Մեկուկես տարի՝ իշխանափոխության համար
«Հայկական Ժամանակ» թերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին, գրել է, որ իշխանությունները նախատեսում են հաջորդ խորհրդարանում պատգամավորների թիվը կրճատել առնվազն տասով: Այսինքն, ներկայիս 131-ի փոխարեն՝ հաջորդ գումարման ԱԺ-ն մաքսիմում 121 պատգամավոր է ունենալու:
Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը՝ նշանակում է, որ իշխանությունը որոշել է նաև, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են երկու փուլով: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի ամենավիճահարույց դրույթներից մեկի՝ 89-րդ հոդվածի համաձայն, կայուն մեծամասնություն չձևավորվելու դեպքում կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ: Իսկ կայուն մեծամասնություն ձևավորվում է այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցող ուժերից մեկն առաջին փուլում ստանում է ձայների մեծամասնությունը կամ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու ճանապարհով է ձևավորում մեծամասնություն:
Նույն հոդվածով սահմանված է, որ Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից: Այսինքն՝ երկրորդ փուլի դեպքում պատգամավորների թիվը կարող է ավելացվել: Ընդ որում, թվի վերին շեմ չի սահմանվում: Եվ ուրեմն, եթե թերթի այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա նախ՝ նշանակում է, որ իշխանությունը ոչ միայն՝ վստահ չէ մեծամասնություն ստանալու իր ուժերին, այլև վստահ է, որ դա չի հաջողվելու, և արդեն այսօրվանից մտածում է երկրորդ փուլի մասին: Բացի այդ, այս տարբերակը նշանակում է, որ իշխանությունը վստահ չէ, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած այլ ուժերի հետ կոալիցիա կձևավորի: Դա էլ իր հերթին՝ կարող է նշանակել, որ Դաշնակցության հետ, որը համարվում է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ ամենահավանական թեկնածուն, ինչ-որ խնդիր կա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, որն ինքը կցանկանար համարվել կոալիցիոն գործընկերոջ հավանական թեկնածուն, ապա հնարավոր է՝ ՀՀԿ-ն ինքը չի ցանկանում ԲՀԿ-ին «վերցնել»: 121 պատգամավորը, մյուս կողմից, նշանակում է՝ այլ ուժերի հավակնությունները բավարարելու հնարավորության ավելացում՝ 101-ի համեմատ: Այսինքն՝ ավելացնելով մանդատների թիվը, իշխանությունն իր համար ընտրական առևտրի ավելի լայն դաշտ կարող է բացել:
Սա, իհարկե, վերջնական տարբերակ կամ սցենար չի կարող լինել: Մինչև 2017 թվականը շատ բան կարող է փոխվել, և այս հաշվարկը կարող է լինել իշխանության այլընտրանքներից մեկը միայն:
Ավելին՝ այս և մնացած նմանատիպ հաշվարկները կառուցվում են այն կանխադրույթի հիման վրա, որ ՀՀԿ-ն, անկախ ամեն ինչից, ընտրություններում զբաղեցնելու է առաջին տեղը: Եվ այս ու նմանատիպ այլ սցենարները կարող են հօդս ցնդել, եթե հասարակությունը որոշի գոնե մի անգամ իրապես մասնակցել ընտրություններին՝ առանց ընտրակաշառքների, վախի ու հարմարվողականության:
Եվ եթե հասարակությունը նման որոշում կայացնի ու որոշում կայացնելուց հետո գտնի այն ուժին կամ ուժերին, որը կարող է արժանանալ իր հավանությանը, ապա ՀՀԿ-ն կարող է հայտնվել ոչ թե՝ կայուն մեծամասնություն, այլ՝ անկայուն փոքրամասնություն ունեցողի դերում: Խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի ժամանակ կա, և այդ մեկուկես տարին բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար: Որևէ վատ բան չպետք է մտածել:
Այդպիսով կբավարարվի ՀՀԿ-ի ցանկությունը, որի ներկայացուցիչներն իրենց չխնայելով՝ հավաստիացնում են, թե սահմանադրական փոփոխությունները խաղաղ իշխանափոխության բացառիկ հնարավորություն են ստեղծում: Այնպես որ, հասարակությունը կարող է գոնե մի անգամ ընդառաջ գնալ իշխանությանը և փոխել նրան: Այդպիսով կկատարվի և՛ հասարակության մեծամասնության, և՛ ՀՀԿ-ի ցանկությունը: