«Դա պարզունակ սնափառություն է». Պարույր Հայրիկյանը՝ Լևոն Զուրաբյանի հայտարարության մասին

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ԱԻՄ-ը սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «ոչ»-ի երկու ճակատներին էլ միացել է՝ օգնության կարգավիճակով: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԻՄ առաջնորդն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նամակ հանձնեց, որում ասվում է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հակասահմանադրական է, ու ինքը կոչ է անում լուծարել հանձնաժողովը:

«Հանրային փրկության ճակատի նախաձեռնողը մենք ենք եղել, պաշտոնապես հայտարարել ենք, որ նրանց հետ որպես դիտորդ կաշխատենք, մյուսի հռչակագիրն էլ ստորագրել ենք, բայց խանդավառված չենք իրենց մեկուսացվածությամբ, մասնավորապես՝ նրանց գործիչներից մեկի այն հայտարարությամբ, որ մենք մասնակցում ենք միայն այն միջոցառումներին, որոնք մենք ենք նախաձեռնել: Դա պարզունակ սնափառություն է:

Օրինակ, ամսի 18-ին ես հրավիրելու եմ իրենց, ու, եթե իրենք չմասնակցեն այդ օրվա բողոքի ցույցին, ես արդեն իրավունք կվերապահեմ ասել, որ իրենք այդ հանրաքվեն կազմակերպողների աջակիցներն են»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցելու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ դեկտեմբերի 1-ի հանրահավաքին, քանի որ իրենք մասնակցում են միայն իրենց կազմակերպած միջոցառումներին ու կրում են այդ միջոցառումների ընթացքում տեղի ունեցող դեպքերի պատասխանատվությունը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս