Ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Հայաստան կբերվեն հատուկ չվերթով նոյեմբերի 5-ին
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի
ունեցած Մոսկվա-Երևան չվերթի ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները
Երևան կտեղափոխվեն վաղը՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:
Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից նախատեսված է նոյեմբերի 5-ին՝
տեղական ժամանակով ժամը 17.00-ին: Ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց»
օդանավակայանում նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 20.00-ի
սահմաններում:
Զոհերի աճյունները դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային
համալիրից (CARGO), մուտքը՝ Թաիրով գյուղի կողմից: Աճյունների տեղափոխումը
կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից, իրենց տրամադրած
մեքենաներով:
Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման
սրահից:
Ինչպես արդեն հայտնել ենք, ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն
վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս
մեկնել: Երևան տեղափոխվող վիրավորների անունները կհրապարակենք վաղը՝
նոյեմբերի 5-ին։
Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում
գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի
այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել
Հայաստան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն