«Գիտեմ, որ ոչ բոլորի համար եմ գեղեցիկ». Ասում է աշխարհահռչակ «Միսիս գլոբ» մրցույթում Հայաստանը ներկայացնող մոդել Աննա Դեմիրխանյանը
Հայտնի է, որ աշխարհահռչակ «Միսիս գլոբ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է մոդել Աննա Դեմիրխանյանը: Մրցույթը տեղի է ունենալու Չինաստանում, նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը: Չինաստան մեկնելու հնարավորություն ստանալու համար Աննա Դեմիրխանյանը նախ մասնակցել է «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի կազմակերպած քասթինգին, որի ընթացքում էլ հաստատվել է նրա մասնակցությունը: Մեր զրույցի ընթացքում Աննան ծիծաղով հիշեց, որ դպրոցական տարիքում իրեն «լուցկու չոփ» էին անվանում՝ չափազանց նիհար լինելու համար: Իսկ հղիության շրջանում անմիջապես խանութի շեմից հաճախ զգուշացնում էին, որ իր չափսերի հագուստ ուղղակի չունեն:
– Չինաստան մեկնելու հնարավորություն ստանալու համար Դուք նախ մասնակցել եք «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի կազմակերպած քասթինգին, որի ընթացքում և հաստատվել է Ձեր մասնակցությունը: Աննա, ի՞նչ չափորոշիչներով է ընտրվել հաղթողը, այսինքն՝ Դուք:
– Ասեմ այսպես՝ Հայաստանում դժվար է գտնել ամուսնացած, երեխատեր մոդել, որին ամոթ չէ ներկայացնել աշխարհին:
– Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ մրցույթներին մասնակցել չեք սիրում: Մինչ օրս քանի՞ մրցույթների եք մասնակցել: Եվ առհասարակ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել կոնկրետ այս մրցույթին:
– Երբեք չեմ մասնակցել գեղեցկության մրցույթներին: Ի՞նչ է նշանակում «գեղեցկության մրցույթ» ասվածն ընդհանրապես: Ես ընդունում եմ, երբ մրցում են սպորտում կամ գիտելիքների ոլորտում… Բայց չեմ հասկանում մրցույթը գեղեցկության մեջ: Գեղեցկությունը չունի չափանիշներ: Ինձ համար չկա տգեղ կին: Մեզնից յուրաքանչյուրը գեղեցկության ընկալման իր չափորոշիչներն ունի: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ, այդքանով հանդերձ, որոշեցի մասնակցել այս մրցույթին, ասեմ, որ այժմ շատ վստահ եմ զգում, որ կարող եմ Հայաստանիս համար մի լավ բան անել: Ես կարող եմ երկրիս մասին պատմել դրսում, և, եթե կարողանամ՝ նաև հաղթանակ բերել իմ ժողովրդին:
– Ի՞նչն է դրդում առանց այն էլ գեղեցիկ արտաքինով կնոջը՝ մասնակցել գեղեցկության մրցույթներին: Նրա, մեղմ ասած, ինչի՞ն է պետք, որպեսզի ժյուրի ասածը, այսինքն՝ բոլորովին օտար մարդիկ, շեշտեն, որ այո՛, նա գեղեցիկ է:
– Ես գիտեմ, թե ով եմ ես և ինչպիսի արտաքին ունեմ: Իհարկե, հաճելի է նաև կողքից լսել այդ ամենի մասին: Սակայն այդ մրցույթին մասնակցելն ինձ համար ինքնահաստատման նպատակ չունի: Ես ասելիք ունեմ: Այդ մրցույթն ինձ լսված լինելու հնարավորություն է տալիս: Ուղղակի շատերն այդ մրցույթի և նրա մասնակիցների մասին սխալ պատկերացումներ ունեն, որոնք իրականում պարզապես կարծրատիպեր են: Հայաստանում շատ անտարբեր են գեղեցիկի նկատմամբ, այն առումով, որ չեն անցկացվում որևէ տեսակի մրցույթներ, չեն բացահայտում ունեցած պոտենցիալը: Հայաստանում չեն ոգևորում աղջիկներին և կանանց՝ ձգտել լինել խնամված և գեղեցիկ: Երևակայությունները հերիքում է միայն, որպեսզի գովերգեն սլավոնական արտաքինով աղջիկների, մինչդեռ հայուհիները չափազանց գեղեցիկ են: Եվ դա ասում եմ ես, ով իր երակներում կրում է և ռուսի, և ուկրաինացու արյուն:
– Նաև ասել էիք, թե՝ «Մրցույթին պատրաստվելը շատ երկար ու ծանր աշխատանք է, մանավանդ, երբ ուզում ես ամեն ինչը շատ լավ ներկայացնել, տեղը տեղին»: Դուք ունե՞ք թիմ, ով աջակցում է Ձեզ այս հարցում, թե՞ ամեն ինչ միայնակ եք անում:
– Միայնա՞կ: Դա անհնար է: Այս նախաձեռնության մեջ ես չունեմ ո՛չ հովանավոր, ո՛չ մասնագիտացված պրոֆեսիոնալ թիմ: Սակայն կողքիս է մտերիմ և հարազատ ընկերների մի մեծ բանակ: Բոլորին չեմ կարող թվարկել, սակայն ես նրանց շատ շնորհակալ եմ և անչափ սիրում եմ:
– Այնուամենայնիվ, ովքե՞ր են Ձեր «բանակում»:
– Մոդելավորող Ֆաինա Հարությունյանը «կհագցնի» ինձ մրցույթին, «Տերյան» մշակութային կենտրոնը կտրամադրի ազգային տարազը, «Գոլդ Ջիմ» սպա կենտրոնի տնօրեն Քրիստինա Բաբայանն իր օգնությունն է առաջարկել գեղեցկության և խնամքի ապահովման հարցում, Վիգեն Մնոյանն արդեն արել է մրցույթին անհրաժեշտ բոլոր լուսանկարները, Տիգրան Մանուկյանը նկարահանել է տեսահոլովակ, որը շուտով պատրաստ կլինի… Բոլոր ընկերներս և ընկերուհիներս ուզում են օգնել ինձ, և այդ փաստն ինքնին շատ հաճելի է: Նման պահերին հասկանում ես, որ իզուր չես ապրել, քանի դեռ քո շուրջն են հավաքված այսքան շատ բարյացակամ մարդիկ:
– Որքա՞ն գումար է անհրաժեշտ՝ մրցույթին ըստ արժանվույն ներկայանալու համար:
– Մրցույթի նախապատրաստման փուլին ևս շատ լուրջ եմ վերաբերվում: Ֆինանսական առումով բավականին բարդ է: Ասեմ այսպես՝ մրցույթին կարելի է պատրաստվել և՛ 5000 դոլարով, և՛ 20.000 դոլարով: Որքան շատ ներդրում արվի, այնքան ճոխ կներկայանաս: Օրինակ, մենք այնտեղ գնալու ենք x միջոցառման, որին ես կարող եմ ներկայանալ և իմ ունեցած հագուստով, և հին կոշիկներով… Սակայն այդ ամենը նկարահանվելու և մեկնաբանվելու է մամուլի կողմից: Եվ, բնականաբար, համեմատելու են մյուս մասնակիցների հետ… Կարծում եմ՝ համեմատությունն իմ օգտին կլինի, եթե ես այդ օրը կրեմ սուպեր նոր զգեստ և սուպեր նոր կոշիկներ: Հասկանում եք, չէ՞, թե ինչի մասին եմ խոսում: Կարճ ասած՝ Հայաստանի ներկայացուցիչն այս գործում հովանավորներ չունի: Ե՛վ ես, և՛ իմ «բանակը» պատրաստվում ենք մեր ուժերով, որքան հնարավոր է՝ ներկայանալի լինել այդ մրցույթին: Գոնե որևէ տուր. ընկերություն առաջարկեր իր աջակցությունն այս հարցում, թե չէ ամբողջ ճանապարհորդությունը ևս իմ հաշվին է:
– Սա միսիսների մրցույթ է, որտեղ բոլոր կանայք ունեն ընտանիքներ: Պատմեք մի փոքր Ձեր ընտանիքի մասին: Ինչպիսի՞ն եք Դուք տանը՝ իբրև կին և մայր:
– Տանն այնպիսին եմ, ինչպիսին ամենուր: Ես դերեր չեմ կատարում, չունեմ դիմակներ: Ես ուղիղ խոսող, անկեղծ, առարկաներն իրենց անուններով անվանող, բարի և շատ արագ բռնկվող մարդ եմ: Կարող եմ շուտ վրդովվել, զայրանալ և նեղացնել ինչ-որ մեկին:
Սակայն շատ շուտ «սառչում» եմ, «ուշքի եմ գալիս» և փորձում եմ ուղղել սխալս: Վեճեր չեմ հարուցում, զուրկ եմ խանդի նոպաներից: Ես ու ամուսինս շատ լավ հասկանում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական տարածքը, և հարգանքով ենք վերաբերվում այդ երևույթին:
Իբրև մայր՝ ես մի փոքր տարօրինակ մայր եմ: Չգիտեմ, թե դա որքանով է լավ կամ վատ: Ես շատ քիչ բան եմ արգելում երեխայիս, գլխավոր սկզբունքն այն է, որ իմ փոքրիկն իրեն չվնասի: Օրինակ, եթե նա ուզում թռչկոտել անձրևից հետո առաջացած ջրափոսերի մեջ, ինչո՞ւ ոչ: Մենք հագնում ենք ռեզինե երկարաճիտ կոշիկներ և երկուսով թռչկոտում ջրափոսերով: Նա այդ պահին փայլում է երջանկությունից: Դա տեսնել է պետք: Իսկ հետո, բնականաբար, վազքով դեպի տուն՝ տաք թեյ խմելու: Մենք շատ ենք խաղում միասին՝ բոլոր հնարավոր և անհնարին խաղերը: Ամուսինս զբաղվում է մեր բալիկի կրթությամբ, նրանք միասին սովորում են մոլորակների անուններն ու մարդու կմախքի կառուցվածքը, տառերը, թվերը…
Նա իր ռուսական քաղցր առոգանությամբ հայերեն հիանալի բանաստեղծություններ է արտասանում… Ավելի լավ է ես կանգ առնեմ, քանի որ աղջկաս մասին կարող եմ անվերջ խոսել: Նա իմ տարերքն է: Նա նաև ասում է, որ սիրում է ինձ, սակայն անմիջապես հետո ավելացնում է, որ հայրիկին ավելի շատ է սիրում:
– Ինչպիսի՞ն է եղել Ձեր ամուսնու առաջին ռեակցիան, երբ հայտնել եք նրան մրցույթին մասնակցելու՝ Ձեր որոշման մասին:
– Ես ասացի, որ ուզում եմ մասնակցել: Ամուսինս հարցրեց. «Ինչո՞ւ: Դու առանց այն էլ ամենալավն ես ինձ համար»: Ես ասացի, որ ուզում եմ: Նա ասաց՝ լավ: Ահա և ամբողջ խոսակցությունը:
– Ասում են, որ գեղեցիկ կանանց կյանքը սիրում է: Զգացե՞լ եք Ձեր արտաքին հմայքի ազդեցությունը, և ո՞ր դեպքերում է այն Ձեզ առավել շատ օգնում:
– Կարծում եմ՝ իրավունք չունեմ դժգոհելու: Աստված ինձ չի անտեսել՝ արտաքինս ձևավորելիս: Սակայն ուզում եմ Ձեզ գաղտնիք բացել: Ես բավականին շատ թերություններ եմ տեսնում իմ արտաքինի մեջ: Միգուցե հենց այն պատճառով, որ խիստ եմ առաջին հերթին՝ իմ հանդեպ: Ասեմ, որ գեղեցկությունը ոչ միշտ է օգնում: Իսկ իմ պարագայում արտաքին գեղեցկության առկայությունն ավելի շատ խանգարող հանգամանք է եղել: Ընդունված կարծրատիպ կա, որ, եթե գեղեցիկ ես, ուրեմն հիմար ես: Եվ նման ոճի այնքան շատ կարծիքներ, որքան որ թույլ կտա Ձեր երևակայությունը: Չեմ ուզում շատ «խորանալ» այս հարցի մեջ: Անձամբ ես հիանում եմ գեղեցիկի, խելացի և հաջողակ մարդկանցով: Եվ միշտ ձգտում եմ շփվել նրանց հետ, սովորել նրանցից… Այլ ոչ թե լուռ նախանձից պայթում եմ, ինչպես անում են շատերը:
– Երբ գեղեցիկ կանանց հարցնում ես արտաքին գեղեցկության մասին, նրանք բոլորը գրեթե միաբերան շեշտում են, որ արտաքին գեղեցկությունն իրենց համար նշանակություն չունի, կարևորը ներքին գեղեցկությունն է, մարդ տեսակը, և այլն… Տպավորություն է, թե արդարանում են իրենց արտաքին բնատուր գեղեցկության համար: Սակայն ո՞վ, եթե ոչ՝ գեղեցիկ կինը, գիտի իր արտաքին գեղեցկությունը ճիշտ «կիրառելու» բոլոր գաղտնիքները:
– Չեմ կարծում, թե մարդու գլխավոր արժանիքը պետք է համարվի միայն Աստծո կողմից ի վերուստ տրված արտաքին գեղեցկությունը: Ի դեպ, ես գիտեմ, որ ոչ բոլորի համար եմ գեղեցիկ: Երբեմն փողոցով քայլելիս լսում եմ, թե ինչպես են իմ ետևից մեկնաբանում, թե «ձի էր», «շվաբռա էր»… Ի՞նչ արած: Ժպտում եմ և անցնում: Երբ հղի էի, գիրացել էի 30 կգ-ով: Եվ երբ մտնում էի խանութ, ինձ անմիջապես շեմից զգուշացնում էին, որ իմ չափսերի հագուստ ուղղակի չի լինում: Չնայած, որ կշռում էի 90 կգ: Դպրոցում այնքան նիհար էի, որ ինձ «լուցկու չոփ» էին անվանում: Բայց ես չեմ չարացել մարդկանց նմանօրինակ վերաբերմունքից, քանի որ գիտեի, որ լինեմ գեր թե նիհար, գեղեցիկ թե բշտիկավոր, իմ հոգու բարությունն այնպես կանի, որ ես միշտ կժպտամ և կյանքին դրական հայացքով կնայեմ: