«Հայաստանում ներդրումների նվազում չկա». Կարեն Ճշմարիտյան
«Կոռուպցիայի դեմ պայքարը և հավասար մրցակցային պայմանների ստեղծումն ավելի շատ ուղղված են համակարգային փոփոխություններին: Ընդհանուր առմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի շատ նախատեսում է այն մոտիվացիաների վերացում, որոնք թույլ են տալիս այդպիսի երևույթներ: Իսկ դրա հիմքում ընկած է առաջին հերթին՝ օրենսդրության բարելավումը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ի պատասխան 168.am-ի դիտարկմանը, որ, փաստորեն, ներդրումների նվազումը վկայում է, որ կոռուպցիան չի պակասում Հայաստանում, նախարարը հայտարարեց, թե ներդրումների նվազում չկա, հակառակը՝ կա փոքր, բայց ավելացում:
Նա նշեց, որ օտարերկրյա ներդրումները բաղկացած են մի քանի տեսակից՝ ուղղակի, պորտֆելային և այլն, ընդ որում՝ ուղղակի ներդրումները կարող են լինել 1-2 գործարքի արդյունք, իսկ պորտֆելային ներդրումներն ուղղակիորեն գնում են բիզնեսի զարգացմանը: Ըստ Ճշմարիտյանի՝ անցած տարի ուղղակի օտարերկրյա ներդրումների նվազումը «Գազպրոմի» հետ գործարքից էր կախված, իսկ այս տարի «Որոտանի» գործարքը կփակի դա: