Ծառուկյանի ընկերություններում առանձնակի մեծ չափերի խախտումեր չեն հայտնաբերվել
ՀՀ ֆինանսների նախարարությունը գրեթե ավարտել է Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ 7 ձեռնարկություններից 6-ում ստուգումներն ավարտել են և առանձնակի մեծ խոշոր չափերի խախտումեր չեն հայտնաբերել: Նա նշեց, որ ստուգումներին մասնակցել են պատկան մարմինների ներկայացուցիչներ, մեծ թվով փորձագետներ, նաև լուրջ թիմ է մասնակցել Գագիկ Ծառուկյանի կողմից, և ընթացքում հաշվապահական հաշվառման, հարկային եկամուտների ճշգրտումներ են տեղի ունեցել հաշվանցումների միջոցով: Գ.Խաչատրյանի խոսքով՝ մնացել է մեկ ձեռնարկություն՝ Արարատի ցեմենտի գործարանն է, որ ավարտեն ստուգումները:
Դիտարկմանը, որ փաստորեն Սերժ Սարգսյանն իրականում ոչ ճիշտ թվեր էր հրապարակում՝ Գ.Խաչատրյանը հակադարձեց, թե Ս.Սարգսյանը չի հայտարարել թվեր, ասել է՝ պետք է ճշտել. «Համապատասխան հանձնարարություն ենք ստացել, ստուգել ենք և էական խախտումենր չենք հայտնաբերել: Եվ ասեմ՝ մենք ստուգումներն անցկացրել ենք բացառապես օրենքի սահմաններում՝ անկախ քաղաքական հանգամանքներից: Ստուգեցինք, տեսանք էական խախտումներ չկան, ի՞նչ եք ուզում»:
Հարցին՝ քաղաքական գործոնը բացառո՞ւմ է, Գ.Խաչատրյանը պատասխանեց՝ միանշանակ. «Քաղաքական գործոնների արդյունքում արձնագրված բոլորս գիտենք ինչ է, բայց ես ձեզ ասեմ, որ վերջին տարիներին դուք չեք տեսնի, որ հարկային մաքսային մարմինները քաղաքական գործընթացների մեջ ունենան այնպիսի դերակատարություն, որը հակասում է օրենքին»: