«Մեր բյուջեն կրկին զարգացման բյուջե չէ»». Վիլեն Խաչատրյան
«Բյուջեի ուղերձով նախատեսվում է, որ մեր արտաքին պարտքը պետք է աճ արձանագրի և մենք կգերազանցենք արդեն 5 մլրդ դոլարի սահմանագիծը: Դեռ այսքանը քիչ է, շարունակում են վերցնել 300 մլն, 80 մլն դոլարանոց պարտքեր, ավելացնելով պարտքի շեմը, և այն ամենայն հավանականությամբ կգերազանցի ՀՆԱ-ի 50%-ի մակարդակը: Սրանք լուրջ մարտահրավերներ են մեր տնտեսության համար և միայն 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ արդեն ունենք 4 մլրդ 778մլն դոլարի հասնող պետական պարտք: Իսկ եթե դրան գումարենք 300 մլն և մնացած պարտքային ծրագրերը, որոնք նախատեսվում են, գործ կունենանք 5 միլիարդանոց մակարդակի հետ: Սա մեր տնտեսության համար վտանգավոր է, քանի որ տնտեսական աճի տեմպերը այնքան էլ բարձր չեն: Համեմատություն անցկացնելով բյուջեի ուղերձում նշված միայն տոկոսների վճարման ցուցանիշի հետ՝ այն կազմում է 99 մլրդ դրամ, այսինքն միայն այդքան մեր վերցրած պարտքերի դիմաց տոկոս ենք վճարելու: »,-այսօր լրագորղների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Անդրադառնալով 2016թ. պետբյուջեի նախագծին՝ տնտեսագետը նկատեց՝ ն զարգացումների տեսանկյունից այն այնքանով է բացասական, որ եկամտային աճ չի նախատեսում. «Սա խոսում է այն մասին, որ տնտեսության զարգացման ընթացքը դանդաղել է, մարդկանց եկամուտները չեն աճում, և, բնականաբար, դրանցից տրվող հարկերը ևս նվազում են: Ինչ վերաբերում է սուբսիդիաներին, միայն 2016թ. բյուջեի մեջ դրանք ավելացել են 89 մլրդ դրամով: Եթե 33 միլիարդից սուբսիդիաները դարձնում են 122 մլրդ դրամ, սա արդեն իսկ լուրջ հիմք է, որ մտածենք՝ այդ գումարները, գուցե, անարդյունավետ են բաշխվելու, որովհետև սուբսիդիան կարելի է բաշխել սուբյեկտիվ ձևով, այսինքն՝ ո՞ւմ ես տալիս այդ սուբսիդիան»:
Ըստ նրա՝ տնտեսության մեջ լուրջ խնդիր է հանդիսանում եկամուտների մասը. «Բայց դա հաշվի չառնելով, օրինակ, 2016թ. բյուջեով՝ պակասուրդը նախատեսվում է ՀՆԱ-ի 3.5%, որը հավասար է 190 մլրդ դրամի։ 120 մլրդ միայն արտաքին աղբյուներից ենք միջոցներ ներգարվելու և սա այն պայմաններում, որ մենք ունենք հսկայական պարտքեր: 2015թ. 9 ամիսների ընթացքում բյուջեի դեֆիցիտը գերազանցել է 2015-ի բյուջեի օրենքով դրված ցուցանիշը. 9 ամսում արդեն ունենք 115 միլիարդի դեֆիցիտ և որևէ մեկը չխոսեց այն փոփոխության մասին, որ բյուջեի մեջ դեֆիցիտը 2015-ին կազմել է 3.8%, այնինչ տարվա սկզբին նախատեսել էին 2.3%: Սա նշանակում է, որ սեկվեստրի դիմելու փոխարեն՝ ավելացրել են դեֆիցիտի բաղադրիչը: Եվրոպական ցուցանիշներով բյուջեի դեֆիցիտը պետք է լինի 3% և ոչ ավելի, իսկ մենք անգամ դա ենք խախտում: Սրանք հիմքերն են, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ մեր բյուջեն կրկին զարգացման բյուջե չէ»: