«Եթե պետք լինի՝ որոշակի հարցերում ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ միասնական հանդես կգանք». ՀՀԿ-ական պատգամավոր

«Հանրապետական կուսակցությունն արդեն ձևավորել է իր քարոզչության շտաբը, որ ղեկավարում է հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դրանով օրենսդրության ոչ մի դրույթ մենք չենք խախտել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչության մասին:

Ըստ նրա՝ առաջիկայում «Այո»-ի ճակատում գտնվող բոլոր քաղաքացիները կլծվեն քարոզչական գործընթացին, և այդ գործընթացն ավելի ակտիվ փուլ կմտնի:

Նա նկատեց, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն նույնպես «այո»-ի քարոզչական շտաբներ են ստեղծել. «Մենք համագործակցում ենք տարբեր հարցերով այդ երկու քաղաքական ուժերի հետ, ու եթե պետք լինի, որոշակի հարցերում միասնական հանդես գանք, մենք դեմ չենք, իրենք էլ դեմ չեն»:

Հարցին՝ այդ դեպքում՝ ինչո՞ւ եք առանձին քարոզչություն տանում, Գ. Մելիքյանը պատասխանեց, որ որևէ խնդիր դրված չէ, որ առանձին քարոզչություն իրականացվի, դա քաղաքական ուժերի որոշում է, բայց ըստ նրա՝ եթե պետք է լինի, որոշակի հարցերում իրենք պատրաստ են համագործակցության:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանն օրերս հայտարարեց, որ ոչ թե իրենք են միացել իշխանությանը, այլ իշխանությունն է միացել ՀՅԴ-ին սահմանադրական բարեփոխումների հարցով, Գ. Մելիքյանն այսպես արձագանքեց. «Ես կասեմ, որ ՀՅԴ-ն շատ վաղուց ուզում է հանրապետությունում տեսնել խորհրդարանական համակարգը ու շատ լուրջ աշխատանք այդ ուղղությամբ տարել է, ու ՀՀԿ-ն էլ այս վերջին տարիների ընթացքում եկել է այն եզրակացության, որ խորհրդարանական համակարգն ավելի մեծ առավելություններ ունի ժողովրդավարության տեսանկյունից»:

Հարցին՝ հանրաքվեին մարդկանց մասնակցությունն ինչպե՞ս կլինի, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ կարծում է՝ լավ բացատրական աշխատանք իրականացնելու դեպքում կլինի լավ մասնակցություն:

Հարցին էլ, թե ի՞նչ կանի ՀՀԿ-ն, եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծը չանցնի, արդյոք չի՞ զարմանա, Գ. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Վաղուց հանրապետականները ոչ մի բանի համար չեն զարմանում, ու չեմ կարծում, որ զարմանալու առիթ կունենան»:

Տեսանյութեր

Լրահոս