Ռուսաստանի հետ նման հարաբերությունները պետք է դադարեցնել:
– Ուկրաինան փորձեց դա անել, այդ հարցում Արևմուտքը, ըստ ուկրաինացի փորձագետների, այնքան էլ արագ չարձագանքեց և աջակցություն ցուցաբերեց: Ըստ Ձեզ` Հայաստանն ինչպե՞ս կարող է Ձեր նշած ծրագիրն իրականացնել:
– Իմ համոզմամբ՝ դրա համար Հայաստանին անհրաժեշտ է պարզապես քայլ առաջ անել: Ցավոք սրտի, հայաստանյան պրոպագանդան ևս մեղավոր է, որ հակամարտությունը չի կարգավորվում: Անհրաժեշտ է փնտրել զիջումներ, քայլեր իրականացնել, ինչ-ինչ բաներից հրաժարվել, ինչ-ինչ հին սկզբունքներից: Հայաստանը երբեք ինքնուրույն արբանյակ չի դառնա, Հայաստանը մշտապես ապրելու է Վրաստանի և Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև, ուստի հնարավոր չէ անկլավի կարգավիճակում ապրել այստեղ՝ մեկուսացած աշխարհից, և ընկերություն անել Ռուսաստանի հետ, որն ունի միայն աշխարհաքաղաքական շահեր, և հատկապես ժամանակակից Ռուսաստանի հետ, որտեղ զարգանում է ֆաշիզմը, չեմ կարծում, որ դա լավ հեռանկար է Հայաստանի համար:
– Հրաժարվել Ղարաբաղից, դա՞ նկատի ունեք:
– Ես չեմ կարծում, որ դրա համար կտրուկ պայմաններ են անհրաժեշտ, ինչպես նշեցիք Ղարաբաղից հրաժարվելը: Ղարաբաղյան հակամարտությունում պարզապես կոմպրոմիսային տարբերակ պետք է գտնել ու հնարավոր է գտնել: Գլխավորը քայլ առաջ կատարելն է: Կարծում եմ` Հայաստանում շատ լավ են հասկանում, որ քայլ առաջ կատարել թույլ չի տալիս Կրեմլը: Երբ Ռուսաստանը դադարի մասնակցել բանակցություններին, կամ կողմերը հրաժարվեն ռուսական միջնորդությունից, հեռանկարներ այս հակամարտությունն ունի, և անհրաժեշտ է ամեն դեպքում հիշել, որ կա ընդհանուր մշակույթ, պատմություն, երաժշտություն, խոհանոց, որը միավորում է կովկասյան ժողովուրդներին:
– Ուկրաինական ճգնաժամի ընթացքում հայաստանյան փորձագետները բազմիցս են քննարկել` Ուկրաինան կարող է ուղենիշային դառնալ Հայաստանի համար: Շատերի եզրակացությունն այն էր, որ Հայաստանը չի կարող անցնել նույն ճանապարհը, ինչ Ուկրաինան, քանի որ Հայաստանն ավելի խոցելի է:
– Ես կասեի, թե ինչ կարելի է անել: Գլխավոր քայլը ռուսական հեռուստաընկերությունների մատչելիությունը սահմանափակելն է: Իսկ դրանից կես տարի անց հասարակությունը կառողջանար, ինչպես մեզ մոտ՝ Վրաստանում, 2008թ.-ից, երբ անջատեցինք այդ հեռուստաալիքները, և հինգ տարվա ընթացքում հասարակությունն առողջացավ, սկսեց ինքնուրույն մտածել: Եթե ՀՀ իշխանությունները դիմեն այդ քայլին, անմիջապես կզգան, որ մարդիկ սկսում են մտածել սեփական ուղեղով և ոչ նրանով, ինչ թելադրում են ռուսական հեռուստաալիքները: Սա շատ կարևոր է Հայաստանում ճիշտ հանրային կարծիքի ձևավորման համար, որը պետք է հետագայում երկրի արտաքին ուղին կերտի: