«Կռուպնի գործ անող տղերքը չնաշխարհիկ պադավատապետություն են կառուցել». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկումներն ու հաշվարկներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խիստ դժգոհությունը հարուցեցին:
Ն.Փաշինյանը գործընկերների համար 2 լուր ուներ՝ լավ և վատ: Վատն այն էր, որ հաջորդ տարվա բյուջեով եկամուտները շուրջ 8 մլրդ դրամով պակասել են, այսինքն՝ կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը չեն ավելանա: Լավ լուրն այն էր, որ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների թիվը նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է 83 հատով և մյուս տարի կազմելու է 1072:
Համեմատելու համար, թե դա 2.8 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Հայաստանի համար շա՞տ է, թե՞ քիչ, Ն.Փաշինյանը հարցում է արել 5.6 մլն բնակչություն և 120 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայի խորհրդարանին ու Ռիկե Տուբորգ անունով պաշտոնյայից պատասխան ստացել, որ այնտեղ միայն խորհրդարանի ղեկավարն ունի ծառայողական ավտոմեքենա, ամբողջ Դանիայում դրանք ընդամենը թվով 23-ն են:
«Ես նրա նամակը կարդալիս՝ աչքերիս չեմ հավատում, նորից եմ նամակ գրում, ասում եմ՝ ա՛յ հարգելի Ռիկե Տուբորգ, խնդրում եմ՝ սթափվեք, լրջացեք մի հատ, ձե՞ռ եք առնում, ո՞նց թե ցելի խորհրդարանում, ցելի Դանիայի, ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Էս Ռիկե Տուբորգը մնաց անհողդողդ իր դիրքերի վրա, մինչև վերջ պնդեց, որ՝ այո՛, Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը:
Հիմա, տիկնայք և պարոնայք, մի փոքր ուշադրություն՝ Հայաստանի ԱԺ-ում կա 82 հատ ծառայողական ավտոմեքենա: Էն, որ ԱԺ նախագահը ծառայողական մեքենա պետք է ունենա, դա չեն քննարկում նույնիսկ Դանիայում: Լավ, մենք հինավուրց խորհրդարան ենք, վաստակաշատ, բարձր կարգով, մեր խորհրդարանի փոխխոսնակներն էլ ունենան, լավ, քարը գլուխը, թող 6 խմբակցությունների ղեկավարներն էլ ունենան ծառայողական ավտոմեքենա, լավ, մենք չափազանց առատաձեռն ենք՝ 12 մշտական հանձնաժողովների նախագահներն էլ թող ունենան, և նրանց տեղակալներն էլ ունենան, լավ, աշխատակազմի ղեկավարն ու 3 տեղակալներն էլ՝ ձեզ նվեր: Բա ինձ մի հատ բացատրեք՝ էն 40-45 հոգին ովքե՞ր են, որ Հայաստանի ժողովրդի հաշվին պետք է ծառայողական մեքենա ունենան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ պատգամավորի՝ մոտավորապես նույն վիճակն է կառավարության աշխատակազմում՝ կա 292 աշխատող և թվով 81 ծառայողական ավտոմեքենա.
«Ու սա էն կառավարության աշխատակազմն ա, որ դրական եզրակացությամբ նախագծերը շփշփալեն ուղակում ա 82 պադավատանոց Ազգային ժողով, ու էդ Ազգային ժողովն էլ՝ առանց մի հատ օֆ անելու, ընդունում ա էդ օրենքները: Հետո անցնում ա մի տարի, երկու տարի, հասկանում են՝ էս ինչ օրենք են ընդունել, ունքը սարքելու տեղը՝ աչքն են հանել: Էսպես եղավ նույնականացման քարտերի օրենքի հետ կապված, երբ պարզվեց, որ կառավարությունն ու խորհրդարանը ձեռ ձեռի տված՝ 182 հազար քաղաքացու քվեարկելու իրավունքից զրկել են:
Ու թե ինչքան գրանտ ու վարկային միջոցներ են ծախսել, բարեփոխումներ ու հայեցակարգեր, մի հատ էլ ծրագիր ունեն՝ ՄԺԾԾ՝ միջնաժամկետ չգիտեմինչ ծախսերի ծրագիր… Ու կառավարության ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն էս ամբիոնից ասում են՝ բա Դանիայի հետ խի՞ եք համեմատում, բա էնտեղ տրանսպորտային էնպիսի համակարգ կա…
Էս տնաշեններն էնպես էլ ասում են, ոնց որ Դանիայի տրանսպորտի համակարգը Տրինիդադ Տոբակոյի կառավարությունը եկել, ստեղծել ա ու ասել՝ ձեզ ենք տալիս: Բա Դանիայի կառավարությունն է, չէ՞, էդ համակարգը ստեղծել:
Մի հատ փորձեք, տիկնայք ու պարոնայք, կառավարության անդամներ, գազելների մեջ կռացած կամ կարտոշկա տեղափոխող գռուզավիկի նման ընթացող ավտոբուսի մեջ գործի գնացեք, ինչպես ամեն օր ուղարկում եք տարեցներին, դեռատի կանանց, աղջիկներին: ԿԲ նախագահներ, ֆինանսների նախարար, երկուսն էլ պաշտոնական թվերով միլիոնատեր են դոլարով, եկել էս ամբիոնից Դանիայի չինովնիկի աշխատավարձերն են լացում, աշխատավարձի հույսին են մնացել խեղճերը:
Դուք որ Դանիայում պաշտոնյա աշխատեիք՝ ընենց, ոնց Հայաստանում եք աշխատում, ոչ թե ամեն օր բռանիռովննի լիմուզինով գործի կգնայիք, դուք ամեն օր պալասատովի պիժամայով կգնայիք զբոսանքի օրը երկու ժամ»:
Ն. Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ-ում տարեկան 1.3 մլրդ է ծախսվում ծառայողական ավտոմեքենաների սպասարկման համար, մինչդեռ սահմանամերձ համայնքներին աջակցություն պետական ծրագրով հատկացնում են 928 մլն դրամ, այսինքն՝ պադավատների փողից 400 մլն դրամով պակաս: Ընդ որում, նկատեց Փաշինյանը, բյուջեում գրված ծառայողական ավտոմեքենաների թիվն իրական չէ, դրա մեջ չեն մտնում «ախռանայի», Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Մաքսային ու Հարկային ծառայությունների, ԴԱՀԿ, ԿԲ, Երևանի քաղաքապետարանի և մյուս քաղաքապետարանների ու գյուղապետարանների պաշտոնյաների թվերը.
«Եթե դա էլ գումարենք՝ կարող է պարզվի, որ մենք ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների թվով գերազանցում ենք ոչ միայն՝ Դանիային, Մեծ Բրիտանիային, այլև՝ նույնիսկ Չինաստանին, ՌԴ-ին, ԱՄՆ-ին:
Ու մինչ սահմանադրական փոփոխությունների «այո»-ի ու «ոչ»-ի ճակատները քննարկում են, թե ՀՀ-ն ինչպիսի պետություն պետք է լինի, կռուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքի առաջ կառուցել են ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն: Ահա սա է մեր այսօրվա պետական կարգի իրական անվանումը»:
«Չարախոսությունը կարող է նաև հետևանքները դրական ունենալ»,- արձագանքեց Գալուստ Սահակյանն ու նշեց, որ ֆինանսական տեսակետից ՀՀ-ն Դանիայի հետ համեմատելիս՝ ծիծաղելի վիճակի մեջ կընկնի: Սահակյանի կարծիքով՝ ամեն պետություն իր խնդիրները լուծում է էնպես, ինչպես կարողանում է:
«Էդ խանդը որտեղի՞ց ձեզանից: Հլա դուք պատկերացրեք՝ մեքենաներ չունենա ԱԺ-ն: Ինչպիսի՞ ծախսեր կունենա: Մի քանի անգամ ավելին, քան կա: Մնացածն ընդամենը աշխատավարձ է, ուրիշ բան չկա»,- ասաց Գ.Սահակյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովի թվով 82 մեքենաներից 3-ը որպես «լոմ»՝ կանգնած է, սպասում է գնումների մրցույթին: