«Ռուսական օդանավի կործանման պատճառը եղել է անսարքությունը». Դմիտրի Ադբաշյան
Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական А-320-ը սկսել է քանդվել օդում և հետո վայր է ընկել: Այս կարծիքին է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օդանավի կործանման վերաբերյալ իր ունեցած վարկածներից՝ ասաց, որ դրա պատճառը եղել է օդանավի անսարքությունը:
«Միանգամից նշեմ, որ բոլոր մասնագետները գալիս են այն եզրակացության, որ օդանավը հենց օդում սկսել է քանդվել, հնարավոր է՝ պայթյուն է եղել, վառելանյութը թևերի մեջ պայթել է: Ես առաջին օրվանից հասկացա, որ օդանավը հենց օդում քանդվել է, որովհետև օդանավի մասերը գետնի վրա տարածված են՝ 15-20 կիլոմետրի վրա: Դա նշանակում է, որ օդանավը մի տեղ չի ընկել-քանդվել»,- նշեց Դ. Ադբաշյանը:
Ըստ նրա՝ դրա հետևանքով հնարավոր է՝ օդանավի մեջ օդի ճնշումը նորմայից իջել է, որը հանգեցրել է նրան, որ մարդկանց ինքազգացողությունը վատացել է, հնարավոր է՝ արյունահոսություններ են եղել ականջներից, ու դրա հետևանքով էլ օդաչուներն ի վիճակի չէին ինֆորմացիա տալ դիսպետչերներին:
Դ. Ադբաշյանը բացառեց արտաքին գործոնների ազդեցությունն օդանավի կործանման մեջ, քանի որ «դրա համար պետք են ապացույցներ, որոնք չկան»: