«Այս հանրապետական մանկիկները շատ հաց ու պանիր պետք է ուտեն». Բագրատ Ասատրյան
«Այս նեղ մաջալին Սահմանադրություն են փոխում»,- կարծում է 1990թ.՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1994-1998 թթ.՝ ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց, որ նոր Սահմանադրությունն անարգանք է մեր հասարակության, մեր պետության պատմության, ներկայի և ապագայի նկատմամբ:
Բ. Ասատրյանը չառանձնացրեց սահմանադրական բարեփոխումների նախագծի մտահոգիչ կետերը, քանի որ, ըստ նրա՝ մտահոգիչ է հենց երևույթը. «Մտահոգիչ է, որ ստացվում է, որ մեր երկրում յուրաքանչյուր մեկը, որ ղեկավար է դառնում, պետք է Սահմանադրություն փոխի, փաստորեն, մենք մեր պատմության ընթացքում երեք նախագահ ենք ունեցել ու ունենք երեք Սահմանադրությունը»:
Նա նկատեց, որ Սահմանադրության հիմնական արժեքը կայությունն է՝ կայուն իրավական քաղաքական նորմեր, որոնք երկարատև պետք է աշխատեն. «Այս մարդիկ պատմությունը մոռացել են: Ես ուզում եմ հիշեցնել, որ ես առաջին պառլամենտի անդամ եմ եղել ու ես հիշողություն ունեմ, որ չգիտեմ՝ այս մարդկանց հետ ինչպես կիսվեմ: Մենք մինչև առաջին պառլամենտը պառլամենտական երկիր էինք, պառլամենտարիզմի պատմությունը մեզանում տևեց 3 ամիս, 3 ամսվա ընթացքում մենք մտանք խորը քաղաքական ճգնաժամի մեջ: Այս հանրապետական մանկիկները, տգետները շատ հաց ու պանիր պետք է ուտեն, ու չեն էլ կարող լինել առաջին պառլամենտի նման, բայց մտանք ճգնաժամի մեջ, որի ժամանակ Գերագույն խորհուրդը հրաժարվեց իր լիազորությունից»:
Հարցին՝ այսինքն՝ առաջիկայում էլ նման քաղաքական ճգնաժամի սպասե՞նք, Բ. Ասատրյանն այսպես պատասխանեց. «Եթե մնա այս համակարգը, որտեղ պառլամենտը որևէ դեր և նշանակություն չունի, պարզ է, որ ոչ մի կոնֆլիկտ չի լինելու՝ թե ով է ընտրվելու, ինչպես են ընտրվելու, մենք գիտենք՝ ով և ինչպես է ընտրվելու. Նա, ով այսօր կա՝ թաղի հեղինակություններ, հարուստներ, եսիմինչեր: Այս պարագայում քաղաքական կոնֆլիկտ, ճգնաժամ չի կարող լինի, քանի որ չկա քաղաքական դաշտ: Մենք գնում ենք սրան»: