Ուոլթերի հակահայ զեկույցը` ամբողջությամբ. պահանջում են ազատել Ղարաբաղը (բանաձև)

ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովը նախօրեին Փարիզում ընդունեց ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը: Ստորեւ ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ:

Բանաձեւի նախագիծ 

1. Խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է եւ դատապարտում է 2014 թվականի ամռանից շարունակվող բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի այլ տարածքների եւ Ադրբեջանի մնացյալ տարածքների միջեւ առկա շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա միջազգային սահմանի երկայնքով:

2. Վեհաժողովը խստորեն դատապարտում է շփման գծի մոտ գտնվող քաղաքացիական բնակավայրերի կանխամտածված թիրախավորումը եւ կողմերին հիշեցնում է Ժնեւյան կոնվենցիաներով ստանձնած իրենց պարտավորությունները՝ պաշտպանել անզեն մարդկանց ապահովությունն ու անվտանգությունը: Վեհաժողովը, մասնավորապես, անհանգստացած է հրադադարի ռեժիմի խախտումների վերջին շրջանի աճով եւ ծանր զինատեսակների, այդ թվում՝ ականանետների եւ հրետանու կիրառման մասին հաղորդումներից: Վեհաժողովը մտավախություն ունի, որ շփման գծում գտնվող գյուղերի բնակիչների անվտանգության իրավիճակը եւ կենցաղային պայմանները շարունակում են վատթարանալ, այնքան, որ փախստականները եւ ներքին տեղահանված անձինք (ՆՏԱ) այժմ կասկածի տակ են առնում լուծում առաջարկելու միջազգային հաստատությունների հանձնառությունը:

3. Վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուսանցքում է հայտնվել այլ խոշոր միջազգային ճգնաժամերի պատճառով, եւ որ դրա զոհերի ամենօրյա տառապանքը աննկատ է մնացել մարդկային այլ ողբերգությունների կողքին: Վեհաժողովը կարծում է, որ հետագա ձգձգումը միայն բարդացնում է այս «սառեցված» հակամարտության կարգավորումը, որը 2014 թվականի սկզբից ի վեր խլել է ավելի  քան հարյուր մարդու կյանք, եւ որը կարող է վերածվել իրական պատերազմի Եվրոպայի խորհրդի երկու անդամ պետությունների միջեւ: Բացի այդ, Վեհաժողովը նշում է, որ վաղ 1990-ականներից սկիզբ առած զինված ընդհարումներից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ թշնամանքի հիմնական աղբյուրը եւ անկայունություն առաջացրել Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում:

4. Վեհաժողովը հիշեցնում է 2005թ. հունվարին ընդունված իր Թիվ 1416 (2005թ.) Բանաձեւը եւ Թիվ 1690 (2005թ.) Հանձնարարականը՝ ԵԱՀԿ Մինսկի համաժողովի հոգածության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, եւ ափսոսում է, որ ռազմական գործողությունների սկզբից ավելի քան քսան տարի անց ադրբեջանական տարածքները շարունակում են մնալ գրավյալ: Գրեթե մեկ միլիոն մարդ դեռեւս մնում է տեղահանված եւ անորոշ ապագային առճակատված: Վեհաժողովը ափսոսում է, որ Ադրբեջանի տարածքի զգալի հատվածները դեռեւս գրավված են հայկական ուժերի կողմից, եւ Լեռնային Ղարաբաղի շրջանը գտնվում է անջատողական ուժերի վերահսկողության ներքո: Այս առումով Վեհաժողովը մատնանշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, որն առկա է Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի 2015թ. վճռի մեջ, ըստ որի՝ Հայաստանը «իրականացրել է արդյունավետ վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ»:

5. Վեհաժողովը ափսոսում է, որ ԵԱՀԿ Մինսկի համաժողովի հոգածության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Թիվ 1416 (2005թ.) Բանաձեւի իրականացման նպատակով 2005թ. Վեհաժողովի բյուրոյի կողմից ստեղծված Ժամանակավոր հանձնաժողովին չհաջողվեց գրանցել որեւէ առաջընթաց հայկական պատվիրակության անդամների բացակայության պատճառով: Վեհաժողովը կրկնում է իր կոչը՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակություններին՝ օգտագործել այն հարթակը, որ ինքն առաջարկում է կառուցողական երկխոսություն սկսելու եւ միմյանց միջեւ վստահություն հաստատելու համար:

6. Վեհաժողովը վերահաստատում է Թիվ 1416 (2005թ.) բանաձեւում արտահայտած իր մտահոգությունն առ այն, որ ռազմական գործողությունները եւ դրան նախորդած էթնիկ թշնամության լայն տարածում գտած դեպքերը հանգեցրել են լայնամասշտաբ էթնիկ արտաքսման եւ միաէթնիկ տարածքների ստեղծման, ինչը հիշեցնում է էթնիկական զտումների սարսափելի հայեցակարգը: Վեհաժողովը վերահաստատում է, որ Պետությունից որեւէ տարածաշրջանի անկախացմանը եւ անջատմանը կարելի է հասնել միայն օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով՝ հիմնված այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա, եւ ոչ թե զինված հակամարտության արդյունքում, որը հանգեցնում է էթնիկ տեղահանման եւ այլ պետության տարածքի՝ դե ֆակտո անեքսիայի: Վեհաժողովը կրկնում է, որ անդամ պետության կողմից օտարերկրյա տարածքի բռնազավթումը հանդիսանում է այդ պետության, որպես Եվրոպայի խորհրդի անդամի, պարտավորությունների լուրջ խախտում եւ վերահաստատում է հակամարտության տարածքից տեղահանված անձանց՝ ապահով եւ արժանապատիվ կերպով իրենց տները վերադառնալու իրավունքը:

7. Վեհաժողովը վկայակոչում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի Թիվ 822 (1993), 853 (1993), 874 (1993), եւ 884 (1993) Բանաձեւերը եւ կոչ է անում կողմերին հետեւել դրանց, մասնավորապես, զերծ մնալով որեւէ զինված ընդհարումից եւ դուրս բերելով ռազմական ուժերը բոլոր գրավյալ տարածքներից: Վեհաժողովը նաեւ միանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի Թիվ 853 (1993) Բանաձեւում արտահայտված պահանջին եւ, այդպիսով, կոչ է անում բոլոր անդամ պետություններին՝ զերծ մնալ զենքի եւ զինամթերքի մատակարարումից, որը կարող է հանգեցնել հակամարտության խորացմանը կամ տարածքների շարունակական բռնազավթմանը:

8. Վեհաժողովը վկայակոչում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, 2001թ. հունվարին Եվրոպայի խորհրդին միանալիս, պարտավորվել են կիրառել միայն խաղաղ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց հակամարտության կարգավորման համար: Հետեւաբար, Վեհաժողովը կոչ է անում երկու կառավարություններին՝ զերծ մնալ միմյանց դեմ զինված ուժ կիրառելուց, ինչպես նաեւ ռազմական գործողություններ քարոզելուց:

9. Վեհաժողովը հիշեցնում է, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) Նախարարների խորհուրդը 1992թ. մարտին Հելսինկիում որոշեց Մինսկում համաժողով գումարել՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցությունների ֆորում ապահովելու համար: Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, նախկին Չեխոսլովակիայի Դաշնային Հանրապետությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեդիան, Թուրքիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնության եկան մասնակցել այս համաժողովին:

10. Վեհաժողովը հարգանքի տուրք է մատուցում Մինսկի խմբի համանախագահների (Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անխոնջ ջանքերին, հատկապես 1994թ. մայիսին զինադադարի հասնելու համար: Վեհաժողովը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որոնք կազմակերպվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2014թ. ամռանն ու աշնանը: Վեհաժողովը կրկին կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել ԵԱՀԿ Մինսկի գործընթացից եւ Մինսկի խմբի միջոցով ակտիվորեն միմյանց ներկայացնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրենց կառուցողական առաջարկները՝ միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների համաձայն:

11. Այնուամենայնիվ, հաշվի առնելով առաջընթացի բացակայությունը վերջին քսան տարիներին, ինչը վտանգում է միջազգային հաստատությունների վստահելիությունը, Վեհաժողովը կոչ է անում Մինսկի խմբին՝ դիտարկել հակամարտության լուծման իր մոտեցումը վերանայելու հարցը:

12. Վեհաժողովը երախտագիտություն է հայտնում Ադրբեջանի կառավարությանը ավելի քան մեկ միլիոն տեղահանված անձանց եւ փախստականներին ֆինանսական եւ նյութական աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ բնակարանային, կրթական, առողջապահական եւ ֆինանսական այլ միջոցների տրամադրման համար եւ ողջունում է նրանց հանձնառությունը՝ ֆինանսավորելու եւ նպաստելու բոլոր այն տեղահանված անձանց վերաբնակեցման ծրագրին, ովքեր ցանկանում են վերադառնալ այդ շրջանում գտնվող իրենց տները: Վեհաժողովը նաեւ ողջունում է Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ կապեր հաստատելու Լեռնային Ղարաբաղի շրջանի երկու համայնքների քաղաքական ներկայացուցիչների հետ՝ տեղահանված անձանց իրենց ծննդավայրերում վերաբնակեցնելու առնչությամբ:

13. Վեհաժողովը նշում է, որ 600,000 ՆՏԱ-ների տեղահանումը այդ շրջանից նշանակում է, որ ստատուս-քվոն ընդունելի չէ եւ չպետք է դիտարկվի որպես կատարված փաստ՝ ի շահ մեկ կողմի:

14. ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում Վեհաժողովը կոչ է անում.

14.1. անմիջապես դադարեցնել բռնությունները Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի եւ միջազգային սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ դուրս բերել ռազմական տեխնիկան եւ դադարեցնել ռազմական գործունեությունը շրջանի մոտակայքում,

14.2. ապառազմականացնել շփման գիծը երկու կողմերում,

14.3. իրականացնել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված առաջին քայլերը. մասնավորապես, հայկական զինված ուժերի եւ մյուս անկանոն զինված ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, Ադրբեջանի լիակատար ինքնիշխանության հաստատում այդ տարածքներում եւ Մինսկի խմբի լիագումար նիստի հրավիրում՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը՝ ԼՂ անվտանգության ու ներքին ինքնակառավարման երաշխավորությամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով եւ վստահության ամրապնդմանն ուղղված այլ միջոցառումներով, այդ թվում՝ դեպի Նախիջեւան միջանցքի հնարավորությամբ,

14.4. Ռուսաստանի Դաշնությանը՝ ճանաչել միջազգայնորեն համաձայնեցված զենքի էմբարգոն հակամարտության երկու կողմերի համար եւ վստահեցնել, որ Հայաստանին մատակարարած որեւէ զենք չի հայտնվի Լեռնային Ղարաբաղի  անջատողական ուժերի ձեռքում,

14.5. ԵԱՀԿ-ին՝ հիմնել միջազգային խաղաղարար ուժ՝ Լեռնային Ղարաբաղի եւ այլ գրավյալ տարածքների անվտանգությունը պահպանելու եւ տեղահանված անձանց անվտանգ վերադարձը եւ վերաբնակեցումը ապահովելու, ինչպես նաեւ հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ,

14.6. Հայաստանին՝ ամբողջական կերպով համագործակցել հակամարտության ժամանակ անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակման հարցում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ, դրանով իսկ իրականացնելով Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնած առաջարկը:

15. Վեհաժողովը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի չճանաչված «դատարանների» կողմից Դիլգամ Ասգարովի եւ Շահբազ Գուլիեւի անօրինական դատապարտմանը եւ նրանց շարունակական ազատազրկմանն ուղղակիորեն ներգրավված բոլոր կողմերին՝ ապահովել նրանց անհապաղ ազատ արձակումը:

16. Վեհաժողովը վերահաստատում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված իր կոչը՝ կազմել Մինսկի խմբի սկզբունքներին համապատասխանող գործողությունների ծրագիր՝ տրամադրելու հատուկ աջակցություն Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ուղղված փոխադարձ հաշտեցման գործընթացներին եւ հաշվի առնել այս բանաձեւը Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող գործողությունների մասին որոշում կայացնելիս:

17. Վեհաժողովը խստորեն դատապարտում է Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության եւ Հայաստանի կառավարության կողմից համագործակցության բացակայությունը այս զեկույցի պատրաստման գործում: Վեհաժողովը համարում է, որ նման պահվածքը խախտում է Հայաստանի, որպես Եվրոպայի խորհրդի անդամի, ստանձնած պարտավորությունները եւ որոշում է դիտարկել, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել այս առնչությամբ եւ վստահ լինել, որ իր զեկուցողների համար ապագայում խոչընդոտներ չեն ստեղծվի իրենց մանդատներով նախատեսված պարտավորություններին հետեւելու համար:

18. Վեհաժողովը որոշում է շարունակել կանոնավոր կերպով հետամուտ լինել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում այս հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացին, բռնությունների դադարեցմանը շրջանում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգմանը:

թարգմանությունը՝ Աշխեն Մուշեղյանի
«Հայկական Ժամանակ»

Տեսանյութեր

Լրահոս