«Առաջարկել ենք, որպեսզի ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով կարողանան Հայաստան այցելել». Հովիկ Աբրահամյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի պաշտոնական բացմանը: Համաժողովն անցկացվում է «Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրի ներքո:

Մինչ աշխատանքներն սկսելը համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 31-ին Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի և նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի պատճառով զոհվածների հիշատակին:

Forum6

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՀՀ նախագահի ուղերձն ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՌԴ նախագահի ուղերձը՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ապա ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Ողջունելով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Համաժողովի պարբերական անցկացումն արդեն լավ ավանդույթ է դարձել: Տարածաշրջանների ղեկավարներին, գործարար աշխարհի, հասարակական, գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին համախմբող այս ֆորումը դարձել է արդյունավետ հարթակ մեր երկրների դաշնակցային փոխգործակցության միջտարածաշրջանային մակարդակով հարցերի ամենալայն շրջանակի բաց քննարկումների համար:

Forum1 Forum2 Forum3

Կցանկանայի ընդգծել, որ այս միջոցառումները ոչ թե ֆորմալ, այլ գործնական բնույթ են կրում: Միջտարածաշրջանային կապերի ամրապնդումը նպաստում է գործնական հարցերի լուծմանը, խթանում ներդրումների ներգրավումը և նորարարությունների աճը: Կարող ենք փաստել, որ մեր համագործակցությունն այս ձևաչափով կայացել է:

Արդիական է նաև համաժողովի առանցքային թեմայի ընտրությունը՝ «Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ»: Տնտեսական միությունը բազմապատկեց մեր երկրների ընդհանուր ներուժը, և նրա աշխատանքը հնարավորություն է տալիս վերացնել շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության համար: Գրեթե մեկ տարի գործող Եվրասիական տնտեսական միությունն իրեն դրսևորել է որպես խոստումնալից ինտեգրացիոն միավորում, որն ունի աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման մեծ ներուժ: Մեր ինտեգրացիոն կառույցներն անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում առևտրատնտեսական կապերի հետագա ակտիվացման և ամրապնդման համար, բայց մենք ևս պետք է խթանենք ոչ միայն շրջանակային համաձայնագրերը, այլև կոնկրետ նախաձեռնությունները:

Forum5 Forum7 Forum8 Forum9 Forum10

Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ ուշադրություն է դարձնում միջտարածաշրջանային կապերի զարգացմանը, հատկապես փոքր ու միջին տնտեսվարող սուբյեկտների միջև շփումների հաստատմանը: Այսօր մեր առջև ծառացել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ազգային տնտեսությունների արդիականացումն ու մրցունակության բարձրացումը, մարդկանց կյանքի որակի բարելավումը: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային մակարդակով արդյունաբերական գործակցության և առևտրի ակտիվացումը, ինչպես նաև կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության զարգացման ոլորտներում կապերի ընդլայնումը հետագայում նույնպես կնպաստեն մեր պետությունների ռազմավարական գործընկերության ամրապնդմանը:

Այս տարի ավելացել է գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Ռուսաստան, ինչը վկայում է ռուսաստանյան շուկայում մեր արտադրանքի պահանջված լինելու մասին: Այս միտումը պահպանելու համար պետք է ամեն կերպ զարգացնենք լոգիստիկան և փոխադարձ ներդրումները, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծենք բիզնեսի համար: Հենց այդ նպատակով էլ հանդես եկանք ԱԱՀ վերադարձման պարզեցված մեխանիզմների ներդրման նախաձեռնությամբ:

Համաժողովի օրակարգում հատուկ ուշադրության է արժանացել նաև էներգետիկ համագործակցությունը: Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և զարգացնել այլընտրանքային աղբյուրները, ինչպես նաև մտածել ազգային փոխարժեքով էներգետիկ ռեսուրսների առևտրի շուրջ, ինչն զգալիորեն կնվազեցնի անկայունությունը մեր երկրների ներքին շուկաներում:

Համաժողովը պատշաճ ուշադրություն է դարձնում նաև հումանիտար ոլորտում համագործակցությանը, որը հատկապես կարևոր է մեր եղբայրական երկրների համար: Կարծում ենք, որ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում բավական բարձր է շարունակում մնալ զբոսաշրջության ոլորտում չիրացված ներուժի մասնաբաժինը: Այդ նպատակով մենք արդեն հանդես ենք եկել առաջարկությամբ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները ներքին անձնագրերով կարողանան Հայաստան այցելել:

Ավարտելով խոսքս՝ մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք, իսկ տարածաշրջաններին՝ հետագա հաջողություններ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների: Վստահ եմ՝ ինչպես և նախորդ համաժողովները, այս համաժողովը ևս կոնկրետ արդյունքներ կարձանագրի ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների»:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանի և Վալենտինա Մատվիենկոյի ներկայությամբ ստորագրվել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Արխանգելսկի նահանգի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության 2012 թ. համաձայնագրի իրագործման 2015-2017 թթ. միջոցառումների ծրագիրը, «Զարգացման միջպետական կորպորացիա» ԲԲԸ և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև համատեղ գործունեության համաձայնագիրը, ՀՀ և ՌԴ բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ձևավորման մտադրությունների մասին հուշագիրը և «Մոսկվորեցկի Առևտրի տուն» ՍՊԸ և «Հայաստանի ջերմոցային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ միջև համագործակցության մասին հուշագիրը:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովն անցկացվում է 2011 թվականից ՀՀ և ՌԴ նախագահների աշխատակազմերի աջակցությամբ՝ հնարավորություն տալով որակական նոր մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերությունների միջտարածաշրջանային ձևաչափը: Ֆորումի նպատակն է՝ քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, նպաստել ՀՀ մարզերի և ՌԴ տարածաշրջանների միջև համագործակցության ներուժի բացահայտմանը և նոր կապերի հաստատմանը: Միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են ՀՀ բոլոր մարզերը, ՌԴ ավելի քան 70 դաշնային միավորներ: Նախկին համաժողովներից հետո կապեր են հաստատվել ՀՀ Վայոց ձորի մարզի ու ՌԴ Արխանգելսկի նահանգի, ՀՀ Լոռու մարզի ու «Հարավկոսվկասյան երկաթուղի» ընկերության միջև, քննարկվում են ՀՀ Սյունիքի մարզի և ՌԴ Վոլգոգրադի նահանգի, ՀՀ Արարատի մարզի և ՌԴ Ռոստովի նահանգի միջև համագործակցության հնարավորությունները: Համաժողովին մասնակցում են պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Տեսանյութեր

Լրահոս