Ի՞նչ պատիժ կստանա Առաքել Մովսիսյանը` գլխատելու և բռնաբարելու սպառնալիքի համար
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննվեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի դիմումը։ Ա.Մովսիսյանը, հիշեցնենք, սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխներն, ովքեր հանդգնել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։ «Էդ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի։ Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ,- խոստացել էր Ա.Մովսիսյանը՝ նաև սեռական բնույթի սպառնալիք հնչեցնելով,- Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»։
Դիմումատուի և «մեղադրյալի» բացակայությամբ դռնփակ նիստից հետո հանձնաժողովի նոր նախագահ Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ որոշումն այս պահին չի կայացվել տեխնիկական պատճառով, այն կուղարկվի Ա.Մովսիսյանին, որպեսզի նա ծանոթանա, դեկտեմբերի 1-ին կհրավիրի նիստ և կհրապարակվի որոշումը:
Հարցին, թե հնարավո՞ր է որոշման մեջ կետ լինի՝ «գլխատել ներքևից», Վ.Բաբայանը պատասխանեց, որ էթիկայի հանձնաժողովը միայն արձանագրում է՝ եղե՞լ է կանոնակարգի խախտում, թե՞ ոչ, մնացած հարցերով պետք է զբաղվեն իրավապահները: