«Ռուսաստանը պետք է ակտիվացնի քայլերը հայկական ուղղությամբ». Կոնստանտին Կալաչով

Մեր զրուցակիցն է Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը

Պարոն Կալաչով, ի՞նչ է սպասվում Սիրիայի հարցում, ի՞նչ զարգացումներ կլինեն առաջիկայում:

– Շատ լայն հարց է, ակնհայտ է, որ միասնական մոտեցում չկա, և կողմերի հակասությունները դեռևս անլուծելի են թվում: Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և արաբական երկրների դիրքորոշումները տարբեր են: Ասադն ինքը չի բացառում իր մասնակցությունը նախագահական ընտրություններին, բայց դա կլինի միայն մի քանի տարի հետո, այսինքն՝ Ասադը ենթադրում է, որ այս իրավիճակը կշարունակվի առնվազն մի քանի տարի, և դրանից հետո սիրիական ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրել երկրի ղեկավար:

Ընդ որում, եթե այդ ընտրություններն անցկացվեն այնպես, ինչպես նախորդները, ապա հասկանալի է, թե ով կլինի նախագահը: Հարց է ծագում, թե ինչպե՞ս Ասադը կկարողանա գրավել ընդդիմությանը, պատրա՞ստ է թողնել իր պաշտոնը, ո՞վ կլինի հետնորդը: Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Եվ այստեղ կանխատեսումներ անելը նույնն է թե՝ գուշակել սուրճի մրուրի վրա: Երբ սովետական զորքերը մտնում էին Աֆղանստան, թվում էր, թե ամեն ինչ պարզ է, և գործողությունը շուտ կավարտվի, բայց իրականում այդպես չեղավ: Ակնհայտ է, որ օդային հարվածները խնդրի լուծում չեն, քանի որ երկրի տարածքը վերահսկելու համար ցամաքային գործողություն է պետք, հարկավոր է նոր իշխանություն հաստատել, բայց դա հնարավոր չէ, քանի որ Ասադն ու իր դաշնակիցները դրա համար ուժեր չունեն, իսկ նրան օգնելու մտադրություն ունեցողներ չկան, ամեն դեպքում, Ռուսաստանը հայտարարում է, որ դրան պատրաստ չէ: Կարծում եմ, այս պատմությունը ժամանակի ընթացքում կձգվի, և բոլորն այս իրադրությունում կփորձեն միմյանց հյուծել: Հնարավո՞ր է Սիրիայում համաժողովրդական կոնսենսուս: Այսօր պատասխանը մեկն է՝ ոչ: Իհարկե, իմ կարծիքով, լավագույն լուծումն ինքնավար ազգային միավորումների կոնֆեդերացիայի ստեղծումն է, բայց թե ինչպե՞ս դա իրականացնել, պարզ չէ:

Թուրքիայի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի կործանումից հետո ռուսթուրքական հարաբերությունների լարումն ինչպե՞ս կհանգուցալուծվի, հատկապես հաշվի առնելով, որ ՌԴն Թուրքիայի տնտեսական երկրորդ գործընկերն է:

– Ռուսաստանից Թուրքիա արտահանումը կազմում է շուրջ 15 մլրդ դոլար, ներմուծումը՝ 3 մլրդ, Թուրքիայում ռուսական հետաքրքրությունների շրջանակում է Ատոմակայանը՝ 22 մլրդ արժողությամբ, ռուսական գազի տրանզիտը, և այլն, այսինքն՝ ընդհանուր տնտեսական շահերը շատ մեծ են: Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ընկեր է, որի հետ հարաբերությունները չպետք է տուժեն միջադեպի պատճառով, Էրդողանը հայտարարել է, որ ինքնաթիռի ռուսական լինելն իմացել են այն խփելուց հետո միայն, այսինքն՝ Թուրքիան փորձում է այս իրավիճակը ինչ-որ կերպ մեղմել: Ռուսաստանի համար կարևոր է ոչ միայն պահպանել դեմքը և ստանալ հասարակական աջակցություն, այլև կարևոր է պահպանել առկա ընդհանուր տնտեսական նախագծերը: Հասկանալու համար, թե ինչ է կատարվել, պետք է Դոնբասի հանդեպ մոտեցումը կիրառել սիրիական թուրքերի համար:

Այսինքն՝ Թուրքիան ունի իր Դոնեցկը: Ի վերջո, այսպես թե այնպես, դա նախկին Օսմանյան կայսրության տարածքն է, իսկ սիրիական թուրքերն անթալիական թուրքերի սերունդներն են, թուրքերեն լեզվի կրողներ: Եվ այս պատմությունը շատ նման է Ռուսաստան-Ուկրաինա-Դոնբաս իրականությանը: Եվ Թուրքիան սիրիական թուրքերի հարցում իրեն պահում է այնպես, ինչպես ՌԴ-ն՝ Դոնեցկի կամ Լուգանսկի ռուսների հարցում: Էրդողանը ուժեղ առաջնորդ է և մտածում է տարածաշրջանում իր երկրի ազդեցության մեծացման մասին: Ինձ համար Էրդողանը Պուտինի հակառակ կողմն է, այսինքն՝ իր տրամաբանությունը հասկանալի է:

Մեզ մոտ, իհարկե, Էրդողանին սևացնում են, ներկայացնում՝ որպես ավելի մեծ չարիք, քան Օբաման, թուրք ժողովուրդը մեզ ընկեր է, իսկ Էրդողանը վատն է, հատկապես, որ նրա որդին նավթի առուվաճառքով է զբաղված ԻՊ-ի հետ: Բայց ես կարծում եմ, որ Պուտինն ու Էրդողանը կախված են իրենց երկրներում տնտեսական իրավիճակից, ժողովրդի տրամադրությունից, և, այսպես թե այնպես, և՛ ՌԴ-ն, և՛ Թուրքիան ժողովրդավարական երկրներ են՝ բոլոր վերապահումներով հանդերձ, և Պուտինն ու Էրդողանը ցանկանում են ունենալ մեծամասնության աջակցությունը: Իսկ դրա համար հարկավոր է ապահովել տնտեսական որոշակի կայունություն, ինչն անհնար է, եթե երկկողմ հարաբերությունները խզվեն: Այդ պատճառով ռեֆլեքսային որոշակի ռեակցիաներից հետո իրադրությունը որոշ չափով կմեղմվի:

Մյուս կողմից՝ հասկանալի է, որ նախկին հարաբերությունները, երբ 2 տարի առաջ հայտարարում էին, թե՝ Թուրքիան մեր մեծագույն ընկերն է, դա արդեն չի լինի: Չի կարելի նույն գետը 2 անգամ մտնել, հիացմունքն արդեն անցել է: Կլինի պրագմատիկ համագործակցություն առանձին ոլորտներում, իսկ որոշ ուղղություններով համագործակցությունը կսառեցվի, օրինակ՝ ռազմական:

Նաև ռուսական տուրիզմը կտուժի, բայց մյուս կողմից էլ՝ ոչ ոք այսօր Թուրքիայից ռուս զբոսաշրջիկներին չի արտաքսում, իսկ վերջին տարում մոտ 19 հազար ռուսներ Թուրքիայում անշարժ գույք են ձեռք բերել, բազմաթիվ ռուսներ ծրագրում են իրենց ձմեռային հանգիստն անցկացնել այնտեղ, շատ ռուս կանայք ամուսնացել են թուրքերի հետ, այսինքն՝ պետք է այս բոլոր փաստերի հետ հաշվի նստել և կապերը լիովին խզել չի կարելի: Միգուցե Հայաստանի համար լավ նորություն է, որ ռուս-թուրքական հարաբերությունները չեն լինի նախկինի նման: Իսկ ավելի բարդ իրավիճակում է հայտնվում Ադրբեջանը, քանի որ Թուրքիան եղբայրական պետություն է, Ռուսաստանն ընկեր է:

Այսինքն՝ Ադրբեջանը 2 քարի արանքում է հայտնվել:

– Իրականում՝ երկու կրակի: Իհարկե, Ադրբեջանը կցանկանար բարձրացնել իր հեղինակությունը՝ միջնորդի դեր կատարելով Թուրքիայի և Ռուսաստանի միջև, բայց ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններն այնպիսին են, որ միջնորդներ պետք չեն, և նրանք կարող են ուղիղ շփվել: Կարծում եմ՝ կողմերից յուրաքանչյուրը կնայի Ադրբեջանի ղեկավարության արձագանքին՝ ցանկանալով նրան տեսնել՝ որպես իր կողմնակից: Թե ի՞նչ զարգացումներ կլինեն այլ ուղղություններով, չգիտեմ, բայց Ադրբեջանի համար պայքար հաստատ կծավալվի: Եվ այն, ինչ կատարվեց, խաղում է Հայաստանի օգտին:

Թուրքիայի հետ հարաբերություններում ՌԴն կակտիվացնի՞ հայթուրքական խնդիրը՝ Ցեղասպանության հարցը:

– Այդ մասին արդեն խոսում են տարբեր տաքգլուխներ, բայց ես չեմ կարծում: ՌԴ տաքգլուխները կոչ են անում ակտվացնել հայ-թուրքական թեման՝ Ցեղասպանությունը, մյուս կողմից ՝ աջակցել քրդերին իրենց անկախանալու ձգտման հարցում, և այլն, անգամ գրավել Ստամբուլն ու վերանվանել Կոնստանդնուպոլիս: Ես կարծում եմ, որ այսպես ուղիղ գծով ամեն ինչ չի լինի: Չնայած, մյուս կողմից, այս պատմությունը ևս մեկ ցուցադրական դաս է՝ գործընկերների և դաշնակիցների վերաբերյալ: Անցած տարի Թուրքիան ներկայացնում էին գրեթե որպես դաշնակից, թեև այն միայն գործընկեր էր:

