
«Ադրբեջանի ընտրությունները եղել են ազնիվ ու թափանցիկ». Ռուսաստանի ԿԸՀ-ի նախագահ

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները համարել է դեմոկրատական ու նշել, որ ԵԱԿՀ առաքելության դիտորդների բացակայությունը չի ազդել ընտրությունների արդյունքի վրա, հայտնում է RIA Novosti-ն:
«Ընտրությունները լավ կազմակերպված են եղել, տեղամասերը համապատասխանել են ընդունված չափանիշներին: Դրանք ազնիվ, թափանցիկ ու դեմոկրատական ընտրություններ են եղել, որ անցկացվել են Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»,- հայտարարել է նա լրագրողներին:
Վերջինս նշել է, որ ԵԱՀԿ դիտորդների բացակայությունը չի ազդել ընտրությունների կազմակերպման վրա:
«Ինչպես մենք և սպասում էինք, ԵԱՀԿ առաքելության բացակայությունը չի ազդել ընտրությունների կազմակերպման վրա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում կայացան խորհրդարական ընտրություններ, որտեղ 125 տեղի համար պայքարում էր 15 քաղաքական ուժ ներկայացնող 767 թեկնածու:
Նախնական տեղեկություններով՝ ընտրություններում առաջատար է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, որը նվազագույնը 86 տեղ կստանա Միլի մեջլիսում: