Քաղաքակիրթ աշխարհը պետք է դադարի բարբարոսների հետ սիրախաղ վարել․ Հայկ Ա․ Մարտիրոսյան

168.amի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա․ Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում Փարիզում, և որտե՞ղ պետք է փնտրել տեղի ունեցողի արմատները։

– Կատարվում է այն, ինչն անխուսափելի էր: Ծայրահեղական Իսլամը խժռում է Ֆրանսիան և հիմա արդեն անցել է բացահայտ գործողությունների: Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և Բելգիան Եվրոպայի ամենաթույլ օղակներն են, որովհետև ամենաանմիտ միգրացիոն քաղաքականությունն են վարել տասնամյակներ շարունակ և այսօր ավելի են թաթախվում իրենց հյուրընկալ մոլուցքի մեջ: Արդյունքում՝ աշխարհի աղբը լցվել է Եվրոպա և այժմ խժռում է ամեն բան: Եվ քանի որ ֆրանսիական ականջները չափազանց նուրբ են քաղաքականապես ոչ կոռեկտ ճշմարտություններ լսելու համար՝ ձևավորվել է մի ամբողջ հասարակություն, որն այդպես էլ շարունակաբար չի կարողանում հասկանալ, որ խնդիրը ոչ թե կամ ոչ միայն կոնկրետ ահաբեկիչների մեջ է, այլ՝ իրենց մշակույթի և արժեքների հետ անհամատեղելի գաղափարախոսության կրողների կողմից իրականացվող լուռ և աստիճանական, սակայն մասսայական նվաճման: Դրա արդյունքները մենք տեսել ենք նախկինում, տեսնում ենք և այսօր, և, ցավոք, դեռ տեսնելու ենք ապագայում:

Սա կարելի՞ է համարել «Շառլի Էբդոյի» շարունակությունը։ Ֆրանսիան չարե՞ց համապատասխան հետևություններ՝ ըստ Ձեզ։

– Ո՛չ: «Շառլի էբդոն»՝ անտեղյակ զանգվածների կողմից դիտարկվեց՝ որպես առանձին դիպված: Սակայն երեկվա իրադարձությունները ոչ թե դրա շարունակությունն են, այլ դրա հետ մեկ միասնություն կազմող երևույթի միայն մեկ ողբերգական դրվագ: Նույնպիսի կամ առավել մեծ ողբերգությունները, ցավոք, դեռևս առջևում են:

Այս ամենին ինչպիսի՞ արձագանք պետք է տա քաղաքակիրթ աշխարհը։

– Քաղաքակիրթ աշխարհը պետք է դադարի բարբարոսների հետ սիրախաղ վարել և Ծոցի երկրների ծոցն ու անկողինը մտնել՝ հանուն նավթի, կորպորատիվ շահերի և կեղծ փոխշահավետության: Նաև՝ պետք է դուրս նետի Թուրքիային ՆԱՏՕ-ից, որպեսզի լուրջ լծակներ ստանա մահմեդական աննախադեպ միգրացիան խրախուսող այդ երկրի վրա, և պետք է սեփական տարածքից վռնդի ներս թափանցող բարբարոսների այդ հորդաներին: Ցավոք, սրանք ուտոպիստական գաղափարներ են, և քանի դեռ կան հանուն նավթի և գումարի քաղաքակիրթ մարդկության շահը զոհաբերողներ՝ համաշխարհային այս աղետն ավելի ու ավելի է սրվելու: Եվրոպան և Արևմուտքն ընդհանրապես՝ մտել է մի փուլ, որն այդ երկրները, ցավոք, դարձնելու է մասսայական արյունահեղությունների թատերաբեմ: Ու քանի դեռ լվացված ուղեղներով և նավթի դիմաց վաճառված խղճով առաջնորդները մոլորեցնելու են իրենց ժողովուրդներին՝ գինը վճարելու են այդ նույն ժողովուրդները և քաղաքակրթությունն ընդհանրապես:

Տեսանյութեր

Լրահոս