«Երեխան իրավունք է ստանում դատի տալ ծնողին. սա խելագարություն է ՀՀ-ի համար». Գուրգեն Եղիազարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում բանավիճեցին Սահմանադրության նոր նախագծի մի քանի կետերի վերաբերյալ:
Գուրգեն Եզիազարյանը ներկայացրեց իր համար անընդունելի կետերը. «Պաշտպանության նախարարության վերաբերյալ հստակություն չկա: Նշված է, որ ՊՆ ղեկավարը նախարարն է, արդեն երկրորդ տողում պարզվում է, որ զորքերի հրամանատարը շտաբի պետն է, այսինքն՝ ունենալու ենք մի Պաշտպանության նախարարություն, որի ղեկավարն անհասկանալի է՝ ով է լինելու: Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնելու է վարչապետը։ Իսկ մինչ այդ ի՞նչ փոխհարաբերություններ են ունենալու վարչապետը, նախարարն ու շտաբի պետը:
Հաջորդ կետը վերաբերում է անվճար բուժօգնությանը: Այս Սահմանադրությամբ պետպատվերը, որպես այդպիսին, գոյություն չունի, որովհետև ոչ մի բան նշված չէ: Հաջորդ տողում ուղղակի նշված է, որ խնդիրը կկարգավորվի օրենքով, ինչն արդեն վտանգավոր է. Մայր օրենքը Սահմանադրությունն է:
Ես լուրջ թերություն եմ համարում նաև այն կետը, որով հայկական ավանդական ընտանիքը պետք է ականջալուր լինի իր անչափահաս զավակին: Երեխան իրավունք է ստանում դատի տալ ծնողին։ Սա խելագարություն է ՀՀ ի համար»:
Սուքիաս Ավետիսյանը հերթով անդրադարձավ նշված կետերին ու փորձեց պարզաբանել դրանք. «Առաջին անգամ Սահմանադրության մեջ Երեխաների իրավունքների դաշտը հստակեցրել ենք, ինչը որևէ խնդիր չի առաջացնի, այսինքն՝ ազգային արժեքները պետք է պահենք ու թույլ չտանք, որ եվրոպական «արժեքները» ներգործեն մեր իրականություն:
ՊՆ-ի հետ կապված՝ հստակ ասվում է, որ բանակի օպերատիվ ղեկավարումն իրականացնում է Գլխավոր շտաբի պետը, իսկ նախարարը քաղաքական պաշտոն է, և որևէ տեղ գրված չէ, որ պաշտպանության նախարարը պետք է զինվորական լինի: Իսկ բնական է, որ պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը վարչապետն է, որովհետև նրա վրա են դրվում բոլոր լիազորությունները:
Առողջապահության հետ կապված՝ ի սկզբանե ասել ենք, որ այս սահմանադրական փոփոխություններով հստակեցնում ենք նաև մարդու սոցիալական իրավունքները, որոնք նախկին Սահմանադրության մեջ կարծես թե մեկտեղված էին: Կոնկրետ պետպատվերի մասով շատ լավ տեսնում ենք, որ տարեցտարի այդ խնդիրը պետությունն ավելի շատ է իր վրա վերցնում, ու տարեցտարի ավելանում են պետպատվերին ուղղված գումարները: 2016թ. բյուջեի նախագծում էլ հստակ տեսնում ենք, որ որոշ վիրահատությունների ու հիվանդությունների բուժման համար պետպատվերի գումարներն ավելացել են»: