Բաժիններ՝

«Կրթության ոլորտը սոցիալական այն ոլորտներից է, որը միշտ պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում». Արմեն Աշոտյան

2016 թ. պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 131 մլրդ 939.4 մլն դրամ: Անցած տարվա համեմատ ոլորտի ծախսերն աճել են 6 մլրդ 423.5 մլն դրամով կամ 5.1 %-ով:

Գիտության բնագավառի ծախսերը հաջորդ տարվա համար կազմում են շուրջ 14 մլրդ 313.8 մլն դրամ՝ անցած տարվա համեմատ 230.3 մլն դրամով ավելի:

168.am-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս գումարը բավարա՞ր է ոլորտի առաջընթացի համար:

«Կրթության ոլորտը սոցիալական այն ոլորտներից է, որը միշտ պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում: Այդ տեսակետից և ոչ մի երկրում և ոչ մի պետական բյուջեի ֆինանսավորում բավարար չի լինում տվյալ երկրի կրթության ոլորտի բոլոր հիմնախնդիրները ընթացիկ տարում լուծելու համար: Մենք պետական բյուջեում, բացի պահպանման ծախսերից, ունենք նաև զարգացման ծրագրերի համար նախատեսված գումար, հատկապես՝ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով իրականացվելու են լուրջ նախաձեռնություններ, նաև գումար է հատկացված Կրթության գերազանցության ազգային ծրագրի համար՝ որպես զարգացման գումար»,- ասաց Ա.Աշոտյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ կրթական ոլորտում զարգացման մի շարք տարբեր ծրագրեր կան. «Պետք է շեշտել, որ և՛ հանրակրթության, և՛ մասնագիտական բարձրագույն կրթության ոլորտներում ծախս/որակ հարաբերակցությունն այսօր մոտենում է մաքսիմալին, այսինքն՝ կարողանում ենք եղած գումարով ստանալ այդ պահին հնարավոր մաքսիմալին մոտ որակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս