
Դերասան Ռոբին Ուիլյամսի մահվան պատճառ է դարձել ձեռքբերովի տկարամտությունը

2014թ. օգոստոսին ինքնասպանություն կատարած հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսի այրին People ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ պատճառը, որի համար իր ամուսինը որոշեց հեռանալ կյանքից, եղել է ձեռքբերովի ծերունական տկարամտությունը՝ դեմենցիան:
Ավելի վաղ համարվում էր, որ հոլիվուդյան աստղը տառապել է խորը դեպրեսիայից, սակայն, ըստ դերասանի կնոջ, դա խնդիրներից ընդամենը մեկն է եղել, ընդ որում, ամենևին էլ ոչ զգալին:
«Դեպրեսիան չի սպանել նրան: Դեպրեսիան, այսպես ասեմ, 50 ախտանշաններից միայն մեկն էր ու շատ փոքր խնդիր»,- ասել է Սյուզան Ուիլյամսը ամուսնու մահից հետո առաջին անգամ տված հարցազրույցում:
Հիվանդությունն սկսվել էր Ռոբինի կյանքի վերջին տարում: Դրա հետևանքով դերասանը սկսել էր տառապել հալյուցինացիաներից, կոորդինացիայի կորստից, նրան մշտապես պարուրում էր անհանգստության զգացումը:
«Ռոբինը գիտեր, որ խելագարվում է ու ոչինչ չէր կարողանում դրա հետ անել»,-պատմել է կինը: