Միքայել Մելքումյանը 3 լուծում է առաջարկում
Այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.5 %-ով: Նույն ժամանակահատվածում մանրածախ առևտուրը նվազել է՝ 6.4%, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 20.4%, այդ թվում՝ արտահանումը՝ 2.2%, ներմուծումը՝ 26.6%: Մնացած ոլորտներում աճ է գրանցվել: Սակայն ամսական կտրվածքով դիտարկելու դեպքում պատկերը տխուր է, և գրեթե բոլոր ոլորտներում անկում կա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում իրավիճակը գնահատեց «ոչ բարվոք»: Նա նշեց, որ այս ցուցանիշները մոտավորապես տեղավորվում են բյուջետային ուղերձի շրջանակներում: Պատգամավորի խոսքով՝ մինչև տարեվերջ 1.5 ամիս ժամանակ է մնացել, և ցուցանիշներն արտառոց չեն: Ըստ Մ.Մելքումյանի՝ կառավարությունը ձեռնարկել է միջոցառումներ՝ ակտիվ աճ ապահովելու քաղաքականությունը, հարկային արտոնությունները՝ 40-50 մլն արտահանումների հետ կապված:
«Բնականաբար, լուրջ խնդիր ունենք մի քանի ուղղություններով՝ դրամավարկային քաղաքականություն, որ վարկերի տոկոսադրույքների քաղաքականությունը վերաիմաստավորվի, և վարկերը հասանելի դառնան, կառավարությունը պետք է նպատակային ծրագրային քաղաքականություն վարի գերակա ճյուղերի նկատմամբ, ակտիվացնի այդ ոլորտները, և հիմքում դնի նոր աշխատատեղերի բացումը: Աճի որակը պետք է լուծել դեպի սոցիալական իմաստավորում, այսինքն՝ նոր աշխատատեղեր բացել»,- ասաց Մ.Մելքումյանը:
Նա նշեց 3 լուծում՝
1) Կառավարությունը պետք հրատապ կերպով ռուսական ռուբլով վարկեր բերի, դրանով ռուբլու արժեզրկման հետ կապված պրոբլեմը կլուծվի:
2) Որպեսզի արտագնա աշխատանքից ռուսական ռուբլով վերադարձողները չտուժեն, բանկերը պետք է դեպոզիտներ ընդունեն հարմար տոկոսներով:
3) Պետք է իրականացնել արդյունաբերական կոմերցիոն կապիտալի փորձանմուշների ներդրում, և կառավարությունն աջակցի: