
Իրաքում խոլերայով հիվանդների թիվն ավելանում է. ՄԱԿ

Իրաքում ավելի քան 2200 մարդ վարակվել է խոլերայով, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտնում է, որ Իրաքում ձեռնարկվում են շտապ միջոցառումներ՝ պաշտպանելու համայնքներն ու ընտանիքները խոլերայի բռնկումից, որով վարակվել է ավելի քան 2200 մարդ ողջ երկրում: Վերջին տվյալների համաձայն՝ նրանց գրեթե 20%-ը երեխաներ են:
Գործակալությունն անհանգստացած է, որ հիվանդությունը կարող է ավելի շատ տարածվել վերջերս տեղացած հորդառատ անձրևների ու անվտանգության բացակայության պատճառով առաջացած խնդիրների պատճառով»,- ասել է նա:
Վարակվածների թիվն ավելանում է աստիճանաբար:
Հոկտեմբերի 20-ի դրությամբ հիվանդությամբ վարակված մարդկանց թիվը 1800 էր: Համաճարակի օջախները գտնվում են Բաղդադի շրջանում ու Բաբիլ նահանգում: Շոգի ու կեղտոտ ջրի օգտագործման պատճառով հիվանդությունը արագորեն տարածվում է: