Էրդողանի հաղթանակը գուցե դրականորեն անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա

Ընդամենը 5 ամիս առաջ` հունիսի 7-ին, Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակ-պարտությունից հետո նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վճռորոշ մեծամասնություն ստացավ խորհրդարանում, չնայած սոցիոլոգիական հարցումների համաձայն` ԱԶԿ-ն պետք է ստանար ձայների միայն 40%-ը, ինչը կրկին ենթադրելու էր կոալիցիոն կառավարության ձևավորում։

Սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կուսակցությունը ստացավ ձայների 49.4%-ը, որը նշանակում է, որ կուսակցությունը կստանա խորհրդարանի 550 պատգամավորական տեղերից 315-ը` կարիք չունենալով ձևավորել կոալիցիա, ինչը նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամի առարկա դարձավ։ Երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականի վերածելու` Էրդողանի ցանկության իրականացման համար նրան խորհրդարանում անհրաժեշտ է 367 տեղ, սակայն, ըստ թուրքական մամուլի, 330 տեղն էլ բավարար կլինի, որպեսզի իշխող կուսակցությունը «կազմակերպի» հանրաքվեի հարցը, ինչն արևմտյան մամուլում բավականին անհանգստացնող փաստ է դիտարկվում` հաշվի առնելով Էրդողանի ավտորիտար հավակնությունները։

Թուրքիայում անցկացված վերջին ընտրություններն անակնկալի են բերել փորձագիտական հանրությանն ու միջազգային մամուլին, որոնք փաստում են, որ չնայած բավական լարված նախընտրական շրջանին, որը լի էր բռնաճնշումներով խոսքի ազատության և քաղաքական գործունեության ոլորտում, քվեարկության օրն անցավ հանգիստ մթնոլորտում, և Դավութօղլուի կուսակցությանը նույնիսկ կես քայլ էր մնացել սահմանադրական մեծամասնության հասնելու համար, սակայն այդ ցանկությունն այդպես էլ երազանք մնաց։

Սակայն ուշագրավն այն է, որ Էրդողանի ծրագրերը շատ ավելի լավ արդյունքներ տվեցին, քան փորձագետներն էին սպասում։ Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 13% ձայներ ստացած քրդամետ Ժողովրդավարական կուսակցությունն առաջին անգամ հաղթահարեց խորհրդարան մուտք գործելու շեմը, ինչն արտահայտեց Էրդողանի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, որն էլ Էրդողանի համար ապտակ դարձավ։ Հուլիսի 20-ին Սուռուչ քաղաքում` Սիրիայի սահմանին, ահաբեկչություն գրանցվեց, մահացավ 32 մարդ։ Ահաբեկչությունն իրականացրեց «Իսլամական պետությունը», սակայն «Քրդական աշխատավորական կուսակցության» ներկայացուցիչները պատասխանատվությունը դրեցին Թուրքիայի իշխանությունների վրա` նրանց մեղադրելով ԻՊ-ին աջակցելու մեջ և իշխանությունների հետ երկամյա հրադադարը վերացնելու մասին ազդարարելով։

Քրդերը թուրքական ուժայիններին պատերազմ հայտարարեցին երկրի արևելքում։ Ու թեև Էրդողանը համարձակ խաղ սկսեց, նրա հաշվարկները ճիշտ դուրս եկան, քանի որ քրդամետ Ժողովրդավարական կուսակցությունն այս անգամ հազիվ հաղթահարեց 10%-անոց շեմը։ Նույն այդ քաղաքականության շնորհիվ Էրդողանը ձայներ «գողացավ» նաև աջ-արմատական Ազգայնական շարժում կուսակցությունից։

Hyurieti xmbagir Serkan«168 Ժամի» հետ զրույցում թուրքական «Հյուրիեթ» ընդդիմադիր թերթի և թուրքական հեղինակավոր անգլալեզու կայքի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Սերկան Դեմիրթաշը նշեց, որ նախագահ Էրդողանի և ԱԶԿ հաջողությունը պայմանավորված է հենց այն փաստով, որ ընտրություններն անցկացվեցին չափազանց արտակարգ անվտանգության և քաղաքական պայմանների առկայության ներքո։ Նրա խոսքով` բռնության ալիքը, որն աննախադեպ արյունահեղության պատճառ դարձավ արևելյան և հարավարևելյան Անատոլիայում, ինչպես նաև բազմամարդ քաղաքներն «աշխատեցին» ԱԶԿ-ի օգտին, որը խոստացել է պայքարել ամեն տեսակի ահաբեկչության դեմ։

«Ընտրություններն անցկացվեցին մի շրջանում, երբ «Իսլամական պետությունը» Թուրքիայում երկու ինքնակործանիչ պայթյուն կազմակերպեց, որը վախի մթնոլորտ սերմանեց թուրք ժողովրդի շրջանում։ Հավասարապես կարևոր է նաև այն փաստը, որ թուրքական հանրությունն այդքան էլ չի սիրում անկայունությունը և նախընտրում է տեսնել կայուն և ուժեղ առաջնորդներ կառավարությունում։ Այս հնգամսյա փուլն այնքան շատ անկայունությունների ականատեսը դարձրեց տարբեր ոլորտներում, ինչպիսին անվտանգությունն է և տնտեսությունը, որը հանգեցրեց այն մարդկանց որոշման փոփոխությանը, որոնք քվեարկել էին հունիսին ոչ ԱԶԿ-ի օգտին։ Ընդդիմադիր կուսակցությունների ոչ տեղին քաղաքականությունը ևս ազդեցություն ունեցավ արդյունքների վրա և ավելացրեց ԱԶԿ-ի ձայները»,- նշեց թուրք խմբագիրը։ Վերջինս անդրադարձավ նաև մտավախություններին, որ ընտրություններից հետո Թուրքիան կթևակոխի ավտորիտարիզմի շրջան։ Նրա կարծիքով` Թուրքիայի ցածր ցուցանիշները խոսքի, հավաքների և այլ հիմնարար ժողովրդավարական իրավունքների ազատության ոլորտում ակնհայտորեն անհանգստության առարկա են։

Սակայն, ըստ Դեմիրթաշի, կասկած չկա, որ Էրդողանը կվայելի հանգիստ նախագահական շրջան Դավութօղլուի կառավարության հետ մինչ 2019թ.։ «Նրանց առաջնահերթություններից մեկը կլինի սահմանադրությունը փոխելն ու նախագահական կառավարման համակարգ ընդունելը, որով Էրդողանին ավելի շատ գործադիր իշխանություն կտրվի։ Այնուամենայնիվ, դեռ շատ վաղ է այս մասին խոսելը, քանի որ նրանք ամենաքիչը ևս 13 պատգամավորի աջակցության կարիք են ունենալու այլ կուսակցություններից իրենց սահմանադրական փոփոխությունների համար (Սահմանադրության համար, սահմանադրական փոփոխություն հնարավոր է միայն 367 պատգամավորի աջակցության դեպքում։

Բայց եթե կուսակցությունը կարողանա ստանալ 330 օրենսդիրի աջակցություն, ապա կարող է բարեփոխումը հասցնել մինչև հանրաքվեի)։ Անորոշությունն այս հարցում այն է, թե իրականում ԱԶԿ-ի առաջարկած նախագահական համակարգն ինչպիսի տեսք է ունենալու։ Էրդողանը ոգևորված չէ հաշվետվողական մեխանիզմների առկայությունից։ Եթե նոր մոդելն ունենա ավելի թույլ նման մեխանիզմներ, ապա կարելի է դա որակել` որպես ավտորիտարիզմի մեկ այլ տարբերակ։ Բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց թուրք վերլուծաբանը։

Իր հերթին` Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հինգ ամիսների ընթացքում հասարակությունը հնարավորություն ունեցավ այդ ընթացքում ստեղծված մոտավոր համայնապատկերի ֆոնին կողմնորոշվելու և ևս մեկ անգամ հասկանալու, թե իսկապես ձգտածը և ցանկացածն ինչ է։ «ԱԶԿ ղեկավարության բարձր արհեստավարժությունը հասարակության զարկերակը զգաց, և արդյունքում` ստեղծվեց մի քաղաքական համայնապատկեր, որտեղ այդ կուսակցությունը միանշանակ առաջատար դարձավ»,- ասաց Գոչունյանը։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` նա ասաց, որ էական փոփոխություններ դժվար է սպասել։ «Թուրքիան շատ բարդ և ապագայում անկայուն տարածաշրջանում է` հրով և սրով շրջապատված, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները բացասական ազդեցություն են ունենում երկրի վրա, Թուրքիայի տարաձայնություններն իր արևմտյան դաշնակիցների հետ որոշ չափով պայմանավորված էին այդ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։

Հետևաբար` իշխանությունը հնարավորություն կունենա ամուր ժողովրդական հենարաններով գործելու և ավելի վճռական, արմատական տրամադրություններով առաջնորդվելու այս արտաքին քաղաքական հրատապ խնդիրների կապակցությամբ։ Նայած` ինչպիսին կլինի տարածաշրջանի իրավիճակը, Թուրքիան պետք է ջանա դրական մասնակցություն բերել` միևնույն ժամանակ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելով»,- նման տեսակետ հայտնեց Թուրքիայում բնակվող հայ խմբագիրը։ Սակայն Սերկան Դեմիրթաշը կարծում է, որ որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ կլինեն։

Ավելին, նրա խոսքով, երկու ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջանում երկու կարևոր արտաքին քաղաքական փոփոխություն տեղի ունեցավ։ «Մեկը` Սիրիայում։ Թուրքիան ցույց տվեց ԻՊ-ի դեմ ակտիվորեն պայքարելու իր պատրաստակամությունն ԱՄՆ-ի հետ հուլիս ամսին կնքված գործարքից հետո։ Ներկայումս ևս Թուրքիան ակտիվորեն մասնակցում է Սիրիական ճգնաժամին վերջ դնելու համար տարբերակ փնտրելու առաջատար երկրների բանակցություններին։

Թուրքիայի դիրքորոշումը Վիեննայում ապացուցեց, որ Թուրքիան գուցե համաձայնի Ասադի ժամանակավոր կառավարմանը։ Այնուամենայնիվ, մենք այս նոր շրջանում կտեսնենք ավելի ակտիվ շփումներ ԵՄ-ի հետ։ Ներգաղթյալների ճգնաժամի վերաբերյալ ԵՄ-ի հետ կնքված գործարքն Անկարայի և Բրյուսելի միջև երկխոսության նոր էջ է բացել։ Էրդողանն այդքան էլ երջանիկ չէ միջազգային համայնքի առջև նսեմացած իր իմիջի համար, և նա կօգտագործի բոլոր միջոցները դա փոխելու համար։ Կարծում եմ, որ առաջին փորձերից մեկը կլինի նոյեմբերի կեսերին Թուրքիայում կայանալիք G20-ի (Մեծ Քսանյակ) գագաթաժողովի ժամանակ»,- ասաց նա` եզրափակելով, որ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն Արևմուտքի հետ կունենա դրական ազդեցություն Հայաստանի հետ կապերի վրա, բայց սահմանների բացման և դիվանագիտական հարաբերություններ սկսելու հարցը դեռևս մեծապես կախված է ԼՂ հակամարտությունից։

Տեսանյութեր

Լրահոս