Օրինակ՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Ադրբեջանը՝ միայն գործընկեր, իսկ գործընկերը կարող է թիկունքից հարվածել, ինչպես վարվեց Թուրքիան, և այդ մասին նշեց Պուտինը: Այս իրադրությունում ՌԴ-ն պետք է ակտիվացնի քայլերը հայկական ուղղությամբ: Ի դեպ, Ժիրինովսկին, որ միշտ թուրքասեր է եղել, այսօր կոչ է անում հայերին օգնել ետ գրավել թուրքերից հայկական հողերը: Հասկանալի է, որ Ժիրինովսկուն չի կարելի լուրջ ընդունել, բայց Հայկական հարցը կկիրառեն ավելի շատ քարոզչության համար, և ոչ թե՝ Պուտինն ու Լավրովը, այլ այնպիսի կերպարներ, ինչպես Ժիրինովսկին:

Վերջին շրջանում քննարկման թեմա դարձավ ԻՊի դեմ պայքարում Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործման հարցը: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է դա իրատեսական, արդյոք Մոսկվան կգնա՞ այդ քայլին:

– Այդ հարցի պատասխանը կախված է հետագա զարգացումներից, թե ինչ գործողություններ կձեռնարկի Թուրքիան, ինչ կհայտարարեն թուրք ղեկավարները, և, թե ինչ կանի Բաքուն: Բայց ես չէի բացառի նման հնարավորությունը: Այսինքն՝ իրադրությունը կարող է այնպես զարգանալ, որ ՌԴ-ն դիմի այդ քայլին: Կան լավատեսական ու հոռետեսական սցենարներ, և, եթե պատկերացենք, որ ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները վատանան շղթայական ռեակցիայի նման, ու հետզհետե ավելի բարդանա դրությունը, կամ Բաքուն ցուցադրի, որ Թուրքիայի շահերն իրեն ավելի մոտ են, քան ՌԴ-ի շահերը: Բայց ես կարծում եմ, որ բոլոր խաղացողները պրագմատիկ են: Օրինակ՝ Էրդողանը հայտարարում է, թե ինքնաթիռը խփելուց հետո ռուսական մամուլից են իմացել, որ այն ռուսական է, միաժամանակ հասկացնելով, որ եթե այն սիրիական լիներ, և թուրքերը այն խփեին, դա կլիներ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, և դա կլիներ 2012 թ. միջադեպի պատասխանը, երբ թուրքական ինքնաթիռն էր անցել Սիրիայի սահմանը, և սիրիացիներն այն խփել էին:

Այսինքն՝ ռուսական ինքնաթիռի կործանումը նախապես պլանավորված գործողություն չի եղել, բայց նկատենք, որ որոշ ռուսական լրատվամիջոցներ, որոնք մոտ են պաշտոնական աղբյուրներին, ակտիվ զարգացնում են թեման, որ Թուրքիան դա վաղուց էր ծրագրել, ռուսական ինքնաթիռին հետևում էին, և լրագրողներին դիտավորյալ էին տարել այնտեղ, և այս ամենն Էրդողանի չարագույժ հակառուսական ծրագրի մաս էր: Պուտինի և Էրդողանի հարաբերություններում վստահությունը, հավանաբար, արդեն տեղ չի ունենա, և հարաբերությունների հետագա զարգացումների վրա շատ մանրուքներ կարող են ազդել, օրինակ՝ թուրքերը կարող են նկատել ռուսների կողմից քրդերին որևէ օգնություն, կամ նույն թուրքերը քայլեր կարող են ձեռնարկել էսկալացիայի ուղղությամբ: Սակայն առայժմ նրանք ակնհայտ փորձում են խնդիրը մեղմել, քանի որ տնտեսական կորուստները շատ լուրջ կլինեն Թուրքիայի համար:

Նաև դեռ պարզ չէ, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է աջակցել Անկարային այս իրավիճակում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին հայտարարությունը դժգոհություն էր առաջացրել կազմակերպության որոշ անդամների մոտ: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ գործում է իր հնարավորությունների սահմանում, բայց կյանքն անակնկալներ է մատուցում: Կարելի է ենթադրել, որ ռուս-թուրքական հարաբերությունները որոշակիորեն կսառեն, բայց վերջնականապես չեն խաթարվի, թեև մի տարբերակ էլ կա, որ հարաբերությունների խզումը կապված է 1-2 միջադեպի հետ, որ կարող են իրականում շատ պատահական տեղի ունենալ՝ յուրաքանչյուրը կարող է հրթիռ արձակել, կամ կրակել, կամ որևէ այլ բան: Հնարավոր չէ ամեն ինչ վերահսկել: Ես կարծում եմ, որ այն տեսակետը, որ ՌԴ քաղաքականությունը կտրուկ կփոխվի Կովկասում, իրականություն չի դառնա, և կոշտ արձագանքը կլինի միայն խոսքերով, իսկ խոսքը և գործը միշտ չէ, որ նույնն են:

Տեսանյութեր

Լրահոս