Արամ Մանուկյանը 40 համայնք է այցելել, բայց ոչ մի «Այո» ասողի չի հանդիպել

«Բացարձակ մեկնաբանելու կարիք չեմ զգում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ խոսելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարության մասին, թե նրանք, ովքեր նոյեմբերի 18-ին չմասնակցեն նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց կազմակերպած բողոքի ցույցին, նշանակում է՝ աջակցում են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կազմակերպիչներին:

Հիշեցնենք, որ օրերս ԱԻՄ առաջնորդը լրագրողների հետ զրույցում «պարզունակ սնափառություն» էր անվանել ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե իրենք մասնակցում են միայն իրենց կազմակերպած միջոցառումներին ու կրում են այդ միջոցառումների ընթացքում տեղի ունեցող դեպքերի պատասխանատվությունը:

«Ամսի 18-ին ես հրավիրելու եմ իրենց, ու, եթե իրենք չմասնակցեն այդ օրվա բողոքի ցույցին, ես արդեն իրավունք կվերապահեմ ասել, որ իրենք այդ հանրաքվեն կազմակերպողների աջակիցներն են»,- հայտարարել էր ԱԻՄ առաջնորդը:

ՀԱԿ պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել ԱԻՄ առաջնորդի այս հայտարարությունը՝ ասելով, որ բացարձակ անհրաժեշտություն չի գտնում այդ հայտարարությունը մեկնաբանել:

Կարդացեք նաև

Խոսելով սահմանադրական բարեփոխումների դեմ ծավալվող իրենց «ոչ»-ի քարոզարշավի մասին՝ Ա. Մանուկյանը նշեց, որ ինքը մինչ օրս 40 համայնք է այցելել. «Այդ մարդիկ ոչ թե մեր ակտիվիստներն են, այլ պատահական մարդիկ են, որոնց հանդիպում եմ փողոցներում, գյուղամիջում, համայնքների կենտրոնում, կանգառներում, և անկեղծ, անկաշկանդ զրույցներ եմ անցկացնում ժամ-ժամուկես: Մարդիկ զայրացած են շատ, իսկ Արարատյան դաշտում, հատկապես՝ գյուղատնտեսական սկանդալներից են կատաղած, որ խաղողը փչացավ, չհանձնեցին, վարունգը փչացավ, դդումը փչացավ, խնձորը 20-30 դրամով են ընդունել: Վարկերի տակ ճկռում են: Գյուղացիները զայրացած են, ու իշխանությունն ինչ էլ անի, նրանք բացասական են ընդունում: Նրանք, ովքեր ակտիվ են, բոլորը «ոչ» են, կա շատ մեծ զանգված, որը պասիվ է, անտարբեր է, կա մի մաս՝ հիասթափված, որն ասում է՝ ինչ էլ անեք, մեկ է՝ իրենք կեղծելու են, մեր խնդիրն ավելի շատ այն է, որ գան-քվեարկեն»:

Ա. Մանուկյանը գոհ է հանրության տեղեկացվածության մակարդակից: Նրա խոսքով՝ մարդիկ շատ լավ տեղեկացված են. «Ինձ համար դա հաճելի անակնկալ էր»:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրեն հանդիպած մարդկանց մեջ գերակշիռ, ճնշող մասը «ոչ» է. «Իհարկե, մենք միամիտ չենք, իշխանություններն իրենց լծակները կօգտագործեն՝ վախը, անձնագիր հավաքելը, կեղծելը և այլն, բայց դժվար է լինելու իրենց համար, որովհետև իրենց բազան քչացել է»:

Մեր այն հարցին էլ, թե «այո» ասողների է՞լ եք հանդիպել ձեր քարոզարշավի ժամանակ, Ա. Մանուկյանը պատասխանեց, որ չի եղել նման դեպք. «Իմ հանդիպած մարդկանց մեջ «այո» չի եղել: Դա չի նշանակում՝ «այո» չկա, «այո»-ն չինովնիկն է, կամ ոստիկանը, կամ սպան, որը չի երևում այդտեղ»:

Տեսանյութեր

Լրահոս