Փողից կախված

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարները (կամ պարզապես տրանսֆերտները) շարունակում են նվազել։

Այսպես, 2015 թվականի սեպտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել շուրջ 169.3 մլն դոլար (սրա մեջ մտնում են թե՛ առևտրային, թե՛ ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումները)։ Օգոստոսի համեմատ տրանսֆերտների ներհոսքն աճել է մոտ 9 միլիոն դոլարով։ Սակայն նախորդ տարվա հետ համեմատության մեջ դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ վիճակն այնքան էլ լավ չէ (մեղմ ասած)։
2014 թվականի սեպտեմբերին տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 203.2 մլն դոլար` 33.9 միլիոն դոլարով ավելի, քան այս տարվա սեպտեմբերին։
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են փոխանցել 1 մլրդ 191.4 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 618.2 մլնի դիմաց։ Այսինքն, հունվար-սեպտեմբերին տրանսֆերտների ներհոսքը նվազել է 426.7 մլն դոլարով կամ 26.3%-ով։ Բնականաբար, այս նվազման համար «պարտական ենք» Ռուսաստանին: Այս երկրից ընթացիկ ժամանակահատվածում Հայաստան է փոխանցվել 749.9 մլն դոլար` նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 1.2 մլրդ դոլարի փոխարեն։ Միայն Ռուսաստանից եկող տրանսֆերտները նվազել են շուրջ 450 մլն դոլարով կամ ավելի քան 37%-ով։
Ի դեպ, նույն հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում նվազել է նաև արտահոսքը։ Այս տարվա ընթացքում ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկիր են փոխանցել 535.4 միլիոն դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը 654.2 միլիոն դոլար էր։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ արտահոսքը նվազել է 118.8մլն դոլարով կամ 18%-ով։

Ուշագրավն այն է, որ դեպի Ռուսաստան արտահոսքը, հակառակը` աճել է 10.8 մլն դոլարով` 178.4 մլն դոլարից հասնելով 189.2 մլն դոլարի։ Այսինքն` մենք սկսել ենք Ռուսաստանից ավելի քիչ ստանալ և ավելի շատ ուղարկել։ Ճիշտ է` տարբերությունը դեռ շատ մեծ է. Ռուսաստանից 7-8 անգամ ավելի շատ ենք ստանում, քան ուղարկում, սակայն այդ տարբերությունը դանդաղ, բայց կայուն կերպով նվազում է։

Հայաստան եկող տրանսֆերտների մեծ մասը` շուրջ 75%-ը, ոչ առևտրային նպատակով է։ Այսինքն, սա կոնկրետ այն գումարն է, որը դրսում աշխատող հայերն ուղարկում են ՀՀ-ում ապրող իրենց հարազատներին` «յոլա գնալու» համար։ Ու սա այն գումարն է, որն ուղղվում է անմիջապես սպառմանը, քանի որ խնայելուն չի բավականացնում։

transferts-2015

Ահա այդ` ոչ առևտրային նպատակով ուղարկվող տրանսֆերտներն այս տարվա հունվար-սեպտեմբերին նվազել են 425.9 միլիոն դոլարով և կազմել 897.1 մլն դոլար։
425 միլիոնը բավականին լուրջ թիվ է Հայաստանի տնտեսության համար։ Դա մեր համախառն սպառման մեջ բավական լուրջ տեսակարար կշիռ ունի ու, բնականաբար, բացասաբար է ազդում սպառման, հետևապես նաև` տնտեսական ակտիվության վրա։ Ի դեպ, դա երևում է նաև պաշտոնական վիճակագրությունից. ներքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ի հունվար-սեպտեմբերին նվազել է 5.6%-ով։

Եթե հաշվի առնենք նաև գնաճը, ապա ներքին առևտրաշրջանառության անկումը կհասնի 10%-ի։ Իհարկե, պատճառը միայն տրանսֆերտների նվազումը չէ, սակայն դրա ազդեցությունն ակնհայտ է։

Տրանսֆերտներից անցնենք արտաքին հատվածի մեկ այլ ցուցանիշի` արտաքին առևտրաշրջանառությանը։ Հիմա ամփոփենք այս ամենը` դրամի փոխարժեքի կտրվածքով։ Գաղտնիք չէ, որ տրանսֆերտների ներհոսքը փոխարժեքի վրա ազդող հիմնական գործոններից մեկն է։ Ու 9 ամսվա ընթացքում դրանց նվազումը 425 մլն դոլարով պետք է արժեզրկեր հայկական դրամը։ Սակայն նման բան տեղի չունեցավ։ Հակառակը` վերջին շաբաթների ընթացքում դրամն անգամ արժևորման միտումներ ցույց տվեց։ Ինչո՞ւ։
Որովհետև արտարժույթի ծավալի, ու հետևաբար` փոխարժեքի վրա, տրանսֆերտներից բացի, ազդում է նաև մեկ այլ շատ կարևոր գործոն` արտաքին առևտուրը։ Տարիներ շարունակ արտաքին առևտրի միջոցով «դուրս եկած» արտարժույթը կոմպենսացվել է տրանսֆերտների միջոցով։

Իսկ ի՞նչ պատկեր ունենք ընթացիկ տարում։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` արտահանման ծավալը գրեթե անփոփոխ է մնացել։ 2015թ. հունվար-սեպտեմբերին արտահանումը նվազել է 0.9%-ով և կազմել 1 մլրդ 95.6 մլն դոլար։ Սակայն նույնը չի կարելի ասել ներմուծման մասին։ Այս տարվա առաջին 9 ամիսներին ներմուծումը կազմել է 2 մլրդ 361.7 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 մլրդ 218.2 մլն-ի փոխարեն (նվազումը` 26.6%)։

Արդյունքում, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 միլիարդ 266 մլն դոլար` նախորդ տարվա 2 մլրդ 112.6 մլն դոլարի փոխարեն։ Այսինքն` արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը (կամ որ նույնն է` արտաքին առևտրի միջոցով Հայաստանից դուրս եկող արտարժույթի ծավալը) նվազել է 846.6 մլն դոլարով։

Լա՞վ է սա, թե՞ վատ։ Վերը նշվածի արդյունքում Հայաստանի վճարային հաշվեկշիռը փոքր-ինչ բարելավվել է, և թուլացել է ճնշումը հայկական դրամի վրա։ Սակայն մտահոգության պատճառներն ավելի շատ են։

Եթե արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը նվազեր արտահանման զգալի աճի հաշվին, ապա դա, անկասկած, լավ կլիներ։ Սակայն, երբ դա տեղի է ունենում ներմուծման ծավալների էական կրճատման արդյունքում, դրանում ոչ մի ուրախալի բան չկա։ Բացի այն, որ ներմուծման անկումը վկայում է մեր բնակչության գնողունակության անկման մասին, այն նվազեցնում է սահմանին գանձվող հարկային մուտքերը: Ի դեպ, տնտեսական բլոկի պաշտոնյաներն իրենց վերաբերմունքն այս հարցում չեն էլ թաքցնում։

Օրինակ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ չնայած վերջին 10 տարում հանրային մուտքերը կրկնապատկվել են, ներկա տնտեսական իրողությունների պայմաններում նման հնարավորություններ չկան։ Իսկ դրա օբյեկտիվ պատճառները (օտարերկրյա ներդրումների նվազող ծավալները, հատկապես` ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների մակարդակը, կրճատվող վճարունակ պահանջարկը, և այլն), որոնք նպաստում են հարկային մուտքերի բարձր մակարդակին, ըստ ֆինանսների նախարարի` դեռևս շարունակվում են, իսկ առանձին ուղղություններով` ավելի են խորանում։

Ամենավատը, սակայն, այն է, որ խնդիրը շատ ավելի խորն է։ Խնդիրը ոչ թե այն է, որ տրանսֆերտները նվազում են կամ ավելանում, այլ մեր քրոնիկ ու խորացող կախվածությունը դրանից։ Դրսից գալիս է ապրանքն ու փողը։ Այստեղ սպառում ենք, գումարը նորից ետ է գնում ու կրկին գալիս։ Ու այսպես` արդեն 2 տասնամյակ։ Մեր տնտեսությունը նման է ծանր հիվանդի, որին միայն ցավազրկողներ են տալիս։ Երբ ցավազրկող դեղորայքը (տրանսֆերտները) նվազում է, ընկնում ենք ծանր վիճակի մեջ` տրամադրությունն ընկնում է, ախորժակը` կորում, ակտիվությունը` նվազում։

Իսկ երբ «դոզան» ավելանում է (ընդ որում, ավելացնողն ու պակասեցնողը մենք չենք), ժամանակավորապես լավ ենք զգում մեզ, ինքներս մեզ խաբում, թե բողկի պես առողջ ենք (ինչպես, ասենք, 2000-ականների երկնիշ աճի ժամանակ)։ Սակայն տնտեսությանն իրականում վիրահատական միջամտություն է պետք` լուրջ ու արմատական բարեփոխումների տեսքով։

Տեսանյութեր

Լրահոս