«Խորհրդարանական համակարգը բացառում է ցնցումները երկրում, ինչն ամենակարևորն է». Ալեքսանդր Մանասյան
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է՝ լավ կլինի, որ առաջիկայում ԶԼՄ-երը հանդես գան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ գիտական-վերլուծական հաղորդումներով: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ «օդում և լրատվամիջոցներով շրջանառվող նյութերը քարոզչական են և ոչ հիմնավորված»:
Ըստ նրա՝ հասարակությունն այսօր հիմնավորված վերլուծությունների կարիք ունի: Քաղաքագետի կարծիքով՝ այս պրոցեսում կենտրոնական հարցն այն է, թե կարո՞ղ ենք սահմանադրական փոփոխության արդյունքում ունենալ նոր քաղաքական մշակույթ, քանի որ, նրա խոսքով, այն, ինչ հիմա ունենք, այն չէ, ինչի մասին երազել ենք:
Նա նշեց, որ ծանոթ է սահմանադրական բարեփոխումների նախագծին և դրական է տրամադրված. «Նախագահական ընտրությունների ժամանակ երկիրը դառնում է օտար ուժերի ազդեցության գոտի, ու երկրում սկսում է ցնցումների ժամանակաշրջան: Այդպես չի լինում խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Գլխավոր առավելությունն այն է, որ նա կարող է բացառել ցնցնումները, գուցե դա ամենակարևորն է»:
Ա. Մանասյանի մտավախություններից մեկն այն է, որ ճակատագրական հարցերը չդառանան ժողովարարների լուծման հարց. «Կարծում եմ՝ այս հարցադրումները բխում են միայն այն բանից, որ ժողովուրդն իրապես մտահոգված է մեր քաղաքական անցյալով և ապագայով»: