Ռուսաստանը հերթական անգամ եկավ ամեն ինչ անելու, որ սահմանափակի մեր աշխատանքը Եվրամիության հետ. Ստեփան Գրիգորյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցին հաջորդեց ՌԴ նախագահ Վ. Պուտինի հանձնարարականը՝ ստորագրել Հայաստանի հետ Կովկասում ՀՕՊ համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր. «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը՝ ստորագրել համաձայնագիր ՌԴ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին:

Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը` Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնակցությամբ անցկացնել բանակցություններ հայկական կողմի հետ՝ համաձայնություն ձեռք բերելու ՌԴ-ի անունից ստորագրել վերոնշյալ համաձայնագիրը՝ թույլ տալով այն ներառել նախագծում, որը հավանության է արժանացել կառավարության կողմից, փոփոխություններ, որոնք սկզբունքային բնույթ չեն կրում»,- ասվում է փաստաթղթում:

168.am-ը «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանից փորձեց պարզել, թե ի՞նչ կտա մեզ այս համաձայնագիրը՝ անվտանգության առումով, և ո՞րն էր Լավրովի այցի բուն նպատակը: Ս. Գրիգորյանը նշեց, որ համաձայնագրի մասնրամասներին տեղյակ չէ.

«Գիտեմ, որ ստորագրել են, բայց թե ի՞նչ է կարգավորում, չգիտեմ: Ռուսաստանը հերթական անգամ եկավ ամեն ինչ անելու, որ սահմանափակի մեր աշխատանքը Եվրամիության հետ: Դա ակնհայտ է: Քանի որ Ռուսաստանը խանդոտ է ու չի ուզում այդ մոնոպոլիան Հայաստանի վրա կորցնել, դրա համար պատահական չէ, որ օդային կապի հետ կապված ինչ-որ պայմանագիր է ստորագրում: Նյուանսների մասին խոսելու համար պետք է պայմանագիրը նայել, բայց պարզ է, որ դա պատասխանն է այն բանի, որ Եվրամիությունը սկսում էր մեզ հետ օդային կապի հետ կապված բանակցությունները:

Կարդացեք նաև

Իսկ Լավրովը չի եկել Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար, Ղարաբաղը միշտ էլ Հայաստանի ու Ռուսաստանի օրակարգում կա, նրա գլխավոր նպատակը Հայաստանի ու Եվրամիության համագործակցությանը խոչընդոտելն է»: Ըստ նրա, եթե իրականացվեր, կատարվեր այն, ինչ Ռուսաստանը մեզ հետ ստորագրում է, իրավիճակն այլ կլիներ. «Բայց ցավոք, մեր անդամակցությունը ԵՏՄ-ին ցույց է տալիս, որ ոչ միշտ են Ռուսաստանի հետ պայմանագրերն աշխատում: Ռուսաստանն ուզում է, որ մենք չկարողանանք մյուսների հետ ավելի ակտիվ աշխատել: Էգոիստական մոտեցում է:

Բայց դրա փոխարեն՝ մեզ ոչինչ չի տալիս: Հայաստանը կարծես թե փորձում է կոմպլեմենտար քաղաքականություն վարել: Օրինակ՝ ողջունում եմ, որ Հայաստանը պատրաստ է հիմա նոր պայմանագիր կնքել Եվրամիության հետ, պատրաստ է օդային կապի հետ կապված քայլեր անել: Դա շատ կարևոր է, որ մենք չմեկուսանանք: Ես, օրինակ, չգիտեմ, այդ օդային համաձայնագիրը Ռուսաստանի հետ սահմանափակո՞ւմ է մեր հնարավորությունները՝ լավացնել հարաբերությունները կամ օդային կապի համագործակցությունը Եվրամիության հետ: Եթե չի խանգարում, դա այլ բան է, եթե այնտեղ կետեր կան, որոնք սահմանափակում են, դա այլ բան է:

Օրինակ՝ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին, ակնհայտ է՝ սահմանափակում է մեր հնարավորությունները առևտրի ոլորտում: Հիմա այս օդային պայմանագիրը սահմանափակո՞ւմ է, թե՞ ոչ: Պետք է ուսումնասիրել պայմանագրի կետերը, եթե այն հրապարակված է: Օդային ընդհանուր տարածք ստեղծելու կոնսուլտացիաներ սկսվեցին Եվրամիության հետ, հիմա դրանք հակասո՞ւմ են իրար, թե՞ ոչ:

Կարող է՝ չի էլ հակասում: Բայց պնդում եմ, որ Լավրովը եկավ այստեղ, քանի որ Ռուսաստանը մտահոգված է»:

Ս. Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանին քննադատելն անիմաստ է, քանի որ նա ելնում է իր շահերից. «Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Հայաստանն ակտիվ չաշխատի ոչ միայն՝ Եվրամիության, այլև՝ կառույցների հետ, քանի որ ուզում է իր մոնոպոլիան այստեղ պահել: Այո, Ռուսաստանի հետ պետք է աշխատել, բայց նաև պետք է այլընտրանք ունենալ, որ Ռուսաստանը ձգտի սիրաշահել մեզ: Եթե դու մոնոպոլիա ես տալիս մեկ երկրի, ինքը վերցնում է քո հզորությունը, բայց չի աշխատեցնում, ինչը մենք տեսնում ենք: Ես չեմ ուզում ասել՝ չաշխատել Ռուսաստանի հետ, ընդհակառակը՝ պարտավոր ես աշխատել, բայց եթե մենաշնորհը տալիս ես Ռուսաստանին, ակնհայտ է՝ դա բերում է նրան, որ ոչ մի բանով մեզ չեն աջակցում»:

Կրկին անդրադառնալով Հակաօդային պաշտպանության համաձայնագրին, նա ասաց, որ միգուցե դա մեզ պետք է, բայց նշեց, որ այդ ոլորտի փորձագետները թող ուսումնասիրեն ու մեզ ասեն՝ դա կխանգարի՞ մեր համագործակցությանը քաղաքացիական ավիացիայի ոլորտում Եվրամիության հետ, թե՞ ոչ. «Եթե Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության համաձայնագրի ստորագրումը միայն ռազմական ոլորտի հետ է կապված, խնդիր չեմ տեսնում»:

Մեր հարցին, թե թեկուզ ռազմական ոլորտի որևէ համաձայնագիր Ռուսաստանի հետ ստորագրելն իմաստ ունե՞ր, եթե մենք՝ լինելով ՀԱՊԿ անդամ, սահմանային դեպքերի ժամանակ որևէ դատապարտող հայտարարություն չլսեցինք, նա պատասխանեց.

«Չգիտեմ՝ իմաստ ունե՞ր, թե՞ ոչ, բայց մեկ բան կարող եմ ասել. չեն հայտարարել, ճիշտ էլ արել են, քանի որ մենք մեր անվտանգությունը կապեցինք միայն Ռուսաստանի հետ: Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները հարթ չեն վերջին շրջանում, պե՞տք է իրեն ավելի սրել հարաբերությունները հայերի համար: Այո, մեր ռազմական դաշնակիցն է, ռազմական, բայց միակողմանի: Դա բազմակողմանի չէ, որ դու ասես՝ մենք այլընտրանք ունենք, վաղը եթե իրենք չկատարեն իրենց առջև դրված պարտավորությունները, մենք կգնանք այլ տեղ: Այստեղ ես Ռուսաստանին քննադատելու բան չունեմ: Հայաստանը պետք է շարժվի՝ իր շահերից ելնելով: Իսկ շահը հուշում է, որ պետք է բոլոր ոլորտներում ունենանք այլընտրանք՝ սկսած հումանիտար հարցերից՝ մինչև ռազմական անվտանգություն»:

Տեսանյութեր

Լրահոս